24 12 2020

Իշխանությունը սպասում է՝ դանակը ոսկորին հասնի, որ հրաժարական տա․ «Հրապարակ»

Իշխանությունը սպասում է՝ դանակը ոսկորին հասնի, որ հրաժարական տա․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Միայն ոչ քաղաքակիրթ երկրներում են մարդիկ կառավարությունների հրաժարականին հասնելու համար հազարներով լցվում փողոցներ եւ օրեր շարունակ միտինգներ անում, որ մերժելի վարչախումբը հեռանա։ Քաղաքակիրթ երկրներում հրաժարականները տրվում են օրենքների ու բարոյականության շրջանակներում, իսկ երբեմն՝ շատ անսպասելի։

Կառավարության ղեկավարն ուղղակի մի օր որոշում է, որ ինքն ու իր կառավարությունը չեն արդարացրել հանրության հույսերը, վրիպել են ինչ-որ հարցում կամ՝ հոգնել են պաշտոններից, եւ խաղաղ, ժպիտը դեմքին՝ հրաժարական են տալիս։ Իսկ բարբարոսական երկրներում, որտեղ չկա հրաժարականների ավանդույթ, եւ հասարակությունն էլ քաղաքակիրթ պայքարի մեթոդներին չի տիրապետում, դիմանում են, մինչեւ դանակը ոսկորին է հասնում, ապա լցվում են փողոցներ, երբեմն էլ ատելի բռնապետներին գահընկեց անելու համար արյուն են թափում՝ զանգվածային անկարգություններ, ջարդ-փշուր, իսկ վերջում գլխատում են բռնապետներին, կամ՝ սրանք մազապուրծ փախչում են երկրից՝ ապաստանելով որեւէ քաղաքակիրթ երկրում, որտեղ իրավապահները պաշտպանում են նրանց կյանքը։

Մենք, անշուշտ, քաղաքակիրթ երկրների շարքին չենք դասվում՝ խաղաղ ու անսպասելի հրաժարականի հույսեր փայփայել դեռ երկար չենք կարողանա։ Հուսով եմ՝ բարբարոսական ցեղախմբերին էլ չենք պատկանում եւ արյուն հեղելով երբեւէ չենք հասնի իշխանությունների հեռացմանը։ Մերը միջին տարբերակն է՝ երբ իշխանությունը սպասում է, որ մարդկային բազմությունը փողոցները հեղեղի եւ օրեր շարունակ հոգեմաշ պայքար տանի։ Այնքան ժամանակ, մինչեւ որ ինքն այլ ելք չունենա, քան հրաժարական տալն է։ Մինչեւ հասկանա, որ հրաժարական չտալը գլխատման վտանգով է հղի։ Որ իր եւ ընտանիքի ֆիզիկական գոյությունն ավելի կարեւոր է, քան աթոռն ու վայելքները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ