«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Բարձրագույն դատական խորհուրդ էր ժամանել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ ԲԴԽ շենքի դիմաց կայանված էր ՊՆ 0001 պետհամարանիշով Toyota Land Cruiser 200 ամենագնացը, որը սպասարկում է նրան։ Մեքենայի մոտ նախարարի անվտանգության աշխատակիցներն էին ու եւս մեկ ուղեկցող ամենագնաց։
Փորձեցինք պարզել, թե գործադիր իշխանության ներկայացուցիչն ինչու է այցելել դատական իշխանության բարձրագույն մարմին, սակայն ԲԴԽ-ից մեզ պատասխանող չեղավ։ Ամենայն հավանականությամբ, Վաղարշակ Հարությունյանը եկել է օրեր առաջ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի պաշտոնն ու աշխատասենյակը «զավթած» եւ իրեն արդեն ԲԴԽ նախագահ զգացող Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպման՝ քննարկելու, ասենք, Օնիկ Գասպարյանին առնչվող վարույթը, որը քննվում է վարչական դատարանում։
Չի բացառվում նաեւ, որ Վ․ Հարությունյանը եկել է ընտրությունների «կազմակերպման» մեծ փորձ ունեցող Ջհանգիրյանի մոտ՝ քննարկելու հունիսի 20-ին բանակի ձայներն իշխանության օգտին գրանցելու հարցերը։ Առաջին դեպքում դա արդարադատությանը միջամտելու հանցակազմ է պարունակում, երկրորդ դեպքում՝ ընտրակեղծարարության»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը