«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախկին նախարար, այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանը, պարզվում է, մինչ նախարարի իր պաշտոնին հրաժեշտ տալը հասցրել է «ՄԻԲՍ» ընկերության տնօրեն Վարդանուշ Թևանյանի հետ կնքել ես մեկ պայմանագիր, որի ընդհանուր գումարը կազմել է 72 մլն 680 հազար դրամ։ Պայմանագիրը կնքվել է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին, ըստ որի՝ «ՄԻԲՍ» -ը հիվանդանոցային ծառայություններ է մատուցելու։
Ինչպես հայտնի է, «ՄԻԲՍ» ընկերությունը 2011-2015 և 2016-2018 թվականներին ղեկավարել է Արսեն Թորոսյանը, հեղափոխությունից հետո կենտրոնի տնօրեն է դարձել վերջինիս կինը: Ընկերության առաջին տնօրենը եղել է Արսեն Թորոսյանը (2011/04/14-2016/01/20), ապա նրան փոխարինել է Վարդանուշ Թևանյանը (2016/01/20- 2017/01/10), այնուհետև կրկին Թորոսյանն է դարձել ընկերության տնօրեն (2017/01/10-2018/05/29):
Նախարար նշանակվելուց երկու ամիս անց Թորոսյանը դուրս է եկել ընկերությունից՝ պաշտոնը փոխանցելով կնոջը (2018/05/29-ից մինչ օրս):
Եվ առաջին անգամը չէ, որ այս ընկերության հետ խոշոր պայմանագիր է կնքվում: 2019-2020 թվականներին նախարարությունը ևս 124 մլն դրամ արժողությամբ վճարովի ծառայությունների մատուցման 5 պայմանագիր էր կնքել «ՄԻԲՍ» ընկերության հետ
Եվ այստեղ հետաքրքիր է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տարեվերջին հրապարակեց եզրակացություն, համաձայն որի՝ Առողջապահության նախարարության և Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած ընկերության հետ կնքված պայմանագրերում շահերի բախում չկա: Եվ չնայած այս եզրակացությունը հրապարակվել էր 2020 թվականի նոյեմբերի 30-ին, սակայն հենց դրանից օրեր անց է դեռ նախարար Թորոսյանը Վարդանուշ Թևանյանի հետ կնքել հերթական պայմանագիրը:
«ՄԻԲՍ» ՍՊԸ-ն, բացի Առողջապահության նախարարությունից, պայմանագրեր է կնքել նաև Երևանի քաղաքապետարանի հետ: Ըստ գնումների հաշվետվողականության էլեկտրոնային armeps.am համակարգի՝ 2018 թվականից ընկերության հետ քաղաքապետարանը կնքել է 4 պայմանագիր՝ մոտ 30 միլիոն դրամ արժողությամբ, մասնավորապես՝ բժշկական ծառայություններ, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն, համակարգչային և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ծառայություններ:
Նախարարի կնոջ ընկերությունից կատարված գնումներից և ոչ մեկի համար Առողջապահության նախարարությունը մրցույթ չի հայտարարել: Կնքված պայմանագրերից հինգը եղել են-«մեկ անձից գնումներ» ընթացակարգով, մեկը՝ «գնում չհանդիսացող ծախսեր» ընթացակարգով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը