17 03 2021

Դատախազությունը հաստատեց Թագուհի Թովմասյանին. «Ժողովուրդ»

Դատախազությունը հաստատեց Թագուհի Թովմասյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը երեկ ուշագրավ փաստաթուղթ հրապարակեց Հայաստանի եւ Ինտերպոլի միջազգային քրեական ոստիկանության համագործակցության խայտառակ դրվագի մասին, ինչին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունը օրվա վերջում պարզաբանում տարածեց:

Այդ պարզաբանման շուրջ պատգամավոր Թագուհի Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տվեց իր մեկնաբանությունները:

«Ամենեւին հարկ չհամարելով անդրադառնալ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանի լիրիկական զեղումներին՝ անհրաժեշտություն եմ համարում անդրադառնալ դատախազության հրապարակած մասնագիտական պնդումներին, որոնք անկասկած հիմնազուրկ են: Այսպես, դատախազությունը մեզ «պարզաբանում է», որ միջազգային քրեական ոստիկանության կազմակերպությունը՝ Ինտերպոլը, քրեական արդարադատության ոլորտի պատասխանատու կառույց չէ: Ըստ դատախազության՝ Ինտերպոլը գործի հանգամանքներ, փաստական տվյալներ չի ուսումնասիրում, մեղադրանքի հիմնավորվածության կամ իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալու ոչ միայն իրավասություն չունի, այլեւ չի ստուգում մանրամասները։

Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչպես է որոշում կայացնում Ինտերպոլը, ինչի հիման վրա, եթե ոչ փաստական տվյալների: Հատուկ դատախազության եւ մեր լայն հանրության համար պարզաբանում եմ, որ Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածը սահմանում է. «Կազմակերպությանը խստիվ արգելվում է ձեռնարկել քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասայական բնույթի որեւէ միջամտություն կամ գործողություն»:

Այս հոդվածի հիմնական նպատակը, համաձայն Ինտերպոլի պաշտոնական պարզաբանումների, հետեւյալն է`
ա) Ինտերպոլի՝ որպես միջազգային կազմակերպության անկախության եւ չեզոքության ապահովում,
բ) հանձման մասին միջազգային նորմերին համահունչ լինելը,
գ) անձանց պաշտպանությունը ապօրինի քրեական հետապնդումներից։

Ինտերպոլի կանոնադրության 36-րդ հոդվածի համաձայն՝ Փաստաթղթերի վերահսկման հանձնաժողովն է, որ պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ կազմակերպության կողմից անձին վերաբերող փաստաթղթերի շրջանառությունը համապատասխանի կանոնադրության 3-րդ հոդվածի պահանջներին:

Իսկ երբ ծանոթանում ենք այդ մասնագիտական հանձնաժողովի կանոնակարգի 34-րդ հոդվածին, այն հստակ սահմանում է, որ նախքան որեւէ անձնական տվյալ շրջանառության մեջ դնելը հանձնաժողովը պարտավոր է հոգ տանել, որ այդ տվյալների շրջանառությունը համապատասխանի Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածի պահանջներին:

Իսկ հանձնաժողովի կանոնադրության 34-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ սահմանում է՝ որպեսզի հանձնաժողովը կարողանա համոզվել, որ անձի տվյալների շրջանառումը Ինտերպոլի խողովակներով չի խախտում Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, բոլոր վերաբերելի էլեմենտները պետք է ուսումնասիրվեն, եւ դրանցից առաջինը պետք է ուսումնասիրվի հանցանքի բնույթը, այն է՝ ներկայացված մեղադրանքը եւ դրա հիմքում դրված փաստերը»,- պարզաբանեց անկախ պատգամավորը:

Ահա Ինտերպոլի կանոնադրությունը, գործառույթները եւ առաջադրված մեղադրանքներին հիմնավորվածությունը կասկածի տակ դնելու իրավական ուղիները: Ստացվում է՝ դատախազությունը հաստատեց պատգամավորին, բայց այլ ձեւակերպմամբ:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ