24 02 2021

Հայաստանում անիշխանություն է տիրում․ «Ժողովուրդ»

Հայաստանում անիշխանություն է տիրում․ «Ժողովուրդ»

«Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանում արդեն մի քանի ամիս է՝ անիշխանություն է տիրում, և դա տարբեր օրերին դրսևորվում է տարբեր կերպ: Վերջին երեք դրվագներին ականատես եղանք երկու օրերի ընթացքում։ Նախ՝ փետրվարի 22-ին Հայաստանը խայտառակ կերպով ներկայացավ Աբու Դաբիի ռազմատեխնիկական ցուցահանդեսին: Մասնավորապես, հայկական ընկերությունների տաղավարներում բացակայել են հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները, և եղել են միայն բուկլետներ, այնինչ կողքի տաղավարում Ադրբեջանը ներկայացրել էր լայն ռազմամթերքի նմուշներ:

Եվ զավեշտալի է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե լոգիստիկ խնդիրներ են եղել, և ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի: Համաձայնեք՝ ավելի զավեշտալի արդարացում հնարավոր չէր մտածել: Ու պետք է նկատենք, որ նման «լոգիստիկ խնդիրների» պատճառով էլ անկազմակերպ պատերազմ վարվեց, և պարտվեցինք։ Դա էլ դեռ չմարսած՝ երեկ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հայտարարեց, թե հայկական ինքնաթիռ է անհետացել: Պարզվում է՝ ամերիկյան ինքնաթիռը Թեհրանում է, իսկ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն անգամ տեղյակ էլ չէ դրանից և փորձում է քննություն իրականացնել ու պարզել: Այսինքն՝ մեր երկրից ինքնաթիռ էր անհետացել, և դրա պատճառների ու փաստի մասին տեղեկացանք պետական նախկին պաշտոնյայից ու դարձյալ զավեշտալի պարզաբանումներ լսեցինք։

 

Այս ամենին զուգահեռ՝ երեկ վերջնականապես համոզվեցինք, որ Հայաստանի վարչապետն այլևս չի կարողանալու Երևանում ազատորեն շրջել, ինչպես անում էր նախկինում՝ հեծանիվով կամ ոտքով շրջելով և ուղիղ եթեր մտնելով։ Երեկ առավոտյան նրա այցը Շրջակա միջավայրի նախարարություն վերածվեց ֆիլմի: Հանրապետության հրապարակը չորս կողմից հսկում էին հարյուրավոր ոստիկաններ, շենքերի տանիքներին դիպուկահարներ էին, իսկ Փաշինյանի թիկնապահական շարասյունն էլ ուժեղացված էր: Բացի այդ, նա այդ կարճ ճանապարհն անցավ ցուցարարների վիրավորանքների ներքո, և սա արդեն երկրորդ դեպքն է. դեկտեմբերի 19-ին էլ Փաշինյանն այսկերպ մուտք գործեց Եռաբլուր: Իրավիճակը գնալով թեժանում է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ