«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը հաղթել է ՀՀ վճռաբեկ դատարանում: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փետրվարի 27-ին դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան եւ միջնորդել բեկանել Վերաքննիչ դատարանի կողմից հունվարի 23-ին կայացված՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրին վերաբերող որոշումը: Խոսքն այն որոշման մասին է, որով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 18-ի որոշումը բեկանվեց, համաձայն որի՝ վերծանվել էին «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսազանգերը լրագրողական աղբյուրը բացահայտելու համար: ՀՔԾ-ն վերծանել էր Քնար Մանուկյանի անձնական հեռախոսահամարի ելքային եւ մուտքային զանգերը, որպեսզի պարզի՝ ով կարող էր «Մարտի 1»-ի գործով ցուցմունքները լրագրողին տալ. Քնար Մանուկյանն անմիջապես այդ գործողությունները բողոքարկեց Վերաքննիչ դատարանում:
Եվ 2020 թվականի հունվարի 23-ին ՀՀ վերաքննիչ դատարանը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, բավարարեց Քնար Մանուկյանի բողոքը՝ հայտարարելով, որ ՀՔԾ-ի գործողություններն ապօրինի են եղել: Եվ, ահա, Վերաքննիչ դատարանի որոշումից մեկ ամիս անց անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բողոքարկեց կայացված վճիռը՝ Վճռաբեկ դատարանին միջնորդելով բեկանել լրագրողի օգտին կայացված դատավճիռը։ Այս միջնորդությունն ուշագրավ է այնքանով, որ այն արվել է անձամբ գլխավոր դատախազի կողմից: Ընդգծենք, որ շատ հազվադեպ է եղել, երբ որոշումը բեկանելու միջնորդություն ներկայացնում է հենց գլխավոր դատախազը. սովորաբար դա անում են նրա տեղակալները։ Այսինքն՝ գլխավոր դատախազի կողմից բերված փաստարկները համոզիչ չեն եղել ՀՀ վռաբեկ դատարանի համար, ինչի արդյունքում դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել լրագրողի օգտին կայացված որոշման բողոքը»։
Նյութն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը