«Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԺ, հանդիպել «Իմ քայլը» խմբակցության հետ: Թեև հանգստյան օր էր, բայց ԱԺ-ում են հանդիպել, ոչ թե կուսակցության գրասենյակում, որ լրագրողների աչքից հեռու լինեն: Օրակարգում եղել է Ընտրական օրենսգիրքը:
Խմբակցությունը տեղեկացվել է, որ ԸՕ նախագիծը պատրաստ է, եկող շաբաթ կուղարկվի Վենետիկի հանձնաժողով: Քննարկել են ԸՕ փոփոխությունները և թիմին արտահայտվելու հնարավորություն են տվել: Այսպիսով՝ նոր նախագծով փոխվել է ընտրությունների մոդելը, ռեյտինգային համակարգ, որպես այդպիսին, չի լինի, բայց դրա այլընտրանքային տարբերակը կլինի, համամասնական ընտրակարգ՝ բաց ցուցակներով: Սա ենթադրում է, որ ռեյտինգային թեկնածուներ կլինեն, բայց քվեարկությունը կգործի ողջ հանրապետությունով մեկ:
Ընտրողին կներկայացվի մեկ ցուցակ, բայց նա կկարողանա այդ ցուցակում նախապատվություն տալ իր թեկնածուին: Այսինքն՝ իքս թեկնածուն, լինելով համամասնական ցուցակի 100-րդ հորիզոնականում, ստացած ձայների շնորհիվ կարող է բարձրանալ վեր և հակառակը: Սակայն Վենետիկ կուղարկվի փակ համամասնական տարբերակը, Փաշինյանն ասել է՝ մի մտահոգվեք, Վենետիկի համար տարբերություն չկա՝ համամասնական ընտրությունները բաց, թե փակ ցուցակներով են ընթանալու: Երբ գա ժամանակը՝ նայած անհրաժեշտության, կանեն բաց ցուցակներով, հատկապես, որ առաջարկն արվել է ԼՀԿ-ի կողմից: Կարծիքներ են հնչել, որ եթե չլինի վարկանիշային քվեարկություն, ցուցակի միայն առաջին 20 համարը կաշխատեն, իսկ Փաշինյանը չունի 2018-ի վարկանիշը, որ ուսերին բազմած՝ մտնեն ԱԺ: Ինչ վերաբերում է անցողիկ շեմին, կուսակցությունների դեպքում՝ 4 տոկոս, դաշինքների դեպքում կբարձրանա 8-ի:
«Չպետք է խրախուսենք դաշինքների ձևավորումը»,- ասել է Փաշինյանը: Ավելին՝ գործող կարգով՝ ԱԺ-ն առնվազն 3 ուժից պետք է կազմված լիներ, եթե անցնում էին 2-ը, երրորդն ինքնաբերաբար էր մտնում, հիմա դարձել է 4: Հանվել է հետընտրական կոալիցիա կազմող կուսակցությունների թվի սահմանափակումը, նախկինում 3 էր, նորով սահմանափակում չկա, և 3 շաբաթ ժամանակ ունեն: Արտահերթ ընտրությունների մասով էլ Փաշինյանն ասել է՝ հնարավոր է աշնանն անցկացվեն՝ կախված ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի համաձայնությունից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը