168.am-ը գրում է․ «Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը կրկին լարվել է։ Թվում է, թե դա առիթ կտար, որպեսզի վերջապես իշխանությունները կողմնորոշվեն հանքի հետագա ճակատագրի շուրջ իրենց անելիքների հարցում։
Բայց ինչպես տեսնում ենք, քար լռություն է։ Կառավարությունը եփեց այս ամբողջ կաշան և հիմա ձեռքերը լվացել, մի կողմ է քաշվել։ Չի ուզում վերցնել իր բաժին պատասխանատվությունը։ Արդյունքում՝ մի կողմում մնացել է տնտեսվարողը, որը միլիոնավոր դոլարների ներդրումներ է արել, բայց 2 տարի շարունակ չի կարողանում իրացնել իր իրավունքները, իսկ մյուս կողմում մարդիկ են, ովքեր դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը։
Ակնհայտ է, որ խնդիրն իշխանության դաշտում է, բայց իշխանությունը չունի բավարար կամք ու վճռականություն այն հարթելու համար։ Չհաշված, որ ժամանակին, իր գործողություններով կամ անգործությամբ, մեծապես նպաստել է այն իրավիճակի առաջացմանը, որին այսօր բախվել ենք։
Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն ու իր ղեկավարած քաղաքական թիմն ամեն ինչ արեց, որպեսզի Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը հայտնվի փակուղում։
Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ տևական ժամանակ մարդկանց մոտ անվստահություն սերմանեցին ծրագրի իրականացման նկատմամբ և հույսեր արթնացրեցին, որ հանքը չի շահագործվի։ Հետո, երբ հասկացան, թե դրանով ինչպիսի լուրջ վնասներ են հասցրել երկրի տնտեսությանն ու ներդրումային հեղինակությանը, որոշեցին, որ պետք է թույլ տալ հանքը շահագործել, որովհետև այն արգելելու իրավական պատճառներ չկան։
Որոշեցին, բայց ոչինչ չարեցին՝ ընկերության բնականոն գործունեությունը վերականգնելու համար։
Հանք տանող ճանապարհները բացելու վերաբերյալ վարչապետի շուրջ մեկ տարի առաջ հնչեցրած կոչն այդպես էլ մնաց օդում կախված։ Հանք տանող ճանապարհները շրջափակած ակտիվիստները մնացին անդրդվելի, իսկ իշխանություններն այդ ընթացքում քայլ չարեցին խնդիրը կարգավորելու համար։
Պարզ է, որ այդ վիճակը չէր կարող անվերջ ձգվել և մի օր պիտի պայթեր։ Կարևոր չէ, թե դա ինչ պատճառով պիտի լիներ, միևնույն է, լինելու էր, որովհետև դրա համար իշխանությունները ստեղծել են բոլոր նպաստավոր պայմանները։ Մի կողմից՝ հայտարարում են, որ հանքի շահագործումը կասեցնելու պատճառ չկան, մյուս կողմից՝ 2 տարի շարունակ ոչինչ չեն անում ներդրողի իրավունքները վերականգնելու համար։
Խնդիրը ամենևին էլ այն չէ, որ հանքը պարտադիր պիտի շահագործվի կամ ոչ։ Խնդիրն իշխանությունների պարտավորությունների և պետության դերի մեջ է։
Այն, ինչ տեղի է ունենում Ամուլսարի ծրագրի շուրջ, աբսուրդ է ցանկացած իրավական պետության համար։ Չի կարող այնպես լինել, որ իշխանությունը հայտարարի, թե ներդրողը բոլոր օրինական իրավունքներն ունի իրականացնելու հանքի շահագործում, բայց քայլեր չձեռնարկի այդ ճանապարհին առաջացած արհեստական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ։ Հակառակ դեպքում, եթե կարծում է, որ Ամուլսարը հանք չպիտի դառնա, թող բարի լինի այդպես էլ հայտարարել և ստանձնել դրա հնարավոր հետևանքների պատասխանատվությունը։
Ամուլսարի հետ կապված այսօրվա իրավիճակը բացառապես իշխանությունների անգործության հետևանք է։ Կառավարությունը միայն նրա համար չէ, որ որոշ մարդիկ վայելեն իշխանության բարիքները և իրենց ճոխ-ճոխ պարգևատրեն։ Կառավարությունը նաև նրա համար է, որպեսզի կարողանան պատասխանատու որոշումներ կայացնել։
Ի վերջո, թող որոշեն՝ բացո՞ւմ են հանքը, թե՞ փակում, և ըստ այդմ՝ քայլեր անեն։ Եթե որոշել են, որ բացում են, թող բացեն, եթե չեն կարողանում բացել, թող փակեն։ Ինչո՞ւ են մարդկանց անտեղի հանում իրար դեմ։
Սա իշխանության խնդիրն է, թող ինքն էլ որոշի։ Թե այդ որոշումն ում և ինչքանով կբավարարի, դա արդեն խնդրի երկրորդ կողմն է։
Ինչքան կարելի է առաջնորդվել պոպուլիզմով և երկիրը ներքաշել նորանոր խնդիրների մեջ։ Հատկապես որ, խնդիրների պակաս չկա։ Առանց այդ էլ Ամուլսարի հետ կապված իշխանությունների անպատասխանատու գործողությունների հետևանքով վերջին 2 տարում բավական լուրջ վնասներ են հասցրել երկրի ներդրումային հեղինակությունը։
Մեկ տարի առաջ, երբ վարչապետը փորձում էր հիմնավորել Ամուլսարի ճանապարհների ապաշրջափակումը՝ դրա համար մի շարք պատճառներ էր բերում։ Նիկոլ Փաշինյանը հիշել էր, որ Ամուլսարի ճանապարհների փակ լինելը «լրջագույն պրոբլեմներ է ստեղծում Հայաստանի միջազգային տնտեսական իմիջի և վարկանիշի» համար, որ շահագործում թույլ չտալը կարող է միջազգայնորեն խտրականության խնդիր առաջացնել, որ Ամուլսարի հետ կապված կան տնտեսական և անվտանգության հարցեր։
Պարզ է, որ այդպես էլ կար և այսօր էլ կա։ Բայց այդ մասին շատ ավելի վաղուց էր պետք մտածել և ոչ թե թողնել՝ մինչև դանակը հասնի ոսկորին։
Որքան երկար շարունակվի Ամուլսարի հետ կապված այս անորոշությունը, այնքան շատ են լինելու վնասները։ Ոչ մի լուրջ ներդրող չի գա Հայաստան, երբ տեսնում է, թե ինչ է կատարվում նման խոշոր ներդրումային ծրագրի հետ։
2 տարի շարունակ կառավարությունը քայլ չի անում՝ ներդրողի իրավունքները պաշտպանելու կամ ծրագիրը դադարեցնելու պատասխանատվություն ստանձնելու համար։
Հիմա, երբ ճգնաժամը չոքել է մեր դռանը, Ամուլսարի հանքի շահագործման տնտեսական նշանակությունն անհամեմատ ավելի է մեծացել։ Կյանքը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսությունը, առավել ևս՝ ճգնաժամի պայմաններում, մրցունակ չէ։ Միակ ոլորտը, որը կարող է քիչ թե շատ մրցակցային լինել, հանքարդյունաբերությունն է։ Նույնիսկ ճգնաժամի ու միջազգային շուկաներում մետաղների գների անկման պայմաններում այն պահպանեց աճի բարձր տեմպը և պայմաններ ստեղծեց, որպեսզի ճգնաժամի հետևանքները համեմատաբար ավելի մեղմ լինեն տնտեսական ցուցանիշների վրա։
Այս առումով Ամուլսարի ծրագիրը կարող է փրկություն լինել կառավարության համար։
Ժամանակին հանքերի շահագործմանը և ընդերքը քանդելուն դեմ արտահայտվող վարչապետը, որքան էլ սկսել է սա գիտակցել, այնուհանդերձ, սեփական պոպուլիզմն ու օրեցօր նվազող վարկանիշը թույլ չի տալիս վճռական քայլ կատարել՝ Ամուլսարի թնջուկին վերջ դնելու համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ Հետք-ի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը