«Հրապարակ»-ը գրում է․ «Թշնամին մտել է Սյունիք եւ մետր առ մետր նվաճելով՝ առանց զենք ու զորքի, առանց կռվի ու իրավական հիմքի, առաջ է գալիս։ Եվ այս իշխանությունը փոխանակ այդ հարցերը լուծելու, ձերբակալում ու մեղադրանքներ է առաջադրում այն մարդկանց, ովքեր փորձում են պաշտպանել իրենց տունը՝ բանակցելով, համոզելով, ուժ ցուցադրելով։
Այն մարդկանց, որոնք փորձում են իրականացնել պետական իշխանության գործառույթները եւ պաշտպանել Սյունիքը թշնամու ասպատակումից։ Երեկ ադրբեջանցիներն արդեն Որոտանի համար էին «մարտնչում», նախօրեին թույլ չէին տվել, որ պաշտպանության նախարարության մեքենաները Լաչինով մտնեն Արցախ՝ զորքի հերթափոխն ապահովելու։ Եվ Նիկոլ Փաշինյանի պատժիչ մեքենան փոխանակ ադրբեջանական հրոսակների դեմ պայքարի, պայքար է սկսել Սյունիքի քաղաքապետերի դեմ, որոնք համարձակվել են վարչապետի հրաժարականը պահանջել։ Նախօրեին ձերբակալվել եւ Երեւան էր տեղափոխվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ով այս պատերազմի ընթացքում ապացուցեց, որ հայրենիքի բացառիկ զգացողությամբ քաջ զինվոր է եւ իսկական քաղաքացի։
Երեկ էլ բերման ենթարկվեց Քաջարանի քաղաքապետը, ով համարձակվել էր մեզ հարցազրույց տալ եւ ասել, որ «Քաջարանում ոչ ոք Նիկոլ Փաշինյանին չի սպասում»։ Արդյոք նաեւ այս փաստե՞րը չեն գալիս լրացնելու այն թղթապանակը, որի հիման վրա այսօր շատերը պնդում են, որ Նիկոլ Փաշինյանը սոսկ ապաշնորհ կառավարիչ չէ, այլ հայրենիքի դավաճան է եւ թշնամու հետ գործարքի գնացած հանցագործ։ Մի՞թե իր երկրի, մեր պետության շահերը պաշտպանող վարչապետն այսօր կառաջնորդվեր անձնական վրեժով եւ քաղաքական հակառակորդներին բանտերը կլցներ՝ հաշվի չառնելով, որ այդ մարդիկ են այսօր Սյունիքի դարպասներին կանգնած, եւ նրանց շնորհիվ է, որ ադրբեջանցին դեռեւս չի հասել «Էրիվան»»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը