«Հրապարակը զրուցել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հետ։
- Անշուշտ, ներկայացված բյուջեն հետպատերազմական իրավիճակի բյուջե չի կարելի անվանել: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ մենք առաջինից երկրորդ ընթերցում՝ 16-17 առաջարկ ենք ներկայացրել, դժվար է ասել՝ այս իշխանության կողմից կընդունվեն մեր առաջարկները, ավելի հակված ենք կասկածելու, որ չեն ընդունելու: Քանի որ առաջարկել ենք բոլոր նախարարությունների թե՛ տրանսպորտային, թե՛ հյուրընկալության ծախսերի 50 տոկոսի կրճատում, սոցիալական ծրագրերի ներդրում, որոնք ներկա նախագծում շատ չնչին ավելացումներով են: Առաջարկել ենք նաև բարձր դասարաններում սովորող աշակերտների և ուսանողների համար պարտադիր ուսուցման առարկա մտցնեն՝ կրակային պատրաստվածության մասին: Այսինքն՝ դպրոցական և ուսանողական ծրագրերում պետք է ծրագիր մտցնել, և պարբերաբար հրաձգարաններ տանեն ու սովորեցնեն կրակել: Սա Արցախում ստեղծված այսօրվա իրավիճակն է թելադրում:
-Իգական սեռն է՞լ պետք է կրակային պատրաստվածություն անցնի:
-Այո: Իսրայելում այսօր բոլորը զինապարտ են ու պետության առջև ծառացած խնդրի դեպքում գոնե որ կարողանան ինքնապաշտպանություն կազմակերպեն: Մենք, իսկապես, ունենք այդ խնդիրը և հենց դրա համար էլ նման առաջարկ ենք արել: Չենք ասում, որ վաղը աղջիկները պետք է մեկնեն սահման, խրամատում սահման պաշտպանեն, բայց ցանկալի է, որ կրակել իմանան:
-Այսինքն՝ ճի՞շտ են լուրերը, որ Պաշտպանության բանակը լուծարվելու է, այս ոլորտին հատկացված բյուջե կա՞, թե՞ չկա:
- Բյուջեի մասով չեմ ցանկանա հրապարակային խոսել: Ինչ վերաբերում է անվանման մասով՝ կմնա՞ արդյոք ՊԲ, թե ոչ: Բայց որ Արցախը չի կարող իր՝ պաշտպանության բանակ ասենք, զորքեր ասենք կամ սահմանապահ զորքեր, չունենալ՝ դա հաստատ է: Ինձ թվում է, որ մենք ունենալու ենք մեր պաշտպանությունը, թե ինչ անվան տակ, ես չեմ կարող ասել: Եթե որոշեն ՊԲ-ն լուծարել, Արցախում բնակչություն չի մնա: Միգուցե վերանվանեն, անվանափոխեն կամ մարտավարության նոր կանոններ մշակեն, բայց եթե որոշեն լուծարել, կլուծարեն նաև Արցախը:
ՊԲ ասելով՝ չպետք է մենակ ժամկետային զինծառայողներ հասկանանք, ունենք պայմանագրային զինծառայողներ, նոր պաշտպանական բնագծեր, որոնք պետք է նոր մոտեցումներով պաշտպանել:
-Վերադառնալով բյուջեին՝ իշխանական ձեր գործընկերները, նախագահի թիմը հիմնավորում չտվեցին, թե ինչու են նման բյուջե ներկայացրել:
- Իշխանական ասելով՝ նախ պետք է հասկանալ «Միասնական հայրենիք» կուսակցության և «Ազատ հայրենիք»-ՔՄԴ դաշինքը: Իշխանական թևն իրենք են և իրենք էլ ընդունեցին նախագիծը: Միշտ կարելի է հիմնավորումներ բերել, ասվում էր, թե մինչև նոյեմբերի 10-ը, լինելով պատերազմական իրավիճակում, դրանից հետո կարճ ժամանակ են ունեցել բյուջեն գրելու, դեկտեմբերի 30-ին այն արդեն ներկայացվել է: Ասվեց, որ իբր ժամանակ առ ժամանակ կհամալրեն, փոփոխություններ կարվեն: Բայց նույն սոցիալական ծրագրերը ոչ ճիշտ ուղղություններով են ֆինանսավորվելու: Օրինակ, գազն ու լույսը սուբսիդավորում են որոշակի մասով, բայց ունենք համայնքներ, որտեղ գազիֆիկացված են, իսկ ջեռուցումը գազով չի իրականացվում: Մենք առաջարկել ենք նման դեպքերում մարդկանց վառելափայտով օգնել: Այսինքն՝ իշխանությունն ամեն ինչ կիսատ-պռատ է արել, իրենք համարում են, որ իրենք են ժողովրդի ընտրյալը, ամեն ինչ գիտեն ու ոչ մեկի հետ չպիտի խորհրդակցեն:
Իրենք չեն ընդունում ներկա իրողությունները, չեն տիրապետում իրավիճակին։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը