19 03 2021

Ընտրությունները և «հետճշմարտությունը»․ «Առավոտ»

Ընտրությունները և «հետճշմարտությունը»․ «Առավոտ»

«Արտահերթ ընտրությունների ժամկետի վերաբերյալ կարծես թե որոշակի հստակություն է մտել: Սակայն ո՞վ է այդ ընտրություններն անցկացնելու. իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերն իրար կասկածում են կեղծելու մտադրության մեջ, և երկու կողմն էլ դրա համար ունեն լուրջ հիմքեր:

Խոսվում է նաև Ընտրական օրենսգրքի անկատարությունից, և այդ խոսակցությունները նույնպես իմաստ ունեն: Որ նախարարությունները, մարզպետարանները, բոլոր իրավապահներն ու ուժայինները, ինչպես նաև իշխանամերձ օլիգարխիան առաջիկա ընտրություններում աշխատելու են Փաշինյանի և նրա «ցուցակի» օգտին, դրանում ես ոչ մի կասկած չունեմ: Այդ բոլոր կառույցներն այս երեք տարում արդեն հասցրել են իրենց դրսևորել ճիշտ նույն ձևով, ինչպես դրսևորվում էին նախորդ 30 տարիների ընթացքում: Մյուս կողմից՝ ենթադրում եմ, որ ընտրությունները կեղծելու «նախահեղափոխական» մեթոդները՝ ընտրատեղամասերում տուրուդմփոց սարքելը, լցոնելը, թվեր նկարելը և անգամ ընտրակաշառքը լայնորեն չեն կիրառվելու:

Բայց եկեք մտածենք ավելի խորքային խնդրի մասին. 21-րդ դարի երրորդ տասնամյակում, տեղեկատվական հոսքերի այսօրվա առանձնահատկությունները հաշվի առնելով, արդյո՞ք ընտրությունները իշխանություն ձևավորելու նույնքան արդյունավետ մեխանիզմ են, որքան, ասենք, 30-50 տարի առաջ:

Մոտավորապես 5-6 տարի առաջ Արևմուտքում լայն տարածում է գտել  post-truth («հետճշմարտություն») հասկացությունը: Դա մի իրավիճակ է, երբ մարդկանց ներքին համոզմունքները, նրանց էմոցիաներն ավելի կարևոր են, քան փաստերը: Դրան հատկապես նպաստում է այն հանգամանքը, որ ժամանակակից մարդիկ տեղեկատվական «ճնշման» տակ են օրը 24 ժամ: Առաջվա պես չի՝ թերթը կարդացիր, գնացիր գործի, եկար տուն, կես ժամ լուրեր նայեցիր և անցար հանգստի զանազան ձևերի:

Այսօր կայքերն ու սոցցանցերը մեզ «հետապնդում» են միշտ և ամենուր: Այս պայմաններում իսկապես այն վիճակն է, երբ «սուտը հասցնում է անցնել աշխարհի կեսը, երբ ճշմարտությունը նոր է հագնում իր տաբատը» (ասույթը վերագրում են տարբեր մարդկանց՝ Մարկ Տվենից մինչև Ուինսթոն Չերչիլ): Այսօր գիտականորեն ապացուցված է, որ «ֆեյք» լուրը սոցցանցերում շրջանառվում է 6 անգամ ավելի արագ, քան ճիշտ տեղեկությունը:

Օրինակներն ամեն քայլափոխին են: «Բրեքզիթի» քարոզիչները համոզել էին բրիտանացիների մեծ մասին, որ ԵՄ-ում մնալն իրենց երկրի վրա նստում է շաբաթական 350 միլիոն ֆունտ: (Համեմատեք՝ 1988-ին Ազատության հրապարակի հարթակից բազմիցս հնչել է, որ «Նաիրիտն» աշխատեցնելով մենք հարստացնում ենք Մոսկվային»): Չնայած մասնագետները և պատասխանատուները պարբերաբար փաստաթղթեր էին հրապարակում, համաձայն որոնց այդ «350 միլիոնը» հորինված է և իրական թիվն առնվազն 10 անգամ փոքր է, բրիտանացի «Պողոսները» (կամ գուցե տվյալ դեպքում՝ «Փոլերը») հրաժարվում էին հավատալ փորձագետներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ