16 06 2020

Իշխանություններից հիասթափվածների շարքերը խտանում են․ 168.am

Իշխանություններից հիասթափվածների շարքերը խտանում են․ 168.am

168.am-ը գրում է․ «Իշխանությունը հայտնվել է իր հյուսած թակարդում և չի կարողանում դուրս գալ։ Համավարակի շրջանում թույլ տված սխալները ճակատագրական են լինելու նրա համար։

Կարևոր չէ՝ վաղն իշխանությունը կփոխվի՞, թե՞ կմնա։ Միևնույն է, այն այլևս նախկինը չի լինելու։

Չի փրկի նույնիսկ հասարակությանը մանիպուլյացնելու վարչապետի տաղանդը։ Իշխանություններից հիասթափվածների շարքերը խտանում են։ Մարդիկ իրենց խաբված են զգում։ Չստացան այն, ինչին սպասում էին։ Ու ոչ միայն չստացան, այլև ստիպված են այսօր իրենց մաշկի վրա զգալ իշխանությունների թույլ տված սխալների հետևանքները։

Կառավարությունը տապալվեց առաջին իսկ լուրջ փորձության ժամանակ։ Ու հիմա աշխատում է մեղավորներ փնտրել՝ համավարակի դեմ պայքարում իր ձախողումներն արդարացնելու համար։ Բայց դա այլևս հեշտ չի լինելու։

Ինչքան էլ վարչապետը փորձի պատասխանատվությունը դնել հասարակության գիտակցության վրա, միևնույն է, բոլորն էլ հասկանում են, որ այսպիսի անմխիթար վիճակում չէինք հայտնվի, եթե ժամանակին իշխանություններն իրենց չմտածված քայլերով չխթանեին համավարակի տարածումը և պատշաճ միջոցներ ձեռնարկեին այն կանխարգելելու համար։ Համավարակը մեծագույն չարիք է դարձել երկրի համար, ու այն իր հետ անդունդն է քաշում ոչ միայն հասարակությանը, այլև իշխանությանը։ Հազիվ թե կարելի է կարծել, որ իշխանությունները սա չեն հասկանում։

Խնդիրը միայն այն չէ, որ մարդիկ՝ վարակված լինելով, չեն կարողանում ժամանակին օգտվել անհրաժեշտ բուժօգնությունից, որովհետև հիվանդանոցներում տեղ չկա, և այդ պատճառով մահեր են գրանցվում։ Խնդիրը շատ ավելի խորն է, որին իշխանությունները բախվել են։

Գրեթե բոլոր ոլորտներում աշխատանքները ձախողվել են։ Անմխիթար վիճակ է տնտեսության մեջ։ Ահագնանում է սոցիալական լարվածություն։ Մարդիկ կորցնում են իրենց եկամուտները, զրկվում ապրելու տարրական հնարավորությունից։

Այսօր, եթե անգամ կարելի է մտածել համավարակն արագ չեզոքացնելու կամ նվազագույնի հասցնելու մասին, ապա տնտեսության ու սոցիալական իրավիճակի վերականգնումը շատ ավելի դժվար է լինելու և շատ ավելի երկար ժամանակ է պահանջելու։ Մինչդեռ, արդեն հիմա մարդիկ ապրելու ու գոյատևելու խնդիր ունեն։ Ահռելի դժգոհություն է կուտակվում հասարակության տարբեր շերտերի շրջանում։ Դժգոհությունների ալիքը մեծանում է նաև հեղափոխության երեկվա ակտիվ պաշտպանների մոտ։

Իշխանափոխության հետ կապված լավ ապրելու հույսերը մարում են։ Երկիրը մտել է ճգնաժամի փուլ, որտեղ հայտնի չէ, թե ինչ է մեզ սպասվում։ Օր օրի սրվում են՝ ինչպես տնտեսական, այնպես էլ՝ սոցիալական խնդիրները։ Փակվում են աշխատատեղերը։ Մարդիկ հայտնվում են փողոցում։

Աշխատանք կորցրած քաղաքացիների թիվն արդեն հաշվվում է տասնյակ-հազարներով։

Վերջերս իրականացված մի հետազոտության արդյունքներով՝ Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատողների ավելի քան 12 տոկոսը կորցրել է իր աշխատանքը։ Պաշտոնական տվյալներով՝ ապրիլին գրանցված ավելի քան 74 հազար աշխատող աշխատավարձ չի ստացել։

Այս ամենը չի կարող անհետևանք անցնել։

Հասարակության շրջանում ի հայտ եկող դժգոհությունները զսպելու իշխանությունների հույսը մնացել է արտակարգ դրության հնարավորինս երկար պահպանումը։ Այլ երկրում սահմանափակումներն աստիճանաբար թուլացնում են, իսկ Հայաստանում համավարակի պատճառաբանությամբ՝ արտակարգ դրությունը երկարացնում են։

Եվս 30 օր երկիրը կգտնվի այդ ռեժիմում։ Չնայած բոլորն էլ տեսնում են ու հասկանում, որ դա ոչինչ չի տալիս համավարակի կանխարգելմանը։

Արտակարգ դրության ժամանակ էլ համավարակը անարգել տարածվում է։ Այդ պայմաններում մեր երկիրը վարակվածների թվով տարածաշրջանում դարձել է առաջատարը։

Պակաս «վատ» ցուցանիշներ չունենք նաև աշխարհի մակարդակով։ Ու դա իշխանությունների «շնորհն» է։

Ժամանակն անցնում է, իսկ մեր երկիրը՝ ապաշնորհ կառավարման հետևանքով, շարունակում է մնալ համավարակի տարածման ամենառիսկային գոտիներից մեկը։ Դրա հետևանքով ավելանում են նաև կորուստները։ Խոսքը՝ ինչպես մարդկային, այնպես էլ՝ տնտեսական ու ֆինանսական կորուստների մասին է։

Որքան ընդլայնվում է համավարակը ու երկարում դրա դեմ պայքարը, այնքան ավելանում են պետության ու հասարակության վնասները։ Հսկայական գումար է ծախսվում հիվանդներին թեստավորելու, հոսպիտալացնելու, բուժհաստատություններում պահելու, բուժելու կամ չբուժելու համար։

«Նախորդ ամիս COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում հիվանդանոցային օղակի վրա 1,5 մլրդ դրամ է ծախսվել։ Այս ամիս գումարը հավանաբար ավելի մեծ կլինի, քանի որ վարակվածների թվի աճին զուգընթաց՝ մեծանում է նաև հիվանդության բուժմամբ զբաղվող բուժհաստատությունների թիվը»,- այս մասին օրերս Ազգային ժողովում անցած տարվա պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Բայց սա դեռ ամենը չէ։ Կան իրականացված բազմաթիվ այլ ծախսեր, որոնց վերաբերյալ հնարավոր կլինի պատկերացում կազմել ավելի ուշ, երբ կհրապարակվեն համալիր տվյալները։ Խոսքը լինելու է միլիարդների մասին, որոնք ավելանում են՝ համավարակի տարածմանը զուգընթաց։

Որքան երկար է ձգվում այս իրավիճակը, այնքան մեծանում են պետական բյուջեի ծախսերը։ Դրանք կարող էին և չլինել, եթե ժամանակին արդյունավետ իրականացվեին համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները։

Հիմա ո՞վ պիտի պատասխան տա պետական բյուջեի հսկայական կորուստների համար։ Այն բյուջեի, որն առանց այդ էլ հայտնվել է ֆինանսական դժվարությունների առաջ։ Եվ հիմա կառավարությունը միջոցներ է փնտրում պարտքերի ներգրավման ճանապարհով՝ ֆինանսական բացը լրացնելու համար։

Պակաս կորուստների չի բախվել նաև հասարակությունը։ Բազմաթիվ վարակված քաղաքացիներ, բուժհաստատություններում տեղ չլինելու պատճառով՝ ստիպված են մնալ տանը և ինքնուրույն հոգալ իրենց դեղորայքի, երբեմն՝ բավական թանկարժեք դեղորայքի, ապահովման խնդիրները։ Նրանց մեջ քիչ չեն նաև այն մարդիկ, ովքեր հազիվ հացի փող են վաստակում։

Իսկ ինչ ասել տնտեսության այն հսկայական վնասների մասին, որոնք առաջացել են համավարակի պայմաններում՝ բացառապես իշխանությունների թույլ տված սխալների ու թերացումների հետևանքով։ Ինչքան էլ այսօր արդարացումներ գտնեն, միևնույն է՝ գալու է պատասխան տալու ժամանակը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ