«Երեկ ավարտվեց 2021 թվականի բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական, կենտրոնացված և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը կամ, ավելի ստույգ, այդ գործընթացի առաջին փուլը: Ինչպես հայտնի է, այս տարի դիմորդը կարող է դիմել միայն մեկ մասնագիտության համար (վճարովի և անվճար), իսկ չընդունվելու դեպքում՝ թափուր տեղերի համար:
«Ամենամոդայիկ» մասնագիտությունների առումով այս տարին առանձնապես անակնկալներ չմատուցեց: Ամենամեծ մրցակցությունը լինելու է ԵՊՀ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Միջազգային հարաբերություններ», «Իրավագիտություն», Ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Ծրագրային ճարտարագիտություն», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», Պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ», «Կառավարում», Հերացու անվան բժշկական համալսարանի «Բուժական գործ», «Ստոմատոլոգիա» մասնագիտությունների համար: Մրցակցային է լինելու ընդունելությունը նաև հետևյալ մասնագիտությունների համար. ԵՊՀ՝ «Թյուրքագիտություն», «Լրագրություն», «Հոգեբանություն», «Հանրային կառավարում», «Քաղաքագիտություն», Պետական տնտեսագիտական համալսարան՝ «Տնտեսագիտություն», «Հաշվապահական հաշվառում և հարկում», Ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ «Տեղեկատվական համակարգեր», «Տեղեկատվական անվտանգություն», Բրյուսովի անվան պետական համալսարան՝ «Թարգմանչական գործ՝ անգլերենհայերեն», «Սերվիս», «Միջմշակութային հաղորդակցություն՝ անգլերեն», «Թարգմանչական գործ՝ չիներեն-հայերեն»:
Փոխարենը մի շարք մասնագիտություններում մնացել են բավականին թափուր տեղեր: Նման մասնագիտություններն են. ԵՊՀ՝ «Միջուկային ռեակտորների ֆիզիկա», «Նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ», «Կենսաֆիզիկա և կենսաինֆորմատիկա», «Երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա», «Հնագիտություն և ազգագրություն», «Փիլիսոփայություն», «Աստվածաբանություն», «Կրոնագիտություն», Պետական տնտեսագիտական համալսարան՝ «Զբոսաշրջություն», «Սերվիս», Բրյուսովի անվան պետական համալսարան՝ ռուսաց լեզվի, ինչպես նաև գերմաներենի ու ֆրանսերենի հետ կապված բաժիններ, Պետական կոնսերվատորիա՝ «Երաժշտական արվեստ», «Երաժշտագիտություն», 7-8 մասնագիտություններ՝ Ազգային պոլիտեխնիկական համալսարանում, մի շարք մասնագիտություններ՝ Ագրարային համալսարանում, Հայկական պետական մանկավարժական համալսարանում:
Ի դեպ, վերջին երկու բուհերում կան մի քանի մասնագիտություններ, որոնք ընդհանրապես որևէ դիմորդ չունեն»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը