16 04 2021

Իմ որդին միակ գեներալի որդին է, և ես միակ գեներալն եմ, որի որդին այս վերջին պատերազմի ժամանակ վիրավորվել է․ Սեյրան Օհանյան․ «Հրապարակ»

Իմ որդին միակ գեներալի որդին է, և ես միակ գեներալն եմ, որի որդին այս վերջին պատերազմի ժամանակ վիրավորվել է․ Սեյրան Օհանյան․ «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանը նախօրեին խորհրդարանում նաև առանձին դրվագներով էր մեղադրանքներ հնչեցնում այս կամ այն զինվորականի, նախկին պաշտոնյաների ուղղությամբ, թե ում մեղքով են, օրինակ, ձախողել «Լելե Թեփեն» հետ բերելու օպերացիան։

 

Հիշեցնենք․ հրապարակավ մեղադրանքներ են հնչել, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ամեն գնով հետ բերել 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամու գրաված «Լելե Թեփե» բարձունքը, որ ցույց տա՝ Սերժ Սարգսյանը տվեց, բայց ինքը հետ վերցրեց, սակայն օպերացիան ձախողվել է, և տվել ենք 800-ի չափ զոհ։ Փաշինյանն այդ օպերացիայի պատասխանատվությունը բարդեց գեներալների վրա, նաև ուղղակի ակնարկներ արեց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի որդու՝ Արթուր Օհանյանի ուղղությամբ։ 

«Օպերացիան սկսվել է և մի քանի ժամ հաջող իրագործվել է և չի իրագործվել էն պատճառով, որ տանկային միավորումներից մեկն իր անելիքի մի մասը չի արել և նախատեսված ձևով չի մասնակցել օպերացիային։ Հիմա, թե ինչու դա տեղի չի ունեցել, ես չգիտեմ։ Հիմա էդ միավորումը, որի հրամանատարը եղել ա էսօր ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալող գեներալներից մեկի որդին, չի կատարել իր պարտականությունները։ Հիմա ես չգիտեմ, էս խառը ժամանակները կանցնեն, կհետաքննենք, կարող ա 17-ը հենց իրան ա զանգել, ասել ա՝ էդ ի՞նչ ես անում, ըտեղ չի քո թշնամին, Երևանում ա, էդ օպերացիան թարգեք, եկեք կառավարության շենքը գրոհեք։ Կարո՞ղ ա նորահայտ ընդդիմադիր գործիչը ինքն ա զանգել որդուն, իրան էլ զանգել ա իրա քաղաքական հայրը, ասել ա՝ ձեր հակառակորդն էնտեղ չի, տանկերը պտտեք դեպի Երևան։ Կպարզենք»,- դեմագոգիկ ձևով մանիպուլացրեց Նիկոլ Փաշինյանը։

 

Սեյրան Օհանյանը մեզ հետ զրույցում նախ տարակուսանք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն այդ օրը խոսել է ամեն ինչից, բացի կառավարության ծրագրի 2020 թվականի կատարողականից, ինչի համար գնացել էր խորհրդարան։ Ապա նկատեց, որ նա հերթական անգամ արդարանում էր, ԱԺ ամբիոնից հերյուրանքներ տարածում և ոչ ճիշտ ինֆորմացիա հրապարակում, քանի որ, իրականում, չի տիրապետում իրավիճակին։

Անդրադառնալով իրեն և իր որդուն ուղղված ակնարկ-մեղադրանքներին՝ Սեյրան Օհանյանն ասաց․ «Ես ամբողջ կյանքում ծառայել եմ պետությանը, և որ ինձ ասում է՝ նորահայտ ընդդիմադիրը, ընդդիմություն ասելով՝ Փաշինյանն առաջին հերթին պետք է հասկանա իրեն և իր կողմից կառավարվող համակարգը։ Իրենք են ընդդիմություն մեր պետությանը, իրենք են ընդդիմություն մեր բոլոր արժեքներին։ Թող ինքը դրա մասին մտածի։ Իսկ ինչ վերաբերում է իմ որդուն ուղղված ակնարկներին, իմ որդին, ինչպես ես, իր ամբողջ կյանքում ծառայել է Հայաստանի և Արցախի հանրապետություններին։ Ես երբևիցե իրեն չեմ օգնել առաջխաղացման այդ աստիճաններում։

Ինչի հասել է՝ ինքն է հասել։ Եվ ինքը եղել է այդ հայտնի օպերացիայի հրամանատարներից մեկը։ Եվ այստեղ էլ Փաշինյանը ցույց է տալիս, որ իրավիճակին չի տիրապետում։ Նախևառաջ մենք տանկային մի քանի միավորում չունենք, որ ինքն ասում է՝ տանկային միավորումներից մեկը։ Իմ որդին եղել է մոտոհրաձգային միավորման հրամանատար։ Այդ երկու միավորումներն էլ իրենց առջև դրված խնդիրները հիմնականում կատարել են, բայց քանի որ համակողմանի ապահովում և մինչև վերջ ծրագրավորված չի եղել, հանգուցալուծումն այդպիսին է եղել։ Թող պարզեն՝ ինչ է եղել։ Ի դեպ, ես ասեմ, որ իմ որդին վիրավորվել է այդ օպերացիայի ժամանակ, վիրավորվելուց հետո իր կառույցը հիմնականում հասել է այդ խնդրի վերջնական կետին՝ իր ստորաբաժանումներով։ Թե որքան չեն հասել, ինչ կորուստ ենք ունեցել, թող իրենք քննեն և պարզեն»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Նա նաև հիշեցրեց, որ մի քանի օր առաջ ինքն իր մի քանի գործընկեր գեներալների մոտ հետևյալ արտահայտությունն է արել, որը կրկնեց նաև մեզ հետ զրույցում․ «Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր գործընկեր գեներալներից, ևս մեկ անգամ և բազմակի անգամ եմ ներողություն խնդրում։ Թող բոլորի զավակները լինեն առողջ և անվտանգ, թող ոչ մեկը չզոհվի, չվիրավորվի։ Բայց իմ որդին միակ գեներալի որդին է, և ես միակ գեներալն եմ, որի որդին այս վերջին պատերազմի ժամանակ վիրավորվել է։ Ես հպարտանում եմ իմ որդով, և որևէ մեկը չի կարող շահարկի և վստահ չլինի, որ իմ որդին ծառայել է հայրենիքին և կատարել է բանակի ղեկավարության հրամանները, ու ոչ ոք կողքից՝ ո՛չ 17 պլյուսը, ո՛չ 107 պլյուսը, ո՛չ էլ ես նույնիսկ, որ չեմ ունեցել որևէ պետական կամ ռազմական գործառույթ կամ լծակ, ազդեի իմ որդու՝ իր առջև դրված պետական կամ ռազմական խնդիրն իրականացնելու հարցում»։

Գուցե նաև ձեր՝ գեներալներիդ մեղքը կա, որ ժամանակին չկարողացաք բավարար կամք և վճռականություն ցուցաբերել, որ այսօր Փաշինյանը հնարավորություն չունենար ամբիոնից մատ թափ տալու և ամբողջ մեղքը ձեր վրա բարդելու, նկատեցինք մենք։ «Ասեմ հետևյալը․ երբ խոսում ենք գեներալների մասին, պետք է խոսենք գործող ռազմական գեներալների, հրամանատարների մասին։ Այն մարդիկ, ընդ որում՝ նաև ես, որոնք բանակի կազմում չեն եղել, բացի այս կամ այն հատվածում պահային խորհուրդ տալուց, իրենք ոչ մի կառավարման լծակ չեն ունեցել և ոչ մի գործուն ազդեցություն չէին կարող ունենալ մարտական գործողությունների վրա։

Այնպես որ, երբ որ Փաշինյանը խոսում է գեներալների մասին, որպեսզի մենք կարողանանք պատասխան տալ՝ կոնկրետ ում է վերաբերում, թող ինքը համարձակություն ունենա նախ որպես գերագույն հրամանատար, որպես կառավարության ղեկին գտնվող անձնավորություն՝ տղամարդավարի անուններ տա։ Եթե ինքն անուններ չի տալիս, ապա այդ ամենը վերաբերում է գործող, բանակում գտնվող գեներալներին»,- ասաց նա։

Իսկ ընդդիմադիր գործիչների, Հայրենիքի փրկության շարժման մեջ եղած գեներալները, նախկին նախագահները չունե՞ն իրենց պատասխանատվությունը, որ շարժումը փաստացի ձախողեց իր ծրագրերը, վեց ամիս շարունակ չկարողացան հասնել խնդրի հանգուցալուծմանը, և այսօր Նիկոլ Փաշինյանն արդեն հակահարձակման է անցել ու ամեն ինչում իրենց է մեղադրում։ «Գիտե՞ք, իրենք գործունեություն են ծավալել, որպեսզի այս կառավարությունը հրաժարական տա, բայց, ինչպես տեսաք, էդ հրաժարականը չստացվեց։ Բայց գտնում եմ, որ, այնուամենայնիվ, իրենք իրենց գործի արդյունքի մի մասին հասան, որ արտահերթ ընտրություններ են լինելու։ Իսկ ինչ վերաբերում է այս պատերազմում կրած պարտությանը, ապա պարտություն կրել է պետությունն իր բոլոր կառույցներով, իսկ պետության գործադիր իշխանության ղեկին վարչապետն է։ Եվ ոչ մեկը չի ասում, որ վարչապետը կամ պետությունը միայնակ է պարտվել։ Պարտվել է ամբողջ պետական համակարգը՝ բոլոր կառույցների ղեկավարների ու կառավարության ղեկավարի գլխավորությամբ»,- նշեց Սեյրան Օհանյանը»,-գրում է թերթը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ