15 12 2020

Իշխանության մնալու յու­րա­քան­չյուր նոր օրը վնաս է Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի հա­մար․ «Փաստ»

Իշխանության մնալու յու­րա­քան­չյուր նոր օրը վնաս է Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի հա­մար․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմի ավարտից հետո Հայաստանին և Արցախին սպառնացող անվտանգային խնդիրներն ոչ միայն չեն նվազել, այլև նույնիսկ ավելացել են։ Նախ՝ Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ զգալի չափով երկարում է, դրան գումարած՝ թշնամին անում է, ինչ ցանկանում է, իսկ Հայաստանը փաստացի չունի իշխանություն։ Արցախում էլ, ճիշտ է, ռուս խաղաղապահները պահպանում են սահմանների անվտանգությունը, սակայն պետք է նկատի ունենալ, որ կարող են լինել հատվածներ, որտեղ ռուս խաղաղապահների ներկայությունը չլինի, և թշնամին նոր սադրանքների դիմի՝ փորձելով առաջխաղացում ապահովել, ինչպես, ի դեպ, եղավ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։ Վերջապես, Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են իրենց պատերազմական ու ծավալապաշտական հռետորաբանությունը:

Սա նշանակում է, որ հայկական կողմը, միևնույն է, ինչքան էլ թուլացած լինի տևական պատերազմից, անկախ ռուս խաղաղապահների տեղակայումից, պետք է կարողանա հատուկ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հարկ եղած դեպքում ապահովի Արցախի մնացորդների ու Հայաստանի սահմանների անվտանգությունը։ Այս համատեքստում պարզապես ապշելու են ՀՀ այս պահի իշխանությունների դիրքորոշումն ու գործողությունները։ Մասնավորաբար, մեկնաբանելով Հին Թաղերի և Խծաբերդի ուղղությամբ Ադրբեջանի հարձակման փաստը, Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, թե Ադրբեջանի գործողությունները պետք է արժանանան ռուս խաղաղապահների արձագանքին։

Հասկացանք, որ ռուս խաղաղապահները պետք է արձանագրեն հրադադարի խախտման դեպքերը և թույլ չտան, որ ռազմական բախում տեղի ունենա, բայց հարցական է, թե ո՞րն է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, մի՞թե իրենք որևէ բան չունեն ասելու այդ իրավիճակի հետ կապված։ Թվում է, թե երկրում ընդհանրապես իշխանություն չկա, և բոլոր խնդիրները ռուսները պետք է լուծեն։ Ճիշտ է, օրեր անց Նիկոլ Փաշինյանը ԱԽ նիստում ինչ-որ բաներ ասաց (նույնը կրկնեց երեկ), բայց ասելիքի մեջ այդպես էլ բովանդակություն չկար: Հայաստանի սահմանների շուրջ նույնպես անհասկանալի իրավիճակ է։ Սոթքի հանքավայրի մի մասն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, հիմա էլ տեղեկություններ են շրջանառվում, թե ադրբեջանցիները այս կամ այն հատվածում փորձում են իրենց դիրքերը այնպիսի հատվածով անցկացնել, որպեսզի կարողանան վերահսկողություն ունենալ ստրատեգիական ճանապարհների կամ բարձունքների վրա»։

Օրեր շարունակ մտահոգություններ և ահազանգեր են հնչում այս կապակցությամբ, սակայն իշխանությունները ընդունակ չեն արձագանքել իրավիճակին։ GPS-ով սահման որոշելու անվան տակ նրանք խուսափում են որևէ քայլ կատարել այն դեպքում, երբ խոսքը Հայաստանի բնակավայրերի անվտանգության մասին է։ Նույնիսկ լինում են դեպքեր, երբ ադրբեջանցիները գալիս և պահանջում են, որ հայերը որոշակի տարածքներ զիջեն, և նրանց հետ ստիպված են լինում բանակցել հենց սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն ու համայնքապետները, քանի որ, ինչպես քանիցս շեշտվել է, Հայաստանում փաստացի անիշխանություն է։ Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանն ասում է, թե ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել, բայց մյուս կողմից հասկանալի է, որ կան բազմաթիվ անհասկանալի ու չլուծված հարցեր, որոնք, ըստ Փաշինյանի, «պետք է լուծել սառը, հանդարտ, աշխատանքով»: Խոսքն, իհարկե, առաջին հերթին սահմանների ճշգրտմանն է վերաբերում, վիճակ, որում հայտնվել ենք իր աթոռը ամուր պահող Փաշինյանի պատճառով: Ու ընդհանրապես իրավիճակն այնպիսին է, որ պետական համակարգը կազմաքանդված վիճակում է և ի վիճակի չի կատարել իր պարտավորությունները։

Դա գալիս է նրանից, որ Փաշինյանի՝ խայտառակ պարտություն կրած իշխանությունը կորցրել է իր հանրային վստահությունը և ի վիճակի չէ շարունակել իր գործառույթները։ Ուստի իրադրության հանգուցալուծման ճանապարհներից մեկը կարող է լինել այն, որ Հայաստանում նոր իշխանություն ձևավորվի, որը կընդգրկի կարող և բանիմաց մարդկանց։ Եվ նոր իշխանության կարևորագույն խնդիրներից մեկն էլ պետք է լինի ապահովել Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական, տնտեսական ու սոցիալական անվտանգությունը և ապահովել արտահերթ ընտրություններ։ Բայց քիչ չէ, որ Փաշինյանը չի կարողանում անվտանգային խնդիրներին լուծում տալ, մյուս կողմից էլ խոչընդոտում է, որ բանիմաց մարդիկ գան իշխանության և այս վիճակից դուրս գալու ելքեր փորձեն փնտրել։ Այնպես որ, Փաշինյանի՝ իշխանության մնալու յուրաքանչյուր օրը վնաս է Հայաստանի և Արցախի համար։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ