Hraparak.am-ը հայտնում է․ «Երեկ գիշերը միջադեպ է տեղի ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի եղբոր որդու` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Արտակ Ալեքսանյանի և ոստիկանության աշխատակիցների միջև, որի արդյունքում ոստիկանները ուժ են կիրառել Արտակ Ալեքսանյանի և նրա հետ եղած անձանց նկատմամբ: Այս մասին հայտնում է Hraparak.am ։
Պատճառը եղել է պարետատան կանոններին և ոստիկանի պահանջին չենթարկվելը: Մեզ պատմեցին, որ նշված օրը Արտակը իր ընկերոջ` ՔՊ-ական Ռոման Մուրադյանի հետ, որը սպորտսմեն է և հայտնի է որպես Նորագյուղցի Ռոման, նստած են եղել Աբովյան փողոցում գտնվող «Կոնգ» ժամանցի օբյեկտում:
Ոստիկանները մտել են օբյեկտ և պահանջել, որ պարերի որոշմամբ` այն պետք է փակվի և ներկաներին խնդրել են լքել տարածքը: Ալեքսանյանն ու ընկերը չեն ենթարկվել պահանջին, ինչի արդյունքում սկսվել է քաշքշուկ: Արդեն դրսում ոստիկանները ուժ են կիրառել` Ալեքսանյանի եղբոր որդուն, Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասած, փռել են ասֆալտին: Մեր ձեռքն է հայտնվել միջադեպի տեսանյութը, որտեղ նաև սպիտակ շորերով մի կին է երևում, որը, ըստ տեղեկության, Արտակի կինն է: Նա ոտքով հարվածելով` փորձում է ազատել ամուսնուն ոստիկանների ձեռքից:
Ոստիկանությունից հաստատեցին եղելությունը` միջադեպի վերաբերյալ տալով հետևյալ պարզաբանումը.
«Հունիսի լույս 8-ի գիշերը ոստիկանության ծառայողներն ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքում գործող ակումբներ, որոնց գործունեությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, ժամանակավորապես արգելվում է: Նշված ծառայության ընթացքում Աբովյան փողոցի ակումբերից մեկի հաճախորդները, անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խոչընդոտել են ոստիկանների աշխատանքին, հնչեցրել են հայհոյանքներ, չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ։
Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, տեսանյութում հնչում են հայհոյանքներ, նաև առկա են բռնության տեսարաններ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը