«Հրապարակ»-ը գրում է․ Գագիկ Խաչատրյանի որդիներին պատկանող «Յուքոմ» ընկերությունից առանձնացած Հայկ եւ Ալեքսանդր Եսայան եղբայրների հիմնած «Թիմ» ՍՊ ընկերությունը 2020 թվականի հոկտեմբերի 29-ին ձեռք բերեց «Վեոն Արմենիա» ՓԲԸ («Բիլայն» ապրանքանիշ) 100 տոկոս բաժնեմասը։ Արդյունքում «Վեոն Արմենիա»-ն վերանվանվեց «Տելեկոմ Արմենիա» ընկերության, որը պատկանում է «Թիմ» ՍՊԸ-ին եւ այսուհետ ղեկավարելու է «Բիլայն» ընկերությունը, նույն ինքը՝ Հայաստանի ամենամեծ ենթակառուցվածքներ ունեցող եւ ռազմավարական նշանակության «Արմենթելը»։
Գործարքի մեկնարկը տրվել էր դեռեւս 2020 թվականի հուլիսին եւ ուղեկցվել էր սկանդալներով ու ինտրիգներով։ Այս թեմայի մասին գրվել է մամուլում, մենք էլ ենք անդրադարձել, որ փաստացի իշխանությունների հովանու ներքո Եսայան եղբայրները մրցույթից դուրս թողեցին Փաշինյանի քաղաքական մրցակից Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող եւ նրանց կողմից ղեկավարվող «Յուքոմ» ընկերությունը, ստեղծեցին «Թիմ» ՍՊ ընկերությունը եւ անհասկանալի պայմաններում տրված խոշոր վարկային միջոցներով «Թիմ»-ի միջոցով ձեռք բերեցին «Բիլայնը»։
Այնպես որ, գործարքում բավականին մութ կողմեր կան, որոնք ուղեկցվել են աղմկահարույց իրադարձություններով։ Եսայան եղբայրները երկար ժամանակ գաղտնի էին պահում գործարքի գինն ու ֆինանսավորման աղբյուրները։ Գրվեց, որ Եսայան եղբայրները «Արդշինբանկից» էին ցանկանում վարկ ստանալ, սակայն բանկը մերժել էր։ Ի վերջո, «Թիմ» ՍՊԸ-ին հաջողվել է ստանալ վարկ երկու բանկից․ մի փոքր մասը «Արդշինբանկն» է տրամադրել, իսկ մեծ մասը՝ «Ամերիաբանկը»։
Ընդ որում՝ գործարքը տեղի է ունեցել արագացված կարգով, եւ պայմանագիրը կնքվել է պատերազմի թեժ օրերին՝ հոկտեմբերի 29-ին։
Մեզ ասացին, որ բանկի մենեջմենթը շտապեցրել է աշխատակիցներին՝ գործարքի ընթացքն արագացնելու հարցում, եւ բանկի խորհուրդը որոշում է կայացրել տրամադրել վարկը (բանկի խորհրդի որոշումները կարող են շրջանցել վարկի տրամադրման ստանդարտ գործընթացները): Այսինքն, փաստացի, նորաստեղծ ընկերությունը առանց հավելյալ ապահովման կամ երաշխիքի, զուտ ձեռք բերվող ակտիվի գրավադրմամբ, ինչ-որ հրաշքով իրականացնում է նորաստեղծ Հայաստանի խոշորագույն գործարքներից մեկը՝ պրակտիկորեն հարյուր տոկոս վարկավորմամբ, այն էլ՝ ռազմավարական նշանակության ոլորտում։
Խնդիրը պատկերավոր հասկանալու համար՝ պատկերացրեք, որ մի նորապսակ զույգ դիմի հիպոթեքի եւ տեղում ստանա այն, առանց կանխավճարի ու վճարունակության ապացույցների։ Ու ստանա ոչ թե մեկ բնակարան, այլ մի ամբողջ բնակելի շենք։ Ու երբ մարդիկ հետաքրքրվեն այդ հրաշքով, զույգը հայտարարի, որ «շենքը մեզ տվել են, որովհետեւ մենք խոստումնալից զույգ ենք, բացի այդ, մինչեւ հիպոթեքի մարման ավարտը շենքը գրավի տակ է լինելու»։ Բայց մինչեւ վարկի մարման ավարտը գույքը միշտ էլ գրավի տակ է մնում, դուք մեզ ասեք՝ կանխավճարի ու աշխատանքի վայրի տեղեկանքի հարցը ո՞նց եք լուծել, ու հնարավո՞ր է, որ պետական միջամտության ուղիղ մեխանիզմ է գործել։ Այսինքն՝ պատերազմի թեժ շրջանում, երբ մեզ համոզում էին, թե «հաղթում ենք», Նիկոլ Փաշինյանը «քավո՞ր է կանգնել» մի մասնավոր գործարքի՝ դառնալով երաշխավոր, որպեսզի «Ամերիաբանկը» եւ «Արդշինբանկը» վարկ տրամադրեն Եսայան եղբայրներին։ Եվ այս ամենը տեղի է ունեցել գաղտնի կերպով։
Մեզ ասացին, որ կառավարության ուղիղ կամ անուղղակի գործողությունների արդյունքում պետական կարգավորմամբ ու ենթակառուցվածքների տիրապետմամբ կառույցը հավելյալ ապահովման երաշխիքով մեծ գումար է «սառեցրել»։ Վարկավորումն ապահովելու համար բանկերը նաեւ իրենց հիմնական գործիքակազմն են կիրառել․ իբրեւ ռիսկի գործոնի նվազեցում՝ դիտարկել է ընկերության սեփականության իրավունքի անցումը բանկ (եր)ին, այն դեպքում, երբ վարկը հնարավոր չլինի մարել:
Խոսքը կարող է լինել ոչ թե բյուջետային համակարգի վերաբերյալ օրենքով նախատեսված երաշիքների մասին, ինչի դեպքում այդ գումարը դառնում է պետական պարտք, այլ պետության երաշխավորման տարատեսակ մեխանիզմների։ Իսկ ո՞րն է Նիկոլ Փաշինյանի կառավարության շահագրգռությունը, որ նման ռիսկային ու վիճելի քայլի է դիմում՝ հօգուտ մի մասնավոր ընկերության։ Պատասխանը, կարծում ենք, պարզ է։
Ինչեւէ, որպեսզի այս բոլոր դատողություններն «օդում կախված լուրերի» չնմանվեն, մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ «Թիմ» ՍՊԸ-ի ղեկավարությունից՝ Եսայաններից։ Կապվեցինք եղբայրներից Ալեքսանդր Եսայանի հետ։ Վերջինս մեզ ասաց, թե զբաղված է, ավելի ուշ կզանգահարի։ Ավելի ուշ զանգահարեց ընկերության՝ մամուլի հարցերով պատասխանատու Աշոտ Բարսեղյանը, ով, հակառակ մեր խնդրանքին, որ ցանկանում ենք անձամբ տնօրինությունից ստանալ մեր հարցերի պատասխանը, ասաց, որ ինքը լիազորված է պատասխանել մեր բոլոր հարցերին։ Սակայն մեզ հուզող հարցերը կեսից անպատասխան մնացին, որովհետեւ պարզվեց՝ այդ աստիճանի լիազորված չէ։
- Խնդրում եմ ասեք՝ որքա՞ն է կազմել գործարքի արժեքը։
- Տեսեք, գործարքի արժեքը, տարեկան հաշվետվությունը երբ որ լինի, երեւալու է։ Մենք հիմա «Վեոն Արմենիայի» հետ պայմանավորվածություն ունենք, որ արժեքը չենք տալիս։ Իրենք հիմա, քանի որ համաշխարհային բորսաներում ցուցակված կազմակերպություն են, իրենց համար ամեն մի տենց ֆինանսական ինչ-որ թիվ ցույց տալ եւ այլն, տենց բաներն իրենց համար շատ զգայուն են, իրենք պայմանագրերի մեջ հստակ նշում են, որ չի կարելի, մենք էլ իրենց ասել ենք, որ, մեկ ա՝ մեր ֆինանսական հաշվետվության մեջ դա երեւալու է, մենք համաձայնել ենք։ Եռամսյակը մեկ հաշվետվություն է լինում, այսինքն՝ եռամսյակը որ փակվի, էդ հաշվետվության մեջ արդեն կերեւան էդ թվերը։
- Մամուլում խոսվում էր, որ գործարքի արժեքը 60 մլն դոլար է, հիմա այդ գնի շրջանակներո՞ւմ է, թե՞ էապես տարբերվում է։
- Դե, ես չեմ կարող ուղղակի ոչ մի մեկնաբանություն անել։
- Իսկ ո՞ր ընկերություններից եք վարկային միջոցներ ձեռք բերել։
- Դե, դա հրապարակված է՝ «Ամերիաբանկից» եւ ինչ-որ փոքր հատված՝ նաեւ «Արդշինբանկից»։
- Հիշում եմ, որ դուք դժվարություն ունեիք վարկ ձեռք բերելու հետ կապված, «Արդշինբանկը» ձեզ մի անգամ մերժել էր, հետո, փաստորեն, տրամադրեցին բանկերը։ Կասե՞ք՝ ո՞վ է երաշխավոր հանդիսացել այդ վարկային միջոցները տրամադրելու հարցում։
- Տեսեք, որպես երաշխավորության գործիք՝ հենց «Վեոն Արմենիա», հիմա արդեն՝ «Տելեկոմ Արմենիա» ընկերության գրավադրումն էր։ Հայկ Եսայանը միշտ հարցազրույցներում ասել է, որ, օրինակ, սովորական հիպոթեքային վարկը ո՞նց ա լինում, քո բնակարանը գրավադրում ես եւ ձեռք ես բերում, մինչեւ որ դրա գումարը կփակես։ Նայեք, մի քանի բանկից թույլտվությունը ստանալը, հա՞, որ ասում եք՝ մերժել-չմերժել եւ այլն, էնտեղ սենց էր, քանի որ մենք ժամանակ չունեինք եւ ուզում էինք շատ արագ փակել գործարքը, միաժամանակ դիմել էինք մի քանի կետով թույլտվություն ստանալու, այսինքն՝ գրավադրում անելու՝ «Ամերիաբանկում», «Արդշինբանկում» եւ այլն։ Հետո քննարկել ենք, եթե չեմ սխալվում, էլի մի բանկ կար, հիմա չեմ հիշում, ու էդ բանկերի հետ անընդհատ քննարկել ենք, տեսել ենք՝ ով է ամենալավ տարբերակը մեզ առաջարկել, դրան էլ համաձայնել ենք։
- Պարզապես տեղեկություն ունենք, որ կառավարությունն է միջնորդել եւ երաշխավոր կանգնել, որպեսզի բանկերը ձեզ վարկ տրամադրեն։
- Էդ Ձեր ինֆորմացիան ա, ես չեմ կարող դա մեկնաբանել։
- Կա կառավարության գաղտնի որոշում, եւ ես ուզում էի խնդրել, որ մեզ տրամադրեք՝ ծանոթանանք։
- Չէ, դա բացառվում ա, տենց բան չկա։
- Վստա՞հ եք։ Կենտրոնական բանկը երաշխիք չի տրամադրել, փոխարենը երաշխիք տրամադրել է ՀՀ կառավարությունը։
- Նայեք, ես Ձեզ ասեմ, էն ինֆորմացիան, ինչին ես տիրապետում եմ, տենց բան չկա ու չի կարող լինել, սա զուտ կոմերցիոն մաքուր գործարք ա եղել։ Էդ գաղտնի որոշում, նշանակում ա՝ ոչ մեկը չգիտի դրա մասին, Դուք որտեղի՞ց գիտեք դրա մասին, եթե գաղտնի ա եղել։
- Այդպես հաճախ է լինում։ Օրինակ, մամուլը տեղեկացավ ու գրեց, որ կառավարությունը գաղտնի կերպով պարգեւավճար է տալիս նախարարներին։ Այսինքն՝ նորմալ է, որ մենք տեղեկացել ենք այդ մասին։
- Դե, ասում եմ, ես տենց բան բացառում եմ, ես, ճիշտն ասած, էդ իրավասությունը չունեմ էս հարցերի մասին նույնիսկ խոսալու, բայց ես հաստատ բացառում եմ դա, հնարավոր չի, որ ինչ-որ գաղտնի որոշում լիներ, որ երաշխավորեին եւ այլն։
- Դուք բացառում եք, բայց մեր տեղեկությունն այն է, որ գոյություն ունի կառավարության որոշում՝ գործարքի համար երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ, որի շրջանակներում Կենտրոնական բանկը գումար է սառեցրել երաշխավորված վարկի չափով, եւ սույն փաստաթուղթը պահվել է գաղտնի ու չի տրամադրվել բանկին։
- Եկեք գիտե՞ք ինչ անենք, ես խոսեմ մերոնց հետ, հարցերն ուղղեք մեր տնօրեններին, որովհետեւ հասանք նենց տեղ, որտեղ ես չեմ կարծում, որ իմ պատասխանները… Էդ հարցերը որ Դուք գրավոր ուղարկեք, ես մերոնց հետ կքննարկեմ ու լիարժեք պատասխան կտամ։
ՀԳ․ Ի վերջո, պայմանավորվեցինք, որ ոչ թե գրավոր ուղարկենք հարցերը, այլ օրվա ընթացքում մեզ հետ կապ հաստատի Եսայան եղբայրներից որեւէ մեկը եւ պատասխանի մեր հարցերին։ Սակայն ավելի ուշ նորից զանգահարեց Բարսեղյանն ու ասաց․ «Ես մերոնց հետ խոսացել եմ էդ թեմայով, մեր պատասխանն էն ա, որ դա կատարյալ սուտ ա, տենց բան չկա, չի կարող լինել։ Սուտ ա այն, որ մենք երաշխավորություն ենք ստացել պետական որեւէ կառույցից»։ Ապա մեզ հետ կապվեց Ալեքսանդր Եսայանը եւ սպառնալից տոնով նախազգուշացրեց․ «Եթե մեր վրա սխալ, սուտ ինֆորմացիա տպեք, մենք դատարան ենք դիմելու ու մաքսիմալ պահանջելու ենք դրա հերքում։ Մեր «Թիմ» ընկերությանը եթե ինչ-որ զրպարտություն, սուտ ինֆորմացիա ձեր թերթը տպի, տեղյակ եղեք, էլի, ուղղակի, որ պատասխանատվության ենք մենք ձեզ ենթարկելու»։
Բիզնեսմենին պատասխանեցինք, որ դատարան դիմելն իրենց իրավունքն է, ինչպես մեր իրավունքն է՝ հանրությանը փոխանցել մեր ստացած տեղեկությունները եւ հատկապես այն տեղեկությունները, որոնք հանրային հետաքրքրություն են ներկայացնում, մանավանդ իրենց կողմից ընտրված իշխանությունների քայլերի եւ ստվերային գործողությունների մասին։
Այդ ընթացքում մենք փորձեցինք Կենտրոնական բանկից եւս մեկնաբանություն ստանալ երաշխավորված վարկի չափով բյուջեում գումար սառեցնելու վերաբերյալ։ ԿԲ-ից մեզ ասացին, որ այս պահին մանրամասներին չեն տիրապետում, բայց հիշեցրին, որ ԿԲ-ն ընդամենը միջնորդ է պետության ու մասնավորի միջեւ, այսինքն՝ եթե իրենք որեւէ բան արած էլ լինեն, պետք է արած լինեն կառավարության որեւէ որոշման հիման վրա։
Մենք կփորձենք հետագայում պարզել ողջ իրականությունը, իսկ մինչ այդ ընդգծենք, որ հեքիաթների չենք հավատում եւ գիտակցում ենք, որ «Վեոն Արմենիայի» կամ «Արմենթելի» գնման գործընթացը հնարավոր է եղել հավելյալ ապահովման (երաշխիք, հավելյալ ֆինանսավորում, այլ գրավներ եւ այլն) կիրառմամբ, ինչի դեպքում պետական միջամտությունը կարող է անօրինական գնահատվել։ Կա եւս մեկ տարբերակ․ «Տելեկոմ Արմենիան» (նույն ինքը՝ նախկին «Բիլայնը») գաղտնի բենեֆիցիարներ (երաշխավորներ) ունի, որոնք ապահովել են միջոցները։ Վերջին սցենարը ոչ միայն հանրային հետաքրքրության, այլեւ ազգային անվտանգության խնդիր կարող է առաջացնել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը