«Հրապարակ»-ը գրում է․ «Ինչքան շատ է իշխանությունը փորձում համոզել, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հետապնդումը բացառապես իրավական գործընթաց է՝ ոչ մի քաղաքական տարր չի պարունակում, այնքան շատ են մարդիկ համոզվում, որ իրավաբանությունն այստեղ իսպառ բացակայում է։ Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ հետապնդումները չեն սկսվել Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթից հետո, այլ հին են, եւ օրինակներ է բերել, որ հիմնավորի իր ասածը։ Նա հերթով թվարկել է, թե քանի գործ է հարուցված ԲՀԿ առաջնորդի ու նրա մերձավորների նկատմամբ՝ Էդիկ Բաբայանի, Սեդրակ Առուստամյանի, Ծառուկյանի որդու՝ Նվերի, Ծառուկյանի փեսայի՝ Կարապետ Գուլոյանի։
Հետապնդումները պոզով-պոչո՞վ են լինում․ եթե այդքան մարդու հալածում եք, դրանից լավ ապացո՞ւյց։ Եվ բոլոր հայտարարությունները՝ վերջնական դատարանի տոնով ու «դատավճիռներով»։ Ահա նրա գրառումը․ «Ժողովրդի ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու (եւ ընդհանրապես՝ կոռուպցիայի, չարաշահումների, հարկեր վճարելուց խուսափելու եւ այլ) բոլոր դեպքերը պետք է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով քննվեն եւ հանգեն օրենքով նախատեսված արդյունքի»․ կից՝ Գագիկ Ծառուկյանի լուսանկարը: Կամ․ «Հայ ժողովուրդը ղազագրի վրա հիմնված քաղաքական գործիչների վզներից բռնելու եւ դուրս է շպրտելու այս դահլիճից»։ «Ղազագիր» ասելով՝ նկատի ունի ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների անձնական նամակներն իրենց առաջնորդին, որոնք իրավական առումով զրո նշանակություն ունեն եւ դատական գործին չեն կարող կցվել, որովհետեւ հանցակազմ չեն պարունակում։ Իսկ դրանց հրապարակումն ինքնին մարդու իրավունքների եւ անձնական նամակագրության գաղտնիության կոպիտ խախտում է։ Գրել են՝ լավ են արել, ո՞ւմ ինչ գործն է։ Այս իրավական բեսպրեդելը ե՞րբ է ավարտվելու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը