168.am-ը գրում է․ «Վարչապետն իր պոպուլիզմի պատճառով կրակն է գցել էներգետիկ համակարգը։ Այն բանից հետո, երբ առանց հետևանքները հաշվի առնելու՝ հայտարարվեց, թե սպառողները կարող են չվճարել օգտագործված գազի և էլեկտրաէներգիայի դիմաց, մի մասը՝ անկախ նրանից, ի վիճակի՞ են, թե՞ ոչ, դադարեցին կատարել կոմունալ վճարները։
Արդյունքում՝ էներգետիկ համակարգը դարձյալ կանգնեց փոխադարձ պարտքերի շղթայի մեջ հայտնվելու վտանգի առաջ։ Այնպես, ինչպես հին «բարի» ժամանակներում, երբ չվճարումների հետևանքով ֆինանսական լուրջ ճեղքվածներ էին առաջանում, և երբեմն կառավարությունն ինքն էր ստիպված լինում պետության հաշվին դուրս գրել այդ գումարները։
Երբ օգտագործված էլեկտրաէներգիայի կամ գազի դիմաց վճարումներ չեն կատարվում, դա նշանակում է, որ համակարգը չի ստանում այն գումարները, որոնց հաշվին պիտի կարողանա սպասարկել իր պարտավորությունները ոլորտի մյուս ընկերությունների՝ մասնավորապես, արտադրող կայանների կամ մատակարարման շղթայի մյուս օղակների մատուցած ծառայությունների դիմաց։
Չստանալով անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ նրանք էլ իրենց հերթին են կանգնում պարտավորությունների կատարման դժվարությունների առաջ։ Շղթան գնալով խորանում է՝ ներառելով նաև աշխատողների աշխատավարձերն ու պետության նկատմամբ գոյացող հարկային պարտավորությունները։
Սա չափազանց վտանգավոր երևույթ է, որի հետ ժամանակին բազմիցս բախվել ենք։ Սակայն այդ խնդիրը վաղուց օրակարգից դուրս էր եկել։ Էներգետիկ համակարգում, եթե նույնիսկ չվճարումներ կային, ապա չնչին տոկոս էին կազմում։ Այնինչ, վարչապետի հայտարարությունից հետո միայն գազի դիմաց պարտքեր ունեցող բաժանորդների թիվը հասել է շուրջ 112 հազարի։ Խոսքը բաժանորդների գրեթե 18 տոկոսի մասին է։
Այդպես է լինում, երբ մարդիկ չեն գիտակցում իրենց խոսքի արժեքը, երբ առաջին պլանում պոպուլիզմն է, և ոչ թե՝ պրագմատիզմը։
Վարչապետի հայտարարությունը ծանր նստեց ոչ միայն՝ համակարգի, այլև՝ պետական բյուջեի վրա։ Այն էլ՝ առկա պայմաններում, երբ յուրաքանչյուր լումայի նպատակային ծախսը կարևոր է բյուջեի համար։
Որպեսզի սպառողները վերադառնան իրենց պարտավորությունների պարտաճանաչ կատարմանը՝ կառավարությունը ստիպված էր պետական միջոցների հաշվին ընդլայնել գազի և էլեկտրաէներգիայի դիմաց տրվող փոխհատուցման շրջանակը, բայց կրկին՝ առանց հասցեականության։ Դրանում ներառվեցին բոլոր բաժանորդները, անկախ նրանից՝ ի վիճակի՞ են վճարել իրենց օգտագործած գազի կամ հոսանքի դիմաց, թե՞ ոչ։
Ու քանի որ կառավարությունն իրեն նեղություն չէր տվել ապահովել անհրաժեշտ հասցեականություն և այնպես անել, որ օգնությունից օգտվեն, առաջին հերթին, սոցիալական խոցելի խմբերը՝ մի հանճարեղ միտք են հղացել։
«Քանի որ հիմա կառավարությունն առաջնորդվում է ոչ թե մարդկանց սոցիալական վիճակի նույնականացման, այլ ծախսած էլեկտրաէներգիայի և գազի չափով, ակամա օգնում ենք այն մարդկանց, որոնք այդ աջակցության կարիքը չունեն,- ասում է վարչապետը՝ կոչ անելով նրանց վերադարձնել գումարները։ -Նրանք, ովքեր այդ աջակցության կարիքը չունեն, և իրենց բաժանորդային հաշիվներին, միևնույն է՝ այդ գումարները նստելու են, ձեզ ուղղակի կոչ ենք անում՝ այդ նույն չափով ձեր գրպանից փոխանցում արեք կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին։ Այսինքն՝ եթե սոցիալական խնդիր չունեք, բայց 11, 12 և 16 ծրագրերով ստացել եք աջակցություն՝ կոմունալ ծախսերի համար, այդ նույն չափերով փոխանցում արեք կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին»։
Այս «հանճարեղությունը» քիչ էր, վարչապետը շտապեց երկրորդն անել։ «Եթե ստացել եք աջակցություն, որի կարիքը չունեք, կատարեք կարիքավորների կոմունալ վճարները: Հաշվեք, թե կառավարության տված փողը նստել ա ձեր գրպանին, տարեք, վճարեք ձեր հարևանի, բարեկամի կոմունալ վարձերը, դա ձեր հաշվին չէ, կառավարությունն արդեն այդ փողը տվել է»,- դիմելով սպառողներին՝ կոչ արեց Նիկոլ Փաշինյանը։
Նման անհեթեթ կոչերի կարիքը, անշուշտ, չէր լինի, եթե կառավարությունը պետական միջոցներն օգտագործեր հասցեական և ի սկզբանե օգնությունը տրամադրեր նրանց, ովքեր իսկապես դրա անհրաժեշտությունն ավելի շատ ունեն։ Այդ դեպքում հաստատ կարիքավորներին օգնելու հնարավորություններն էլ անհամեմատ ավելի մեծ կլինեին, քան համատարած փոխհատուցման այն տարբերակն է, որն ընտրել է կառավարությունը։
Զարմանալին այն է, որ չնայած այդ սխալը մեկ անգամ արդեն թույլ է տրվել, կառավարությունը շարունակում է դարձյալ այն կրկնել։ Կոմունալ վճարների մասնակի մարմանն ուղղված հերթական նախաձեռնությունը, որի շրջանակներում նախատեսվում է 30 տոկոս փոխհատուցում տրամադրել հոսանքի մինչև 25 հազար և գազի մինչև 40 հազար դրամ սպառում ունեցող բաժանորդներին, դարձյալ լինելու է համատարած բոլորի համար։ Այսինքն՝ դրանից օգտվելու են և՛ ունևորները, և՛ նրանք, ովքեր ոչ միայն՝ գազի ու հոսանքի, այլև՝ հանապազօրյա հացի դիմաց վճարելու խնդիր ունեն։ Ու կարող է այնպես ստացվել, որ հարուստներին հասնող փոխհատուցումն ավելի շատ լինի, քան աղքատներինը։
Ո՞րն է սրա տրամաբանությունը, կամ որտե՞ղ է սոցիալական արդարությունը։
Մինչ կառավարությունը բողոքում է, որ չկան ֆինանսական այնպիսի հնարավորություններ, որպեսզի հասարակության աղքատ հատվածին մասսայաբար 100 հազար դրամի օժանդակություն տրամադրի, եղած միջոցներն էլ ահա այսպես են ծախսվում։ Այն դեպքում, երբ երկրում անապահովների, այդ թվում՝ նաև կոմունալների դիմաց վճարումներ կատարել չկարողացողների քանակն առաջիկայում շարունակելու է ավելանալ, և կրկին օժանդակության անհրաժեշտություն է առաջանալու։
Աշխատանքները ճիշտ կազմակերպելու դեպքում՝ կարելի էր այնպես անել, որ հետագայում ևս հնարավոր լիներ որոշակի օժանդակություն տրամադրել մարդկանց, և ոչ թե՝ հայտարարել, որ կառավարությունը փակում է կոմունալ ճգնաժամի հարցը. «Այս միջոցառումներով մենք մի քանի միլիարդ դրամ ծախսում ենք ձեր կոմունալների ծախսերի համար, և այս փուլում կառավարությունն ինչ պետք է աներ կոմունալների աջակցության հարցով, արդեն իսկ արել է։ Մանավանդ, որ արդեն տաք ամիսներ են, և գազի, լույսի վարձերը նվազել են, պետք է խնդրեմ, որ վերադառնաք հին ռեժիմին, որ բոլորն այս պահից սկսած իրենց վարձերը պետք է վճարեն»։
Հեշտ է ասել՝ վճարեք վարձերը, երբ մարդիկ հացի խնդիր ունեն։ Դրա համար պետք է հնարավորություններ լինեն։ Մարդիկ ոչ միայն չեն աշխատում, այլև շատերը կորցրել են իրենց աշխատանքն ու զրկվել ապրուստի միջոց վաստակելու տարրական հնարավորությունից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը