24 04 2021

Իշխանությունները նույնիսկ ներկայացումներից են սարսափում․ «Փաստ»

Իշխանությունները նույնիսկ ներկայացումներից են սարսափում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Վահրամ Սահակյանը տեղեկացրել էր, որ իր «Անմարդկային կատակերգություն» հայրենասիրական դրամայի ներկայացումները չեղարկելու համար «հանցավոր կերպով զանգահարել և սպառնալով վախեցրել են Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենին»: Պատկան կառույցների կողմից ոչ մի տրամաբանական արձագանք չտրվեց այս հանգամանքին: Սակայն պարզվում է՝ այս իշխանություններն ընդհանրապես սարսափած են արվեստից ու իրենց համար վտանգ են տեսնում նաև այլ ներկայացումներում: Մասնավորաբար, դերասան Հրանտ Թոխատյանը Երևանի պետական կամերային թատրոնում վերականգնում է «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացման ցուցադրությունը:

Երեկ 1or.am կայքը նշել էր, որ, իրենց տեղեկություններով, կամերային թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանին է զանգահարել ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալ յանը և պահանջել հանել ներկայացումը՝ սպառնալով, որ քանզի թատրոնը պետական է, կարող է ֆինանսավորումը կտրել: Փոխնախարարը պնդել է, թե ներկայացման մեջ վիրավորական հատվածներ կան Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ հասցեին: Ի դեպ, զավեշտալին այն է, որ ներկայացումը 1981 թ.-ից թատրոնի բեմում է, և սցենարային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

Այդ ժամանակ, այսինքն՝ նախորդ դարի 80-ականներին, երբ այդ ներկայացումը խաղում էին, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը անչափահասներ էին, և նույնիսկ ամենապայծառատեսները չէին կարող երևակայել, որ նրանք ամուսնանալու են, ապա և դառնան վարչապետ ու վարչապետակին, որպեսզի ներկայացման մեջ նրանց մասին վիրավորական հատվածներ ներառեին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ