08 12 2020

Երեք նա­խա­գահ­նե­րի մո­տե­ցում­ներն ու Փա­շի­նյա­նի հե­ռա­նա­լու հրա­մա­յա­կա­նը․ «Փաստ»

Երեք նա­խա­գահ­նե­րի մո­տե­ցում­ներն ու Փա­շի­նյա­նի հե­ռա­նա­լու հրա­մա­յա­կա­նը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված պատերազմը և դրա ծանր հետևանքները բոլորովին նոր իրավիճակ են ստեղծել երկրում։ Այսօր ամենևին ստանդարտ վիճակ չէ, ու լուծումներն էլ չեն կաող լինել ստանդարտ, այդ թվում՝ լեգիտիմության, «ժողովրդի քվե ստանալու» և նմանատիպ այլ «փաստարկների» առումով: Խոսքը վերաբերում է հայ ժողովրդի գոյության և կենսապահովման խնդիրներին։

Անշուշտ, այսպիսի ծանր իրավիճակում նախկին նախագահներն ուղղակի չէին կարող անտարբեր գտնվել և իրենց խոսքը չասել։ Թերևս դրանով է պայմանավորված նրանց ակտիվությունն ինչպես պատերազմի ընթացքում, երբ անգամ տեղի ունեցավ անհավանական թվացող հանդիպում, այնպես էլ պատերազմի ավարտից հետո։ Խնդիրն այն է, որ նախկին նախագահները քաղաքական մեծ ճանապարհ են անցել, հսկայական փորձ են կուտակել և անմիջականորեն մասնակցել են Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, այդ թվում՝ բանակցություններին, ու տիրապետում են խնդրի կարգավորման հետ կապված ամենատարբեր նրբությունների։ Բայց ցավով պետք է նշել, որ ներկայիս իշխանությունները երկրորդական նշանակություն հաղորդեցին նախկին երեք նախագահների առաջարկներին, և առաջին ու երկրորդ նախագահներն այդպես էլ չմեկնեցին Մոսկվա։

Ի վերջո, նոյեմբերի 9-ին հրադադարի մասին հայտարարության ստորագրմամբ Նիկոլ Փաշինյանը բոլորիս դրեց խայտառակ ծանր կացության մեջ։ Եվ երբ Փաշինյանը իբր պատասխանատվություն ստանձնելով, պատասխանատվությունից խուսափելու փորձեր է կատարում և ձգտում այն տարածել նախկինների, բանակի, ժողովրդի, մի խոսքով՝ իրենից ու իր թիմից բացի բոլորի վրա, նախագահները հերթով բացահայտում են Նիկոլի ստերը և փաստերի խեղաթյուրումները։ Նախագահների մոտեցումներ, ու տեսակետները, բնականաբար, շատ հարցերում տարբեր են, սակայն ըստ էության համընկնում են գոնե մի հարցում, որ Նիկոլ Փաշինյանի՝ որպես պարտված ղեկավարի հեռացումն այլընտրանք չունի։ Երկրորդ նախագահ Քոչարյանի հարցազրույցն աչքի ընկավ փաստարկված քննադատությամբ, լուծումների հստակ տեսլականով, ընդ որում՝ գրեթե մեկ ժամվա ընթացքում գեթ մեկ անգամ չտալով Նիկոլ Փաշինյանի անունը:

Ըստ երևույթին Քոչարյանի հարցազրույցն էր պատճառը, որ հաջորդ օրն առավոտ կանուխ Նիկոլ Փաշինյանը, մի քանի օր հանրության աչքին չերևալուց հետո, հերթական ուղիղ եթերի միջոցով կրկին արդարանալու փորձեր կատարեց՝ պարտակելով իր անմիջական սխալների ու բացթողումների հարցը։ Ուշագրավ է, որ ամբողջ պատերազմի ընթացքում և առավել ևս պատերազմից հետո թշնամական պետության ղեկավարը ծաղրել ու վիրավորել է իրեն, սակայն Փաշինյանը գեթ մեկ բառով չի համարձակվել պատասխանել, իսկ ահա ընդդիմադիրներին, առավել ևս նախկին նախագահներին պատասխանելու առիթը բաց չի թողնում: Ավելին, իր որոշ նորելուկ պատգամավորներ կարող են իրենց թույլ տալ սթափության կոչ անել Հայաստանի առաջին նախագահին, որին իր ինտելեկտով, փորձառությամբ ու վաստակով ամբողջ «իմքայլական» թիմի հետ նույնիսկ համեմատելն է սրբապղծություն:

 

Ի դեպ, վերադառնալով պատասխանելու թեմային՝ նշենք, որ Ալիևին պատասխանեց հենց Քոչարյանը, այն էլ բավականին կոշտ. «Հիմա աքլորացել է, իրեն լավ է զգում։ Հայրը ողջ լիներ, ականջը կքաշեր, կասեր՝ խելոք մնա»: Ստեղծված իրադրության շուրջ պարբերաբար մեկնաբանություններով է հանդես գալիս նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ նրա գրասենյակը։ Նա ևս կարծում է, որ Փաշինյանը պետք է հեռանա, ավելին, երբեմն իր մամուլի քարտուղարի միջոցով կոշտ ու անգամ վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս իր «հոգեզավակի» հասցեին, սակայն Տեր-Պետրոսյանի մոտեցումները ինչ-որ առումով վերապահումներ ունեն։ Մեղմ ասած: Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը միանշանակ իրավացի է, երբ խոսում է քաղաքացիական պատերազմի անթույլատրելիության մասին, դրա սարսափելի վտանգների մասին: Սակայն ուշագրավ է, որ Տեր-Պետրոսյանը, բռնության թեման քննարկելով, անդրադարձ է կատարում 1996 և 2018 թվականների դեպքերին։ Հատկապես շեշտադրվում է 2018-ի աշնանը Փաշինյանի կողմից խորհրդարանը գրոհելու իրադարձությունները, բայց չի անդրադառնում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին, երբ բախումների հրահրման ժամանակ հենց հրահրող Նիկոլ Փաշինյանի «հոգին փառավորվում էր»։

Մյուս կողմից՝ հասկանալի չէ, թե ստեղծված իրավիճակից դուրս գալու ինչ ելքեր է առաջարկում առաջին նախագահը։ Նա խոսում է սահմանադրական ճանապարհի մասին, բայց այդպես էլ չի մանրամասնում, թե ո՞րն է այդ ճանապարհը, քանի որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման տարբեր սահմանադրական ճանապարհներ կարող են լինել։ Տպավորություն է, որ վերջինս ցանկանում է հա՛մ մեխին հարվածել, հա՛մ էլ նալին, այսինքն՝ յուրօրինակ կերպով տարանջատվել Նիկոլ Փաշինյանից, բայց և «պահել» նրան։ Իսկ ինչ վերաբերում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, ապա վերջինս ևս իր գրասենյակի անունից տարածված հայտարարությամբ ընդգծում է, որ երկրի շահերից չի բխում, որ պարտված ղեկավարը շարունակի մնալ իշխանության ղեկին։ Իհարկե, այս ընթացքում Սարգսյանը, ի համեմատություն առաջին և երկրորդ նախագահների, որոշակի պասիվություն է ցուցաբերել հրապարակային խոսքի առումով, թեկուզ այստեղ, հասկանալի պատճառներով, կա օբյեկտիվ գործոն։

Սակայն հենց միայն ներքոբերյալ հատվածը փաստացի բնութագրում և ամփոփում է այն գնահատականը, որի առումով ոչ միայն երեք նախագահները, այլև հանրության գերակշիռ մեծամասնությունը միակարծիք է. «Այլևս փաստ է, որ պատմության մեջ նորանկախ Հայաստանի նախկին բոլոր իշխանությունները հիշատակվելու են որպես Հայրենիքը արժանապատվորեն պաշտպանած, հաղթանակած և հողեր ազատագրած իշխանություններ, իսկ դու՝ հանուն աթոռիդ պատերազմում անարժանապատվորեն պարտված, Արցախի հողերը հանձնած, բանակցություններ վարելու անընդունակ, Արցախի և Հայաստանի անվտանգությունը լրջագույն հարվածի տակ դրած վախկոտ և ժողովրդի կողմից դավաճանի խարանը ճակատին դրոշմված ղեկավար: Պատմությունը գրվում է փաստերով»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ