168.am-ը գրում է․ «Մեր դասականի խոսքը փոխելով՝ կարելի է ասել՝ ինչ էլ անում եմ, վերջում կորոնավիրուս է դուրս գալիս: Հավատացողն արդեն հավատացել է: Կասկածողը՝ կասկածել: Զգուշացողը՝ զգուշացել: Վերլուծողը՝ վերլուծել:
Թվում է, թե արդեն հարկավոր է հարմարվել ու շարունակել հետևել ընթացքին: Հատկապես, որ բավականին լավ ու անդադար միջազգային լրատվությունը կա: Ու հատկապես, որ բոլոր լրատվականների հիմնական թեմաները համավարակի ընթացքի մասին են:
Պարապությունից կարելի է հաշվարկել, որ Թուրքիայում մայիսի 20-ի երեկոյան 34.521 ակտիվ վարակակիր (հիվանդ) կա, ու ավելացնել, որ որոշակի թերահավատություն կա այս տվյալի նկատմամբ: Ոչ թե այն պատճառով, որ թուրքական իշխանությունները կեղծում են տվյալները, այլ առաջին հերթին՝ այն պատճառով, որ իրավիճակին ու տեղեկատվությանը չեն տիրապետում:
Խոսքը հատկապես քրդաբնակ շրջանների մասին է: Հարևան Իրանում իրավիճակը նկատելի տեմպով «սանձվել է»: Մոտ 100.000 մարդ համարվում է ապաքինված, իսկ ակտիվ հիվանդների թիվը 20.958 է:
Մյուս հարևանի՝ Ադրբեջանի թվերն էլ են որոշակի վերաբերմունք պահանջում: Բայց արձանագրենք՝ 1279 ակտիվ հիվանդ կա:
Վրաց թվերի նկատմամբ, նախանձից ու հպարտությունից բացի, այլ վերաբերմունք դրսևորելը կարելի է «հակամարդկային» որակել: Ակտիվ հիվանդների քանակն ընդամենը 226 է: Այլ կերպ ասած, խորհրդային մասշտաբի մի հիվանդանոցը լի ու լի բավարար է: Սակայն, բացի վիճակագրությունից, իմացանք նաև, որ վրաց իշխանությունները բավական կոշտ էին համավարակի պատճառով հայտարարած իրավիճակում: Մեր հետ համեմատած՝ Վրաստանում նաև պարետային ժամ էր հայտարարված՝ երեկոյան 9-ից մինչև առավոտյան ժամը 6-ը:
Ներքին գործերի նախարարությունն ամեն օր առավոտյան հրապարակում էր խախտումների ու տուգանքների քանակը: Բան չի մնացել մինչև արտակարգ դրության ավարտը (մայիսի 22), բայց խախտումների ու տուգանքների տեղեկատվությունն ամեն օր հրապարակվում է:
Պայմանների թուլացում չկա:
Իսկ մեր մոտ (հիշեցի՞ք) իշխանությունները սկզբում էլ հայտարարել էին տուգանքների մասին: Նույնիսկ մանրամասն նշվում էր, թե որքան տուգանք է նշանակվել: Բայց տուգանքն ու տուգանվելու փաստը մեր երկրում լուրջ չէր ընդունվում: Առաջին հերթին՝ այն պատճառով, որ հարազատ ու ժողովրդասեր (ավելի ճիշտ կլինի ասել՝ պոպուլիստ) իշխանությունը վաղ թե ուշ կների տուգանքները: Որովհետև այս տրամաբանության մեջ տուգանքի չափը՝ 200.000 դրամ, ոչ ոք իրատեսական չէր համարում: Այն, ի վերջո, գերազանցում էր միջին աշխատավարձի պաշտոնապես հայտարարվող չափը՝ 192.000 դրամը: Հատկապես, որ այդ պաշտոնական ասած աշխատավարձը մարտի, այսինքն՝ նախաճգնաժամային տվյալ էր:
Մերոնք վրաց նման չոր քաղաքականություն չվարեցին տուգանքի հարցում: Ավելին՝ նույնիսկ չտարբերակեցին ֆիզիկական ու իրավաբանական անձերից գանձվող տուգանքների չափը: Այս շաբաթ մեր իշխանությունները չնայած արտակարգ դրությունը պահեցին, բայց բարիացան: Բարիացան ու համարյա բոլոր սահմանափակում-արգելքները հանեցին:
Բարիացան ու հայտարարեցին, որ կրկնակի նվազեցնում են տուգանքի չափը:
Իհարկե, հետաքրքիր էր պատկերացնել, թե ինչպես է իշխանությունը 100.000 դրամ տուգանում 40-44.000 դրամ ստացող թոշակառուին: Բայց չհասցրեցինք պարզել՝ իշխանություններն ի՞նչ համամասնությամբ իրավունք ունեն թոշակից գումար պահել: Չհասցրեցինք, որովհետև մեր իշխանությունները 24 ժամում ըմբռնեցին, որ հանցանք-զանցանքն ու պատիժ-տուգանքը պիտի համամասնական կապ ունենան: Հիմա դիմակ-ձեռնոցային պայմանների խախտման համար 10.000 դրամ տուգանք է սահմանված:
Թվում էր, թե մեր իշխանությունները կառավարչական հմտություններ են կուտակում: Ու հնարավոր է՝ հաջողեն ինչ-ինչ հարցեր կարգավորել: Բայց հարազատ ոստիկանության տարածած հայտարարությունը փլուզեց մեր լավատեսությունը:
Ահա այն բառացի. «Արտերկրից Հայաստան ժամանող ինքնաթիռների վայրէջքի ժամերին որոշ քաղաքացիներ շտապում են օդանավակայան՝ դիմավորելու իրենց հարազատներին։
Հիշեցնենք, որ արտերկրից Հայաստան ժամանած քաղաքացիներն ավտոբուսներով ուղեկցվում են մեկուսացման վայրեր։ Այսինքն՝ հարազատներին դիմավորելու հնարավորություն և անհրաժեշտություն չկա։
Մարդկանց կուտակումներից զերծ մնալու և առողջության անվտանգության նկատառումներից ելնելով` կոչ ենք անում չգնալ օդանավակայան»։
Մեր ոստիկանությունը «մոռացել է», որ նման իրավիճակում ինքը պիտի փակի օդանավակայանը դիմավորման գնացողների համար: Մինչդեռ բարեկիրթ ոճով քնքուշ կոչ է անում: Հետևաբար՝ կարելի է ենթադրել, որ 10.000 դրամ տուգանելու գործը (ինչպես նաև արտակարգ իրավիճակի պահպանված մյուս սահմանափակումները) ավելի մեծ հաջողությամբ կարելի է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին հանձնարարել:
Այլապես մեր երկրում արձանագրված վարակակիրների քանակը (5606 մարդ) միշտ ավելի կլինի, քան Վրաստանում ու Ադրբեջանում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը