«168 ժամ» թերթը գրում է. «Նոյեմբերի 9-ի Պուտին-Փաշինյան-Ալիեւ հայտարարությամբ եւ Արցախյան հակամարտության գոտու հայկական հատվածում ռուս խաղաղապահների տեղակայմամբ նոր փուլ է սկսվել ՌԴ-Արցախ հարաբերություններում։ Սա, ըստ էության, ուղղված է Երեւանից Արցախի կախվածության վերացմանը կամ այդ կախվածության ուղղության փոփոխությանը։ Ինչպես տեղեկացրել էինք, ռուսական կողմը ծրագրում է բացել Ստեփանակերտի օդանավակայանը Մոսկվա-Ստեփանակերտ չվերթերի համար։ Բացի խաղաղապահ առաքելությունը, Ռուսաստանը հսկայածավալ հումանիտար աշխատանքներ է նախաձեռնել եւ իրականացնում Ստեփանակերտ քաղաքում հենց օդանավակայանի տարածքում հումանիտար կենտրոնի ստեղծմամբ։ Չի բացառվում նաեւ, որ ռուսական ռազմաբազա ստեղծվի Արցախում։ Բայց այսքանով ռուսական ծրագրերը, ըստ մեր տեղեկությունների, չեն սահմանափակվում։
168․am-ի ռուսական աղբյուրների փոխանցմամբ, ՌԴ-ն ծրագրերում ունի ԱՀ բյուջե ներարկումներ անել, ավելին` բյուջեն ապահովել, մեծ ներդրումներ անել ԱՀ ենթակառուցվածքների, կրթության եւ մի շարք այլ ոլորտներում։
«Ճանապարհներ, համալսարան, զարգացած ենթակառուցվածքներ կլինեն, ավելի ակտիվ կապ ապագայում նաեւ Բաքվի հետ։ Նոր սահմաններ են գծվում, նոր իրավիճակ, եւ հայկական պետականության կենտրոնը կլինի Ստեփանակերտը, իսկ Երեւանը կլինի ավելի մեկուսացած վիճակում։ Երեւանի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքը չեզոք է, իսկ ղարաբաղյան հայերի նկատմամբ փոխադարձաբար դրական ընկալումներ եւ դիրքորոշում է ձեւավորվել։ Կա անկեղծ ցանկություն՝ օգնել այդ անկլավին կայանալ, թեեւ 5 տարի կարգավիճակի հարց այնտեղ չի քննարկվելու, այսինքն՝ ՌԴ-ն չի ծրագրում Աբխազիայի կամ Ղրիմի օրինակով որեւէ բան այս փուլում, այլ անկեղծորեն փորձելու է վերացնել պատերազմի հետեւանքները եւ զարգացնել այնտեղ պետությունը։ Պարզապես այդ տարածքում Ռուսաստանը միշտ ընդունելի է եղել, բնակիչները հիմնականում ռուսախոս են, ինչը հաճելի է»,- ասաց մեր մերձդիվանագիտական աղբյուրը։ Նրա խոսքով, թեեւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մոսկվա պատերազմից հետո, նրա նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքը միանշանակ չէ դեռ։
«Սակայն, անկախ ամեն ինչից, այս ծրագրերը կան եւ կիրականացվեն, ռուսական կոնտինգենտն արդեն այնտեղ է, եւ դա շատ բան է որոշում»,- ասաց մեր ՌԴ ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը