«Վերջին 10 օրում Հայաստանում սեյսմիկ ակտիվությունը մարել է: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի խորհրդական Հրաչյա Պետրոսյանի խոսքով՝ փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի 100 հետցնցում է գրանցվել, բոլորն էլ թույլ էին: Մասնագետի խոսքով՝ հարևան երկրներում նույնպես ցնցումներ են եղել: Եղանակը կապ չունի, երկրաշարժը տարածաշրջանում սեյսմիկ ռեժիմի ակտիվության հետևանք է:
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է իր այն հայտարարության մասին, թե երկրաշարժը վերահսկվում է: Մենք փոխնախարարից փորձել ենք պարզել, թե ինչ քայլեր են իրականացնում հանրության շրջանում խուճապային տրամադրվածությունը հանդարտեցնելու, երկրաշարժի դեպքում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:
-Պարո՛ն Փամբուխչյան, նախօրեին ամբողջ Հայաստանում երկրաշարժ տեղի ունեցավ, և հիմա էլ հանրության շրջանում խուճապային տրամադրություններ են: Դուք նման հայտարարությամբ հանդես եկաք, որ վերահսկելի է իրավիճակն այս պահին: Բոլորի համար անհասկանալի է, քանի որ տեղեկություններ կան, որ երկրաշարժն անվերահսկելի երևույթ է: Ինչո՞ւ նման հայտարարություն արեցիք:
-Նման հայտարարությունն ուներ հիմք, որովհետև մեր սեյսմիկ ծառայության մոնիթորինգային մի քանի համեմատականներ իրար հետ համադրելով՝ ցույց է տալիս, որ տվյալ օջախում, որտեղ եղել էր երկրաշարժը, այդտեղի ընդերքի վերլուծությունը ցույց էր տալիս, որ գնում է դեպի մարման: Այսինքն՝ այդ վերահսկելի բառը ուղղված է եղել դրան, որ գնում է դեպի մարման, այսինքն՝ տվյալ պահին անհանգստանալու ոչինչ չկա: Մենք այդ օրը մի քանի հայտարարությամբ հանդես եկանք, մեկն այն է, որ գնում է մարման, բայց հետևանքներ կլինեն, առայժմ բնակչությունը թող մնա բաց տարածքներում, որից մոտ 2 ժամ անց սեյսմիկ ծառայությունից եկած հաջորդ վերլուծության համաձայն՝ արդեն գնում է դեպի մարման, կլինի փոքր բալով երկրաշարժ, ու կլինեն փոքր ցնցումներ, որոնք բնակչությունը գուցե զգա, սակայն իրենից վտանգավորություն չի ներկայացնում:
Ու հենց այդպես էլ եղավ, գիշերը 1:27 եղել էր 2-3 բալ երկրաշարժ, բնակչության մի հատվածն ընդհանրապես չէր զգացել, մի հատվածը զգացել էր, բայց իրազեկված էր: Կիրակի օրը նույնպես մենք հայտարարեցինք, որ արդեն գնում է դեպի մարման, այսինքն՝ այն գուշակությունները, որ սոցցանցերում արվում էին, մենք ցույց տվեցինք, որ առկա վերլուծություններով նման ցուցանիշներ չկան, որոնք կարող են կանխորոշել ուժեղ երկրաշարժ: Ուզում եմ նշել, որ երկրաշարժն անկանխատեսելի բնական աղետ է, որի կանխատեսումը շատ դժվար է, բայց կանխատեսումները, մշտական մոնիթորինգը, ընդերքի ջրերի և այլնի ուսումնասիրությունները ինչ-որ չափով իրեն դարձնում են ոչ թե կանխատեսելի, այլ սպասելի:
-Այս պահի դրությամբ ինչ-որ ուսումնասիրություն իրականացրե՞լ է սեյսմիկ ծառայությունը, թե բնակիչն ինչ կարող է սպասել:
֊Սեյսմիկ ծառայությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է: Իրականացնում է մոնիթորինգներ և պարբերաբար հասարակությանը հաղորդում է այն, ինչ կատարվում է:
-Խուճապային տրամադրությունները ստեղծվում են, երբ հանրությունն իջնում է բակ ու չի իմանում ինչ անել: Առաջիկայում պատրաստվո՞ւմ եք իրազեկումներ անել, բակերում հանրությանը զգուշացել՝ ինչ քայլեր անեն: Կա՞ նման մտադրություն:
֊Մեր կայքի միջոցով իրազեկումները կան: Գուցե ոչ հաճախ, բայց նման իրազեկումներ լինում են մի քանի ծանոթացնող նյութեր, թե երկրաշարժի ժամանակ ինչ պետք է անել: Իսկ մենք կունենանք ավելի ընդգրկուն տեսահոլովակներ, որոնք կիրազեկեն քաղաքացիներին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը