«Վերջին շրջանում խորհրդարանում հաճախ ընդունվում են նախագծեր միայն «Իմ քայլը» խմբակցության ձայներով: «Ժողովուրդ» օրաթերթի փոքրիկ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ եթե յոթերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստերի ընթացքում խորհրդարանն ավելի միասնական որոշումներ էր կայացնում, ապա հիմա մենիշխանությունն է, և իշխող խմբակցությունը միայնակ նախագծեր է անցկացնում, և ամենևին էլ կապ չունի՝ ընդդիմությունը դեմ է, թե ձեռնպահ:
Իսկ այժմ խոսենք փաստերով. օրինակ՝ 2020 թվականի հունվարի 20-ից մինչև 24-ը գումարված հերթական նստաշրջանի ժամանակ պատգամավորները քվեարկել են 57 նախագիծ: Դրանցից 32-ը ընդունվել է միաձայն, և գրեթե մեկ պատգամավոր անգամ դեմ չի քվեարկել այդ նախագծերին: Փետրվարին գումարված նստաշրջանի ընթացքում քվեարկության է դրվել 27 հարց, որոնցից էլ 17 նախագիծ էր ընդունվել միաձայն: Սրանք իսկապես լավ ցուցանիշներ են, եթե հաշվի առնենք, որ հետագայում ավելացան այնպիսի նախագծերը, որոնց կողմ էր քվեարկում և անցկացնում միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը:
Իսկ այժմ դիտարկենք, օրինակ, նոյեմբեր ամսվա ընթացքում տեղի ունեցած նիստերի վիճակագրությունը. նոյեմբերի 17-ին խորհրդարանում տեղի է ունեցել հերթական նիստ, որի ժամանակ ընդունվել է 15 նախագիծ, և ուշագրավ է, որ դրանք բոլորն էլ ընդունվել են միայն «Իմ քայլը» խմբակցության քվեարկության արդյունքում, և յուրաքանչյուր նախագիծ ստացել է 72-74 ձայն:
Այսինքն՝ այդ օրը կարևոր նախագծեր, այդ թվում՝ «Կուսակցությունների մասին» օրենքն ընդունվել է միայն իշխող խմբակցության քվեարկության շնորհիվ: Նույնն էր նաև հաջորդ օրերին, և կրկին իշխող խմբակցությունը միայնակ է նախագծեր դակում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը