«Փաստ» թերթը գրում է. «Պատերազմում ծանր պարտություն կրելուց հետո հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ մեկնեց Մոսկվա՝ եռակողմ ֆորմատով հանդիպելու ՌԴ նախագահ Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ։ Արդեն պարզ էր, որ քննարկվելու են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման հետ կապված հարցերը։ Եվ պատահական չէ, որ մի քանի օր առաջ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր մոսկովյան հանդիպման հետ կապված հայկական կողմի առաջնահերթությունները։ Ուշագրավ է, որ հայկական կողմի առաջնահերթություններից ամենաառաջինը Նիկոլ Փաշինյանը նշել էր նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման մասին, այն է՝ պետք է տեղի ունենա գերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց, ինչպես նաեւ մարմինների լիարժեք փոխանակում: Իհարկե, գերիների հարցը Հայաստանի համար շատ զգայուն խնդիր է, բայց առաջնահերթություն ձեւակերպելն այլ է, իսկ այդ առաջնահերթության իրականացմանը հասնելը՝ այլ։
Նախ՝ որպեսզի Հայաստանը կարողանա հասնել իր ձեւակերպած բանակցային խնդիրների իրականացմանը, պետք է դուրս գա պատերազմի հետեւանքով առաջ եկած հոգեբանական բարդույթներից։ Իսկ մոսկովյան հանդիպումը ավելի պարզորոշ դարձրեց, որ հայկական կողմը մեծ հաշվով բանակցող չունի։ Հայաստանը նույնիսկ չկարողացավ հումանիտար նշանակություն ունեցող հարցի լուծմանը մոտենալ, էլ չենք ասում՝ հասնել, եւ դա հանդիպումից հետո իր ելույթում խոստովանեց Փաշինյանը՝ նշելով, որ իրեն չի հաջողվել լուծել գերիների հանձնման խնդիրը։ Այդուամենայնիվ, նոյեմբերի 9-ի հայտարարության՝ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեցող 8-րդ կետի չիրագործումը չխանգարեց, որպեսզի Փաշինյանը ստորագրի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին եռակողմ հայտարարությունը։
Այնինչ Հայաստանը գերիների հարցը կարող էր դնել որպես նախապայման նոյեմբերի 9-ի հայտարարության մյուս կետերի իրագործմանն անցնելու խնդրում։ Իսկ դրա համար հայկական կողմը հիմքեր ունի, քանի որ գերիների հարցը ոչ միայն հրադադարի հայտարարության առանցքային կետերից մեկն է, այլեւ դրա շուրջ գոյություն ունի միջազգային իրավապայմանագրային հիմք, մասնավորապես Ժնեւի կոնվենցիաները, որոնք կարող է Հայաստանը վկայակոչել։ Բացի այդ, եռակողմ հանդիպումը բոլորի համար պարզորոշ դարձրեց Փաշինյանի խեղճությունը եւ անկարողությունը, ինչը տեսանելի էր նաեւ վերջինիս պահվածքից եւ ժեստերից։ Որպես պետության ղեկավար՝ Փաշինյանը այլեւս գոյություն չունի կամ զրոյական կարգավիճակում է, քանի որ, որպես պարտված եւ թույլ ղեկավար, իր հետ ոչ ոք ցանկություն չունի հաշվի նստել։
Ինչպես նույնիսկ ռուսական լրատվամիջոցներն են արձանագրում, նրան կա՛մ ընդհանրապես հաշվի չեն առնում, կա՛մ հաշվի են առնում ձեւականորեն: Սա այն թեման է, ինչի մասին տեւական ժամանակ բարձրաձայնում էին ընդդիմադիրները եւ բազմաթիվ փորձագետներ։ Եվ պատահական չէ, որ քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը, եկեղեցին եւ մտավոր վերնախավը պահանջում է Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը։ Արդեն պարզ է, որ եթե Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, ապա Հայաստանն ավելի խեղճ վիճակում է հայտնվելու, եւ հակառակորդը ավելի մեծ զիջումներ է պարտադրելու։
Այսինքն՝ ադրբեջանաթուրքական տանդեմը հնարավորություն կստանա օգտվել Փաշինյանի թուլությունից եւ երկրի ներսում անկայուն իրավիճակից։ Քանի որ արդեն կարելի է կանխատեսել, թե Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ հաջորդ հանդիպումների արդյունքում ինչպիսի ծանր իրավիճակում ենք հայտնվելու, ապա հրատապ հարցի է վերածվում այն թեման, որ Հայաստանը բանակցություններին պետք է ներկայանա նոր բանակցող ղեկավարի միջոցով, ով գործի կդնի իր պրոֆեսիոնալ որակները պարտության ծանր հետեւանքները մեղմելու եւ ավելի արժանապատիվ դիրքերից հանդես գալու համար»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը