«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Քանի որ արդեն հստակ է, որ հայրենի իշխանությունները հունիսի 20-ին խորհրդարանական ընտրություններին գնում են համամասնական ընտրակարգով, թեժ քննարկում են ընտրացուցակների «թոփ» համարները: Բանն այն է, որ այն անձինք, ովքեր ժամանակին խնդիր չեն ունեցել ցուցակների անցողիկ տեղերում հայտնվելու համար, քանի որ վարկանիշային ընտրակարգով են մասնակցել ընտրություններին, այսօր պետք է լինեն մեկ միասնական ցուցակում ու, ամենակարեւորը, անցողիկ շեմում:
Այսինքն՝ քաղաքական թիմերն այժմ հայտնվել են տհաճ վիճակում: Մենք տեղեկացանք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում արդեն ուրվագծվել է ընտրական ցուցակը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում թեժ քննարկումներ են ընթանում, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունում դեռեւս կուսակցության քառյակն է հայտնի: Ըստ մեր տեղեկությունների՝ ցուցակը գլխավորում է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, երկրորդը լինելու է Տարոն Սիմոնյանը, իսկ երրորդ տեղում՝ Արկադի Խաչատրյանը, ցուցակում առաջին կինը լինելու ԼՀԿ-ական Անի Սամսոնյանը:
Ըստ մեր տեղեկությունների՝ դեռեւս ցուցակը նախնական է, կարող է այն առաջիկայում փոփոխությունների ենթարկվել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից պարզել, թե որքանով են իրական մեր տեղեկությունները։ «Ցուցակ դեռ չունենք, մինչեւ վարչապետի հրաժարականը չլինի, ցուցակ չենք սկսելու գրել»,-հայտարարեց Մարուքյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը