02 05 2024

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին

 

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության դեսպաններին, ԵՄ առաքելության ղեկավարին, Հայաստանում ՄԱԿ և Եվրոպայի Խորհուրդի գրասենյակներին նամակ են ուղարկել, որում ասվում է․

«Մենք բարձր ենք գնահատում երկար տարիներ Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած ձեր օգնությունը՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը, խթանելու մարդու իրավունքները և խոսքի ազատությունը, զարգացնելու ժողովրդավարական ինստիտուտները և ժողովրդավարական մշակույթն ու ավանդույթները:

Մենք տեսնում ենք Հայաստանում ժողովրդավարական արժեքների և ազատությունների կտրուկ նահանջ և մեծապես անհանգստացած ենք, որ բազմակողմ և երկկողմ գործընկերների կողմից ներդրած ջանքերն արդյունք չեն տվել։

Իրավապաշտպան մի քանի կազմակերպությունների վերջին զեկույցները հստակ ընդգծում են ոստիկանական բռնությունների աճը, խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքը սահմանափակելու փորձերը, դատական համակարգը վերահսկելը, կալանավորումների համատարած օգտագործումը: Հորինված մեղադրանքներով բազմաթիվ ակտիվիստներ և ընդդիմադիր քաղաքական գործիչներ այժմ գտնվում են բանտերում:       

Սակայն մեզ համար անհասկանալի է դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ։ Աննկատ է մնացել անգամ պատգամավորների իրավունքների ու երաշխիքների ոտնահարումը։

Սույնով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները խնդրում են հանդիպում Ձեզ հետ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում՝ աշխատանքային ձևաչափով քննարկելու հայաստանյան տագնապալի զարգացումները»։

 

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյան

 «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

02․05․2024

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ