«Հրապարակ»-ը գրում է․ «Ինչ-որ ամբարտավան ոճ են որդեգրել լծակներ ու պաշտոններ տիրապետող անձինք։ Մուննաթի հետ զուգակցված արհամարհանքով ու հանդիմանություններով համեմված լեքսիկոնը դարձել է սովորական երեւույթ մեզանում։
Չգիտես ինչու, պետական պաշտոնյան ու բարձրաստիճան անձինք իրենց պարտքն են համարում հասարակության հետ խոսել վերեւից, զայրացած ու առարկություն չընդունող տոնով։ Մեր վճարած հարկերից աշխատավարձ են ստանում, մեր քվեներով հայտնվում են տաքուկ կաբինետներում եւ համարում են, որ մեծ շնորհ են արել մեզ՝ իրենց կիսագրագետ ու ոչ կոմպետենտ գոյությունով։
Ինչ-որ պահից հարգալից խոսքը՝ ուղղված հասարակությանը, սխալների համար ներողություն խնդրելը, շարքային քաղաքացու առաջ հաշվետու լինելը, նրա քննադատությանն ունկնդիր լինելը, նրա պահանջները բավարարելը մղվեցին երկրորդ պլան։ Առաջին պլանում հայտնվեցին սոփեստությունը, սուտը, պոպուլիզմը, մուննաթն ու քամահրանքը։
Ինչքան էլ վարչապետը լայվ մտնի ու վերջում հերթապահ տոնով հայտարարի՝ «սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզնով», նրա եւ նրա թիմակիցների յուրաքանչյուր բառից հորդում է այդ ամբարտավան հանդիմանությունը՝ ինչպե՞ս չեք գնահատում մեզ նման «հրաշքներին», ինչպե՞ս եք համարձակվում քննադատել ու քննարկել մեր որոշումները, ի՞նչ իրավունք ունեք պահանջներ ներկայացնելու մեզ։ Դուք հլու-հնազանդ, խոնարհ ու անտրտունջ պետք է ընդունեք ու ենթարկվեք մեզ, մենք ձեզ ազատագրել ենք, մենք ձեզ երջանկացրել ենք, եւ ձեր շուրթերից միայն շնորհակալություն պիտի հնչի մեր հասցեին։ Իրականում, ցանկացած առողջ հասարակություն միշտ պետք է դժգոհ լինի իր իշխանություններից, որին ինքը կարգել է իր հարցերը լուծելու, իր կյանքը բարելավելու գործին։ Հենց հանրային ավելորդ գոհունակությունն է փչացնում իշխանավորներին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը