07 09 2020

Կառավարությանը թվում է, թե ասֆալտ փռելով՝ երկիրը կարող է հանել այս փոսից․ 168.am

Կառավարությանը թվում է, թե ասֆալտ փռելով՝ երկիրը կարող է հանել այս փոսից․ 168.am

168.am-ը գրում է․ «Կառավարությանը թվում է, թե ասֆալտ փռելով՝ երկիրը կարող է հանել այն փոսից, որի մեջ հայտնվել է։ Որքան էլ կապիտալ ծախսերը կարևոր են՝ երկարաժամկետ և կայուն աճ ապահովելու տեսակետից, այնուհանդերձ, դա շատ քիչ է տնտեսությունն այս վիճակից հանելու համար։ Տնտեսությունն այս վիճակից հանելու համար հարկավոր են տնտեսական ծրագրեր, այն էլ՝ այնպիսի ծրագրեր, որոնք կունենան համակարգային բնույթ:

Եթե իշխանափոխությունից առաջ նման հատուկենտ ծրագրեր դեռ կարելի էր տեսնել, ապա իշխանափոխությունից հետո այդպիսիք ընդհանրապես չկան։ Վերջին տարիներին Հայաստանում ոչ մի խոշոր ներդրումային ծրագիր առաջ չի քաշվել, էլ չասենք, թե մեկնարկել է։ Ինչ էլ եղել է, մնացել է նախորդ իշխանություններից։

Ասենք՝ Երևանում նոր ջերմային կայանի կառուցումը, որի հիմքերը դրել էին նախորդները։ Նորերը եկան՝ վերաթարմացրեցին, բայց միևնույն է, ծրագիրը գալիս է նախկիններից։

Նույն էներգետիկ համակարգում այժմ էլ որոշել են վերաթարմացնել Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկական հանգույցի կառուցման ծրագիրը, որով պիտի միացվեն Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտրահաղորդման գծերը։ Այս ծրագրի նախաձեռնությունը վաղուց է գալիս։ Ժամանակին այն ընդհատվեց, որովհետև բավական լուրջ ֆինանսական ծանրաբեռնվածություն էր նախատեսում պետության վրա՝ պարտքի ավելացման տեսքով։ Առավել ևս, որ շատ հարցեր կային դրա հետագա արդյունավետության հետ կապված։

2 տարի սառեցված մնալուց հետո կառավարությունը որոշել է այն վերաբացել՝ ստանձնելով նաև լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ։ Չնայած դրան, նախկինում եղած մտահոգություններն ամենևին էլ չեն փարատվել։ Այսօր էլ դրանք նույնությամբ պահպանվում են՝ թե՛ պետական պարտքի բեռի ավելացման, և թե՛ շահագործման արդյունավետության առումով։

Ընթացքում է Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, որը պետք է ավարտվեր դեռ 2018թ. վերջին։ Այս ծրագրի հիմքերը ևս վաղուց են դրվել։ Կառուցման ժամկետները բազմիցս հետաձգվել են, այդ թվում՝ այս իշխանությունների կողմից։ Հիմա էլ ակնկալվում է ծրագիրն ավարտել այս տարի։ Թեև հավանականությունը շատ քիչ է։

Նախկինից եկած այսպիսի խոշոր ծրագրեր էլի կարելի է թվարկել, որոնք, չնայած չէին մեկնարկել, բայց դրանց ուղղությամբ որոշակի աշխատանքներ կատարվում էին։ Այսօր այդ ծրագրերի մասին ոչ մեկը չի էլ խոսում։ Ոչ թե այն պատճառով, որ առանց խոսելու գործն առաջ է գնում, այլ այն պատճառով, որ դրանք հանվել են կառավարության օրակարգից։

Հավանաբար շատերը կհիշեն, թե իշխանափոխությունից հետո  «նորերն» ինչպիսի ոգևորությամբ էին խոսում չինական կապիտալի մասնակցությամբ Հայաստանում պղնձաձուլարան կառուցելու մասին։ Ներդրումային ծրագիրը գնահատվում էր 250-300 մլն դոլար։ Այսօր այդ ծրագրի մասին խոսք չկա։

Իսկ ո՞ւր անհետացավ Մեղրի հէկ-ի կառուցման նախաձեռնությունը։ Կամ ի՞նչ եղավ Իրանի սահմանին ազատ տնտեսական գոտի հիմնելու ծրագիրը, որի հետ ժամանակին մեծ հույսեր էին կապում։ Ակնկալվում էր, որ այն կարող է դառնալ կապող օղակ Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև։

Նախկինից եկած տնտեսական խոշոր ծրագրեր էլի կան։ Ոչինչ, որ դրանց որոշ մասը գուցե և հիմնավոր կամ արդարացված չէր։ Բայց այսօր նույնիսկ նման ծրագրեր առաջ չեն քաշվում։

Հույսը մնացել է ասֆալտ փռելը։ Իշխանության հեղինակության անկման ֆոնին՝ դա, անշուշտ, ազդում է հասարակության տրամադրությունների վրա, մարդիկ տեսնում են, որ քարուքանդ ճանապարհները, որոնք տարիներ շարունակ չեն ասֆալտապատվել, հիմա ասֆալտապատվում են, մանկապարտեզ ու դպրոց են վերանորոգում։

Այնպես չէ, որ նախկինում նման բաներ չէին արվում։ Նախկինում էլ էր արվում, ուղղակի նախկինները չէին «հասկանում», որ մի 400-500 մետր ճանապարհի ասֆալտապատումը կարելի է օգտագործել սեփական փիառի համար։

Նախկինում դա գուցե և մեծ բան չէր համարվում։ Հիմա 400-500 մետր ճանապարհ ասֆատապատելը մեծ իրադարձություն է դառնում, մարզպետն է դրա ֆոնին նկարվում ու տեղադրում Ֆեյսբուքում, հետո գալիս է նախարարի հերթը, վերջում էլ վարչապետն է այդ «պատմական» իրադարձությունը ևս մեկ անգամ անմահացնում։

Անշուշտ, լավ է, որ գյուղական ճանապարհները բարեկարգվում ու ասֆալտապատվում են։ Բայց տնտեսության ապագան ասֆալտ փռելու մեջ չէ։ Ասֆալտ փռելով՝ տնտեսություն չի զարգանա։

Տնտեսություն զարգացնելու համար ներդրումներ են պետք։ Իսկ ո՞ւր են վարչապետի խոստացած ներդրումները։ Էլ պատճառ չմնաց հիմնավորելու, թե ինչու չեկան ներդրումները։

Հիմա էլ փորձում են պետություն-մասնավոր համագործակցությամբ ներդրողներին գայթակղել։ Բայց նույնիսկ դա չի հաջողվում։

Գրեթե 6 ամիս է, ինչ կառավարությունը հայտարարել է հակաճգնաժամային միջոցառումների շարքում զարգացման ծրագրեր ֆինանսավորելու մասին։ Այդ նպատակի համար 50 մլրդ դրամի կամ 100 մլն դոլարի կարգի գումար է հատկացվել։

Թե դրանով քանի զարգացման, առավել ևս՝ խոշոր բիզնես-պրոյեկտներ կարելի է ֆինանսավորել, թողնենք մի կողմ։ 5 ամիս է անցել, բայց դեռ որևէ ծրագիր չի մեկնարկել։

5 ամսում հաստատվել է ընդամենը 1 ծրագիրը՝ Հայաստանում կորեական ավտոբուսների հավաքման վերաբերյալ, սակայն հայտնի չէ, թե այն երբ կարող է մեկնարկել, կամ ընդհանրապես կմեկնարկի՞, թե՞ ոչ։ Այդ ծրագրի արդյունավետության հետ կապված հարցականները չափազանց շատ են։ Ու պարզ չէ, թե կառավարությունը որքանով է կշռադատել դրանց հետ կապված ռիսկերը։

Այնինչ, ճգնաժամերի պայմաններում տնտեսական ծրագրերը պետք է հնարավորինս արագ մեկնարկել՝ ֆինանսական ներարկումների ճանապարհով տնտեսությանը խթաններ հաղորդելու համար։ Բայց Հայաստանում ամեն ինչ շատ դանդաղ է առաջ գնում։ Թողնում ենք, մինչև դանակը հասնի ոսկորին։

Արդյունքում՝ տուժում է տնտեսությունը, ավելանում են կորուստները, խորանում է սոցիալական լարվածությունը։ Երկիրը մի լավ օրի չէր, հիմա ամեն ինչ ավելի վատ է։ Ճգնաժամի պատճառով տնտեսությունը ևս մի քանի տարով հետ շպրտվեց։

Արագ վերականգնվելու համար մեծ ֆինանսական միջոցներ են պետք և լուրջ ներդրումային ծրագրեր։ Իսկ մեր կառավարության հույսը վարկերն են ու ասֆալտ փռելը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ