168.am-ը գրում է․ «168.am-ի հավաստի տեղեկություններով, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն այսօր Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ներկայացրել ինչ-ինչ առաջարկներ:
168.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը մեր հարցին՝ եղե՞լ է նման հանդիպում, պատասխանեց. «Չունեմ նման տեղեկություն, որ հաստատեմ կամ հերքեմ»:
Մենք փորձեցինք տեղեկության վերաբերյալ պարզաբանում ստանալ նաև Վիտալի Բալասանյանից, սակայն մեզ չհաջողվեց կապ հաստատել նրա հետ:
Հիշեցնենք, այսօր Վիտալի Բալասանյանը կոչ-հայտարարությամբ էր հանդես եկել՝ դիմելով ողջ հայությանը, որում ասվում էր․
«Հայրենակիցներ,
2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը, Թուրքիայի բացահայտ դրդմամբ, լայնամասշտաբ պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով։
Մեկ ամիս է` հայ մարդը կյանքի ու մահվան կռիվ է մղում ոխերիմ թշնամու դեմ։
Այս օրհասական պահին իմ կոչն եմ ուղղում Արցախում, Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր արցախցիներին, իմ մարտական ընկերներին ու ողջ հայությանը. վտանգված է մեր պետությունն ու պետականությունը, մեր հայրենիքը, Արցախն ու հայությունը, այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը