04 09 2020

Ես խնդրել էի թույլ տալ օգոստոսից սկսել դասերը, բայց մերժեցին․ Գայանե Սողոմոնյան․ «Հրապարակ»

Ես խնդրել էի թույլ տալ օգոստոսից սկսել դասերը, բայց մերժեցին․ Գայանե Սողոմոնյան․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Համաճարակային իրավիճակից ելնելով՝ այս տարի ուսումնական գործընթացը դպրոցներում մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից՝  ԿԳՄՍՆ-ի կողմից հրապարակված ուղեցույցի համաձայն, որն այս օրերին թեժ քննարկումների տեղիք տվեց։

Թե որքանով են իրատեսական ուղեցույցում ներառված պահանջները, եւ հատկապես տարրական դասարանի աշակերտները որքանով կկարողանան պահպանել դրանք, «Վարդանանք» կրթահամալիրի հիմնադիր, Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նախկին պետ Գայանե Սողոմոնյանն ասում է, որ միանգամից ասել՝ ուղեցույցը լավն է կամ վատը՝ ճիշտ չէ, որովհետեւ դրա համար դեռ բավարար գիտելիքներ են պետք, ժամանակ, որպեսզի հասկանանք, թե ինչն է ճիշտ գրված, ինչը՝ սխալ։  

 

«Ես մտածել եմ, թե կոնկրետ ինչ եմ անելու իմ դպրոցում, դրա համար ձեռք եմ բերել բակային դասարաններ ձեւավորելու հնարավորություններ, իրեր, գույք։ Ես ունեմ տարածք եւ 22 դասարան, որից 12-ը բակում եմ ձեւավորել՝ թե՛ տարրական, թե՛ հիմնական եւ ավագ դասարաններում։ Դասացուցակը բաժանել ենք մի քանի մասերի․ երեխաներն առավոտյան գալիս են տնից, նրանց մի մասը բակում է, մի մասը՝ դասարանում։ Պահպանելով պարետի սահմանած բոլոր կանոնները՝ երեխաները նախաճաշում են բակում»,- ասում է տիկին Սողոմոնյանն ու հավելում, որ պետք է հնարավորություն ստեղծենք՝ եղածի մեջ գտնելու ռացիոնալը, որպեսզի երեխան քիչ կրի այդ դիմակը․ «Ես մեծ մարդ եմ, կրում եմ դիմակ, եւ ինձ մոտ տախիկարդիա է առաջանում, իսկ, օրինակ, իմ թոռնիկը երբ կրում է դիմակ, զայրանում է, իսկ այդպիսի «թոռնիկներ» ես շատ ունեմ դպրոցում։ Երեխան երբ դասասենյակ մտավ, դիմակ կկրի, դասապրոցեսից դուրս գերջանքեր են պահանջվելու՝ նրանց կառավարելու, դիմակ պարտադրելու համար»։ 

Սողոմոնյանը կարծում է, որ այսօր անգամ նախարարն ու նախարարությունը չունեն մի շարք հարցերի պատասխաններ, որովհետեւ գործ ունենք անկառավարելի մի պրոցեսի՝ համավարակի հետ․ «Ես այսօր զարմանում եմ մարդկանց ըմբոստության վրա, բաներ կան, որ ինձ էլ դուր չեն գալիս, բայց պետք է հասկանանք՝ ոնց անենք, որ շահողը լինի երեխան։ Դրա համար պետք է հնարավորինս ստեղծել այնպիսի պայմաններ, որ բնության գրկում անցկացնեն այդ ժամերը, եւ, փառք Աստծո, եղանակային պայմաններն այսօր ստեղծում են այդ նախադրյալները, որպեսզի երեխաներին բակ բերենք, իսկ բոլոր դպրոցներն ունեն բակային տարածքներ, չեն կարող ասել՝ չկա։ Պետական դպրոցների մեծ մասը կկարողանա բակերում դասասենյակներ ձեւավորել։ Մենք ունենք այնպիսի դպրոցներ, որ գրեթե դատարկ են։ Այդ դատարկ տարածքները թող դարձնեն մեծ դասասենյակներ եւ օգտագործեն, ոչ թե բողոքեն»։

Նա համաձայն չէ այն դիտարկումներին, որ միջանցքներում, բաց տարածություններում ուսուցիչների ձայնն արձագանքում է․ «Դա արդեն սուտ են խոսում, ի՞նչ է նշանակում՝ արձագանքում է։ Վերցնենք 2 փոքրիկ սրճարան, որ իրար կողքի են։ Մենք այս սրճարանում նստած լսո՞ւմ ենք, թե կողքի սրճարանում ինչ են խոսում։ Չի կարելի ծայրահեղացնել։ Այնպես չէ, որ իմ բակային տարածքները հեկտարներ են, բայց այսօր արդեն 2 տաղավար մոտավոր գծեցինք, դրեցինք, ու ոչ մի ձայն ո՛չ լսվում է, ո՛չ արձագանքվում, չէ՞ որ այդպես նաեւ տարածություն ենք պահպանում»։ 

Այդուհանդերձ, կետեր կան, որոնց Գ․ Սողոմոնյանն էլ է դեմ, օրինակ՝ որ արգելվում է աշակերտներին գրատախտակին մոտենալ, ինչը նախարարը բացատրեց նրանով, որ երեխաները նույն կավիճից կօգտվեն, եւ վարակվելու ռիսկը կմեծանա․ «Ի՞նչ է նշանակում՝ երեխան գրատախտակին չպետք է մոտենա, կավի՞ճն է պատճառը։ Դասարանում կա 20 աշակերտ, 20-ն էլ մոտենալո՞ւ են գրատախտակին, անհնա՞ր է դասարանում ունենալ 5 կավիճ, չէ որ պետությունը ֆինանսավորում է պետական դպրոցներին, եւ կարող են կավիճ ձեռք բերել։ Սա խնդիր չէ, թող ամեն երեխա իր կավիճն ունենա, ինքն իր կավիճով մոտենա գրատախտակին, գրի, հետո վերցնի ու գա նստի տեղը։ Մեր դպրոցում այդպես է լինելու՝ ամեն երեխա ունենալու է իր կավիճը եւ իր կավիճով մոտենալու է գրատախտակին, իսկ 45 րոպեի ընթացքում ամենաշատը 5-6 երեխա կմոտենա գրատախտակին»։ 

Գուցե փոքր դպրոցների դեպքում հնարավո՞ր է իրավիճակը վերահսկել, կառավարել։ «Չկա նման բան՝ մեծ ու փոքր դպրոց․․․ երբ վարչության պետ էի աշխատում, այն ժամանակ ես տիրապետում էի դպրոցների վիճակին, աշակերտների սահմանային թվին եւ շենքային հնարավորություններին։ Ես վստահ եմ, որ մեր՝ Երեւանի դպրոցների մոտ 80 տոկոսը լիարժեք կարողանալու է այս ամենը կազմակերպել։ Ժամանակին դրա համար էինք ծնողներին ասում՝ մի կուտակեք երեխաներին մի դասարանում, դպրոց կար՝ գերբեռնված էր, դպրոց կար՝ թերբեռնված։ Դրա համար շատ ուրախ եմ այս էլեկտրոնային ընդունելության համար, որ վերջապես իրականացվում է, եւ եթե երեխային տանում էին տվյալ դպրոցը, դա դեռ չէր նշանակում, որ այն լավ դպրոց է, ուղղակի պրեստիժի պես մի հիվանդություն կար քաղաքում, ու թվում էր, թե այդ մի 2 դպրոցն են քաղաքում կրթություն տալիս, բայց դա բնավ այդպես չէ»։

Այն, որ շատ դպրոցների տնօրեններ իրենց մտահոգությունն են հայտնել, որ դպրոցում իրենց ամենամեծ դասասենյակը 50-51 քմ է, որից ընդամենը մի քանի հատ ունեն, ըստ այդմ ստացվում է, որ դպրոցները չեն կարողանալու պահպանել ուղեցույցում նշված մակերեսները եւ ստիպված պետք է մանեւրեն, Սողոմոնյանն ասում է․ «Դրա համար հնարավորություն գտնված է ուղեցույցում, ասում է՝ դասարանը բաժանի 2 խմբի, ինչո՞ւ եք ծուլանում 6 օր աշխատել, ամենափոքր դասասենյակը մեզ մոտ 42 քմ է, մենք կկարողանանք կազմակերպել դա, պարտադիր չէ, որ ուսուցչի էն ամենամեծ սեղանները բերեն ու դնեն դասարանի մեջտեղում։ Ո՞ր մի ուսուցիչն է 45 րոպեի ընթացքում աթոռին նստում, հիմնականում կանգնած են ուսուցիչները, ես, օրինակ, ուսուցչի սեղանը կհանեի դասասենյակից, հատկապես որ եթե այդ սեղանը մի աշակերտի տեղ է»։ Նա նշում է, որ կրթահամալիրը 320 աշակերտ ունի, իրենք նույնպես դասարանները կիսել են, ինչին ծնողներն ըմբռնումով են մոտեցել։    

«Ես առաջարկել, խնդրել էի նախարարին, որ թույլ տա օգոստոսին սկսենք ուսումնական գործընթացը, բայց ինձ մերժեցին՝ գրելով, որ նպատակահարմար չեն գտնում։ Իսկ ես ինչո՞ւ էի դա առաջարկում․ որովհետեւ ափսոս էր օգոստոսը, ոչ մի ընտանիք ՀՀ-ից դուրս չեկավ այս տարի, բոլորն էլ իրենց տներում էին, երեխաներն էլ անկապ վազելու փոխարեն կգային դպրոց, կպարապեին, եւ ընտանիքն էլ կկարողանար ռեալ իր կյանքը կազմակերպել։ Ես վստահ չեմ, թե ինչքան կտեւի այս ուսումնական գործընթացը, ինչքան կկարողանանք առկա ուսուցում կազմակերպել»,- ասում է նա ու ընդգծում, որ իր համար այս պարագայում՝ դպրոցների վերաբացման հետ կապված, շատ ավելի կարեւոր էր լսել առողջապահության նախարարի խոսքը, քան ԿԳՄՍՆ-ի, բայց «ինքը լուռ է, եւ ես իր լռությունը չեմ հասկանում, գուցե մարդիկ լռության մեջ ավելին են ասում, բայց ես այդ ավելին էլ չեմ հասկանում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ