«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան ներքաղաքական օրակարգում ակտիվ խմորումներ են ընթանում։ Արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտությունը եւ դրա չափազանց ծանր հետեւանքները եղան այն շրջադարձային կետը, որից հետո ամբողջովին փոխվեց քաղաքական զարգացումների ընթացքը եւ տրամաբանությունը։ Այս ամենի արդյունքում ձեւավորվում է այն օրակարգը կամ քաղաքական պահանջը, որ երկրի կառավարումը, պետական անվտանգությունն ու պետական շահերի պաշտպանությունը տանուլ տված իշխանությունների պաշտոնավարումը դառնում է աննպատակահարմար։ Սակայն ինչպես այս երկուսուկես տարվա ընթացքում, հիմա առավել եւս հուժկու ձեւով գեներացվում է «նախկինաֆոբիա» կոչված երեւույթը։ Եվ ամեն մի քաղաքական խնդիր «սեւերի ու սպիտակների» ձեւակերպման անալոգիայով իշխանական շրջանակների կողմից ներմուծվում է «ներկաների ու նախկինների» դաշտ։ Այսինքն, եթե ներկայիս իշխանությունները հեռանան, ապա վերադառնալու են նախկինները։
Ու այս տրամաբանության ներքո էլ փորձ է կատարվում հանրությանը եւ հատկապես քաղաքականապես ոչ հասուն հատվածին ներշնչել այն գաղափարը, թե ավելի լավ է թեկուզ պարտված իշխանությունները մնան եւ ստատուս քվոն պահպանվի, քան գան նախկինները։ Ավելին, քիչ չեն նրանք, որոնք միանշանակ համաձայն են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պետք է հեռանան, բայց անպայման ավելացնում են չարաբաստիկ «սակայն»-ը... Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում «նախկին» ասվածը, դրանով կոնկրետ անձա՞նց նկատի ունեն, թե՞ երեւույթները։
Եթե նկատի են առնվում նախկինում եղած երեւույթները կամ բարքերը, ապա կարող ենք ասել, որ նախկինում եղել են եւ՛ դրական, եւ՛ բացասական իրողություններ։ Բացասական երեւույթների առումով երկու կարծիք լինել չի կարող. այո՛, այս տեսակետից նախկինին վերադարձ լինել չի կարող: Մյուս կողմից՝ գործող իշխանությունների օրոք շատ ավելի վատ բարքերի եւ անգամ խայտառակ երեւույթների ենք ականատես եղել ընդամենը երկուսուկես տարում։ Դրան գումարվում է այն հանգամանքը, որ հաճախ պետությունն ի վիճակի չի լինում նույնիսկ իր գործառույթները կատարել եւ կառավարման համակարգում համատարած քաոսայնության ու տարերայնության տարրեր են գերիշխում։ Իսկ արտաքին անվտանգության հարցերում ավելի շատ թվում է, թե իշխանություն չունենք, քան թե ունենք։ Իսկ եթե «նախկին» ասելով նկատի ունենք նախկինում պաշտոնավարած կամ քաղաքական դաշտում դերակատարություն ունեցած անձանց, ապա այստեղ հարցերը շատ են։
Ու հետաքրքրական է, որ միշտ քարոզչական դաշտում ներմուծվում է այն պատկերը, որ նախկինները պետք է անպայման ասոցացվեն պաշտոնների, դղյակների կամ թալանված փողերի հետ։ Այս տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում կարող ենք տեսնել, թե ինչպես նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած կամ մեծ կապիտալ կուտակած բազմաթիվ անձինք այսօր իրենց տաքուկ տեղն են գտել գործող իշխանության շարքերում եւ կառչած են իրենց աթոռներից։ Եվ այդ դեպքում հարց է առաջանում, օրինակ՝ իշխանությունների կողմից ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրված Գագիկ Ջհանգիրյանը, որը նախկինում բազմաթիվ բարձր պաշտոններ է զբաղեցրել ու հիմա իր դղյակները գոմի հետ է համեմատում, նախկի՞ն է, թե՞ ոչ։ Ի՞նչ չափանիշով է որոշվում որեւէ անձի «նախկինը», երբ մի կողմից՝ «ամենանախկին»՝ լեւոնտերպետրոսյանականներով լցնում ես պետական համակարգը, մյուս կողմից՝ սրտի «ներկա» են դառնում գոնե վերջին 10-15 տարում պաշտոնավարած, ապա Նիկոլ Փաշինյանի թրի տակով անցած անձինք: Այնպես որ, հանրության մեջ նախկինների նկատմամբ ներմուծվող «ֆոբիան» կեղծ օրակարգ է՝ միտված Նիկոլի իշխանավարումը երկարաձգելուն։ Վերջինս շարունակում է հույսեր կապել հանրությանը մանիպուլացնելու հետ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը