06 04 2021

Իշխանության հույսն անգրագետ մարդկանց քվեն է, որոնք դեռ մոլորության մեջ են․ «Հրապարակ»

Իշխանության հույսն անգրագետ մարդկանց քվեն է, որոնք դեռ մոլորության մեջ են․ «Հրապարակ»

«Հասարակությունն իրավունք ուներ ակնկալել, որ պատերազմում պարտված ղեկավարը, եթե ոչ կապիտուլյացիան ստորագրելու օրը, ապա որոշ ժամանակ անց հրաժարական կտար՝ տեղը զիջելով իր թիմից մեկին կամ խորհրդարանի առաջադրած անձին, և երկրում տեղի կունենար իշխանափոխություն։

Հասարակությունը կարող էր հույս ունենալ, որ երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնող անձը կգիտակցեր այդ աթոռի իմաստը և պատասխանատվության տարրական զգացում կունենար ու կհասկանար, որ հրաժարականն աշխարհի վերջը չէ՝ դա քաղաքակիրթ ու պատվախնդիր մարդու քայլ է։ Մարդու, որը ձախողվել է իր պաշտոնում, անգամ եթե տվյալ պահին համարում է, որ իր մեղքն այդ ձախողման մեջ մեծ չէ։

Հասարակությունը կարող էր ակնկալել, որ այս մի ղեկավարը, որը նախորդների համեմատ ավելի երիտասարդ է և հանրային աջակցության շնորհիվ է եկել իշխանության, կառչած չի լինի աթոռից և կգիտակցի, որ ժամանակին հեռանալն ամենակարևոր քայլն է։ Բայց ենթադրենք, որ հանրային սպասումները չափազանցված էին, և դրանք քաղաքակիրթ երկրներին են բնորոշ։ Ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն այնքան են «սիրել» իշխանական հաճույքները, որ հեռանալը նրանց այսօր մահվանը համազոր պատիժ է թվում, և կարծում են, որ անարդար է ընդամենը 3 տարի պաշտոնավարելը, երբ նախկիններն առնվազն 6-10 տարի պաշտոնավարել են։

Բայց չէ՞ որ պետք է կույր լինես՝ չտեսնելու համար, և բացարձակ հիմար՝ չհասկանալու համար, որ երկիրը շարունակում է գահավիժել և քանդված ու ավերված համակարգերն օրեցօր ավելի են քայքայվում։ Հասկանալի է, որ իշխանությունների հույսն անգրագետ մարդկանց քվեն է, որոնք դեռ մոլորության մեջ են և ևս մի քանի տարի կշարունակեն հավատալ իրենց իսկ կերտած կուռքին, բայց մի օր անպայման գալու է նաև քո «2018 թվականի ապրիլի 23-ը»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ