«Հրապարակ»-ը գրում է․ «Կառավարությունն այլեւս առաջվանը չէ։ Վաղուց չէինք եղել գործադիրի նիստին, երեկ եղանք, ու անմիջապես աչքի զարնեցին փոփոխությունները, որոնք, հաստատ, դեպի լավը չէին։ Նախ՝ կառավարության շենքը դրսից մի քանի շերտով շրջապատել էին ոստիկանները։ Ներսից էլ լուսամուտները պատել էին ճաղավանդակներով, որ եթե հանկարծ ցուցարարներին հաջողվի ճեղքել մահակներով ու վահաններով զինված ոստիկանական պատնեշը եւ կոտրել լուսամուտները, միեւնույն է՝ ներս մտնել չկարողանան։ Հայաստանում «ժողովրդավարությունը» երբեք այսքան վանդակապատ չի եղել։
Շենքի ներսում եւս պատկերը, մեղմ ասած, հուսադրող չէր։ Նախ, փոփոխություններ էին կատարվել լրագրողների «աշխատանքային միջավայրում»։ Մեզ այլեւս չի թույլատրվում բարձրանալ եւ կանգնել կառավարության նախասրահի աստիճանների վրա, որտեղից ավելի հեշտ էր մեզնից ճողոպրող նախարարներին «որսալը»։ Ասացին՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Թե 2.5 տարի անց ինչով են լրագրողները սկսել սպառնալ 5-րդ հարկում պինդ փակված վարչապետի անվտանգությանը, այդպես էլ ո՛չ անվտանգության ծառայությունից, ո՛չ լրատվական վարչությունից հոդաբաշխ պատասխան չստացանք։ Թերեւս նաեւ այդ առիթից օգտվելով՝ նախարարների եւ մյուս պաշտոնյաների մեծ մասը ընդամենը մի քանի րոպե տեւած կառավարության նիստից հետո, բառի բուն իմաստով, ճողոպրեց ետնամուտքով՝ չպատասխանելով մեր ոչ մի հարցի։
Նիկոլ Փաշինյանին դեռ «մեծարգո պարոն վարչապետով» դիմող Սուրեն Պապիկյանին, օրինակ, ուզում էինք մի քանի հարց ուղղել, սակայն նա հրթիռի արագությամբ փախավ մեր տեսադաշտից այնպես, որ չհասցրինք անգամ դեմքի արտահայտությունը ֆիքսել՝ արդյոք գո՞հ էր կատարվածից, որ Արցախի 80 տոկոսը չկա, իսկ իր պատասխանատվության ներքո գտնվող Սյունիքի մարզից էլ թշնամին ամեն օր մի կտոր հող է մեզնից խլում։ Եվ մեկը չկա պատկան մարմիններից, որ դրանց հետ մղի կամ հետները բանակցի եւ թույլ չտա, որ Հայաստանը մաս-մաս հանձնենք թշնամուն։
Նույնկերպ վայրկենական անհետացավ նաեւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, հայտնի սորոսական Արմեն Գրիգորյանը, ով ժամանակին համբերատար կանգնում ու պատասխանում էր մեր հարցերին։ Նրան էլ բազմաթիվ հարցեր ունեինք՝ թե՛ սորոսականների գործունեության մասին պատրաստված հայտնի ֆիլմից, թե՛ իր քեռու՝ գեներալ Մովսես Հակոբյանի արած սկանդալային հայտարարություններից, թե՛ իր ոլորտից՝ Հայաստանի անվտանգությունից, որն այսօր, առավել քան երբեւէ, վտանգված է։ Վերջերս ՊՎԾ պետ նշանակված իմքայլական նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանն էլ, ով ԱԺ-ում լրագրողների հետ շփվելու խնդիր չուներ, երեկ թեպետ գլխավոր մուտքից դուրս եկավ, բայց արդեն հստակ որոշած, որ չի խոսելու՝ իրեն հարմար չէ։ Ու հեռացավ՝ դուրս գալով կառավարության բակ, որտեղ բազմաթիվ ցուցարարներ պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ վանկարկելով․ «Նիկո՛լ, դավաճա՛ն»։
Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունում փոփոխություններ եղան, որոշ նախարարներ ազատվեցին պաշտոնից, նրանց փոխարեն նշանակվեցին նորերը։ Օրինակ՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին փոխարինեց ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը։ Նա, պարզվեց, լրագրողների հետ շփման ո՛չ փորձ ունի, ո՛չ՝ մոտեցում։ Նա այնպես էր նայում մեր դեմքին եւ այնպիսի ռեակցիա էր տալիս մեր հարցերին, ասես Մարսից էինք իջել։ Նրանից այդպես էլ որեւէ հոդաբաշխ միտք չկարողացանք կորզել։ Նա անգամ չէր գիտակցում այն պարզ հանգամանքը, որ նախարարի պաշտոնը քաղաքական է, եւ ինքը, ստանձնելով նախարարի կարգավիճակ, ավտոմատ դառնում է քաղաքական դեմք, կիսում է քաղաքական պատասխանատվությունը տվյալ կառավարության քայլերի համար եւ պարտավոր է պատասխանել նաեւ քաղաքական հարցերի։
Ի դեպ, Դումանյանը մինչեւ նախարար նշանակվելը, ԵՊՀ գիտխորհրդի անդամ էր, իսկ գիտխորհուրդը առաջիններից մեկը պահանջեց Փաշինյանի հրաժարականը, դրանից ընդամենը մի քանի օր անց նա նշանակվեց նույն Փաշինյանի կառավարությունում նախարար։ Երեկ մեր այս հարցին ի պատասխան՝ նախարարն այդպես էլ որեւէ հասկանալի, տրամաբանական պատասխան չտվեց՝ կոչ անելով հետեւել մամուլին, որտեղ, իբրեւ թե, ինքը պարզաբանել է։ Երբ խնդրեցինք կրկին պարզաբանել, քանզի նրա պարզաբանումը չէինք մտաբերում, նա ինչ-որ անհասկանալի մտքեր արտաբերեց։ Մի խոսքով, մեր ջանքերը՝ նրան բացատրել այն պարզ ճշմարտությունը, որ ինքը քաղաքական պաշտոն է զբաղեցնում եւ պարտավոր է պատասխանել նաեւ քաղաքական հարցերի, անցան ապարդյուն։ Ավելին, նրա կարծիքով, ինքը կառավարության ներկայացուցիչ է, ոչ թե անդամ։ Եվ շարունակ կրկնում էր՝ ինձ ԿԳՄՍ-ին վերաբերող հարցեր ուղղեք։ ԿԳՄՍ-ին վերաբերող հարց էլ ուղղեցինք՝ նկատելով, որ կառավարության ներկայացրած «Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխության նախագիծը, որով բուհերի ռեկտորները դրա արդյունքում նշանակվելու են նախարարի կողմից, դժգոհություն է առաջացրել։ Բայց Դումանյանն անգամ իր ոլորտին վերաբերող հարցերին սպառիչ պատասխան չուներ։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս փոփոխության արդյունքում նախկին նախարար Արայիկ Հարությունյանը դառնա ԵՊՀ ռեկտոր, քանզի նման տեղեկություններ կան մամուլում, Դումանյանն ասաց․ «Ես զարմանում եմ, թե Դուք ոնց եք օրենքը կապում անձի հետ․․․ որովհետեւ նման բան գոյություն չունի»։ Այսինքն՝ Արայիկ Հարությունյանը չի՞ դառնա ԵՊՀ ռեկտոր։ Դումանյանն արդեն հեռացել էր։
Եկավ Արարատի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը։ Նա էլ, պարզվեց, տեղյակ չէ, թե ինչու է նշանակվել մարզպետ, էլ չենք ասում՝ չգիտեր, թե ինչու է պաշտոնից ազատվել նախկին մարզպետ, «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանը։ Մենք Թեւոնյանին հիշեցրինք, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններին նա «Մենք» դաշինքով առաջադրվել էր որպես պատգամավորի ռեյտինգային թեկնածու, սակայն այդպես էլ խորհրդարան չանցավ։ Հիմա ինչպե՞ս ստացվեց, որ «Իմ քայլի» ձեւավորած կառավարությունում դարձավ մարզպետ։ «Կառավարությանը հարցրեք»,- ասաց Թեւոնյանն ու փորձեց հեռանալ։ Տարօրինակ է, որ նա անգամ չուղղեց մեր վրիպակը՝ ոչ թե «Մենք» դաշինքով է մասնակցել, այլ՝ «Ելքով»։ Երբ դեռ չէր հասցրել հեռանալ, փորձեցինք հետաքրքրվել նաեւ՝ արդյոք շարունակելո՞ւ է Գարիկ Սարգսյանի գրանդիոզ նախագիծը՝ Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան հիմնելու գաղափարի իրագործումը։ Բայց Թեւոնյանը շտապեց վայրկյան առաջ գլուխն ազատել լրագրողներից, ովքեր իրեն «տարօրինակ» հարցեր էին ուղղում, որոնցից ինքը գլուխ չէր հանում։ Մնում է հասկանալ՝ ինչպե՞ս է գլուխ հանելու մարզպետի գործառույթներից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը