08 10 2020

Ինչո՞վ մխիթարես մահվան ցավից խենթացող մայրերին․ «Հրապարակ»

Ինչո՞վ մխիթարես մահվան ցավից խենթացող մայրերին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ ողջ երկիրը սգում էր՝ մեկ օրվա ընթացքում 80 նոր զոհի մասին հաղորդեցին։ Զոհերի քանակը հասավ 320-ի, եւ սա դեռ վերջը չէ։ Հայաստանի նման փոքր երկրի համար ահռելի թիվ։ Վերքի նման նվվացող այս ցավն ինչպե՞ս ենք հաղթահարելու։ Ի՞նչ բառեր ենք գտնելու 19-20 տարեկան երեխաների մահվան ցավից խենթացող մայրերին մխիթարելու համար։

Ինչպե՞ս ենք հաղթահարելու այս արհավիրքը, որի վերջը դեռ չի երեւում։ Ոչ մի որդեկորույս մոր, ոչ մի սգացող հոր ցավը հնարավոր չէ մեղմել թշնամու բազմահազար կորուստներով, հակառակորդին հուժկու հակահարված տալու լուրերով։ Նրանք ամեն մեկը մի տան ճրագ էին, մի օջախի սյուն, որը հանկարծ տապալվեց՝ ընտանիքներին անամոք վիշտ պատճառելով։ 90-ականների պատերազմից հետո քանի՞ տարի պահանջվեց, որ հասարակությունը շտկի մեջքը, ամոքի կորստի ցավը, մխիթարվի ու հոգեկան հավասարակշռություն ձեռք բերի։ Տասնյակ տարիներ մեր հասարակությունը կրում էր պատերազմի ծանր բեռն ու բուժում վերքերը։ Այսօր նորից մենք հայտնվել ենք այդ մսաղացում, եւ հայտնի չէ, թե երբ նորից կվերականգնվենք։

Մեր փոքրիկ, բայց հերոս ժողովրդին, փաստորեն, 30 տարվա մեջ շատ փորձություններ բաժին ընկան՝ երկրաշարժ, երեք պատերազմ, համակարգային փոփոխություններ, համաճարակ, հեղափոխություն, հեղաշրջում, շրջափակում, տնտեսական ճգնաժամ, արտագաղթ ու ներգաղթ եւ ամենաողբերգականը՝ իր ամենալուսավոր ու փայլուն զավակներին, որոնք պիտի ապրեին ու ծաղկեցնեին մեր երկիրը, պարբերաբար հողին հանձնելու տարաբախտություն։ 30 տարուց ավելի ձգվող այս սեւ շրջանը մի օր, անշուշտ, ավարտվելու է, եւ մենք ապրելու ենք խաղաղ, ստեղծագործ, բարեկեցիկ կյանքով։ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածներին փոխարինելու են նոր հերոս հայորդիներ, բայց այս կորստի կսկիծը մնալու է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ