19 05 2021

Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները հանձնարարել են Մուրադովին. «Ժողովուրդ»

Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները հանձնարարել են Մուրադովին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի ուղղություններով ադրբեջանական ներխուժումից հետո մեկնարկած բանակցություններն այսօր կշարունակվեն: Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց, որ բանակցությունների համար ամենալավ ժամանակը հայկական կողմը կորցրել է: «Մենք պետք է հենց առաջին օրն անպայման կա՛մ ձերբակալեինք, կա՛մ գերեվարեինք, կա՛մ ոչնչացնեինք այն անձանց, որոնք համարձակվել են հատել ՀՀ պետական սահմանը: Եթե մենք թույլ ենք տալիս, որ այն անձինք, որոնք հատել են պետական սահմանը, նույն օրը չձերբակալվեն, ապա վտանգում ենք մեր սեփականությունը», – նշեց նա:

Բորիս Ավագյանի խոսքով՝ Դատախազությունը պետք է տա շատ հարցերի պատասխաններ: «Սա պետք է քննել այն քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է Գլխավոր դատախազության կողմից իմ հայտարարությունից հետո, երբ ասացի, որ պետք է հարուցվի քրեական գործ՝ ապօրինի պետական սահմանը հատելու վերաբերյալ», – հավելեց նա:

Դիտարկմանը՝ ինչու են բանակցություններն իրականացվում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ, Բորիս Ավագյանը ընդգծեց. «Ռուստամ Մուրադովը ՌԴ զինվորական օկրուգի հրամանատարի առաջին տեղակալն է: ՌԴ հարավային զինվորական օկրուգը Ռոստովից մինչեւ Սիրիա է, եւ 102-րդ ռազմաբազան էլ է մտնում այդ օկրուգի մեջ: Նա՝ որպես խաղաղապահ ուժերի ղեկավար, գործուղված է եղել վեց ամսով, հիմա նրա գործուղումը երկարացրել են, սակայն նա նաեւ պաշտոն ունի: Քանի որ նրա ղեկավարը եկել էր Հայաստան, բանակցել նախարարի հետ, դրանից հետո Մուրադովին հանձնարարություն էր տրվել այդ հարցով որպես միջնորդ ռուսական կողմը ներկայացնի հենց գեներալ Մուրադովը»:

Հավելենք, որ բանակցությունները կշարունակվեն այսօր»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ