168.am-ը գրում է․ «Համավարակի տարածումից հետո կառավարությունը հայտնվել է մի տեսակ ընկճախտի մեջ։ Նախկինում արվող մեծամիտ հայտարարություններից ու լուսավոր ապագայի վերաբերյալ ճառերից այլևս բան չի մնացել։ Ընդամենը մեկ ցնցում էր պետք, որ ամեն ինչ խառնվի իրար։
Այդպիսի ցնցումներ նախկինում էլի են եղել՝ մի քիչ ուժեղ, մի քիչ թույլ։ Բայց դա բավական է, որպեսզի տնտեսական կյանքը ևս մի քանի տարով հետ շպրտի։
Իշխանությունների համար ճգնաժամերը ծանր փորձություն են. այլ բան են սպասում, այլ բան է լինում։ Ու պետք է ամեն ինչ սկսել նորից։ Բայց դա էլ հեշտ չէ։ Մինչ այդ պետք է մտածել տնտեսության անկումը կագնեցնելու, մարդկանց օրվա հացի խնդիրը լուծելու մասին։ Դեռ չհաշված, թե ինչքան ժամանակ պետք կլինի կորցրածը հետ բերելու համար։
Ճգնաժամերը խառնում են իշխանությունների խաղաքարտերը։
Զարմանալի չէ, որ նույնիսկ ամեն ինչի մեջ աննախադեպ աճեր փնտրող վարչապետն է կորցրել լավատեսությունը։ Ճիշտ է, նա երբեմն-երբեմն դեռ փորձում է ինչ-որ ոգևորիչ գրառումներ անել, բայց դրանք այլևս չունեն նախկին զորությունը։
Համավարակը ճակատագրական է լինելու նրա ու իշխանությունների համար։ Երկիրը գնալով խրվում է ճգնաժամի մեջ։ Չկան աճի հեռանկարներ։ Սպասումները բացասական են գրեթե բոլոր ուղղություններով։
Մի պահ թվում էր, թե ազդեցությունները կլինեն կարճատև։ Բայց նման հույսերն աստիճանաբար դուրս են մնում օրակարգից։ Հիմա շատ ավելի տիրապետող են տնտեսության խորն անկման և դանդաղ վերականգնման հետ կապված ռիսկերը։
Այս պահին կառավարությունը տնտեսության մեջ սպասվող անկումը գնահատում է 2 տոկոսի չափով։ Բայց ենթադրվում է, որ դա էլ վերջնական չէ։
Կարճ ժամանակ առաջ սպասումները նույնիսկ դրական էին, ակնկալվում էր 2-3 տոկոս աճ։ Այսօր արդեն չկա այդ լավատեսությունը։ Կանխատեսումները շատ արագ են փոխվում և հիմնականում՝ անկման ուղղությամբ։
Կառավարությունը գնահատել է այն ազդեցությունները, որոնք Հայաստանի տնտեսությունը կարող է կրել։ Արտաքին հատվածում դրանք մի քանիսն են։
Սպասվում են կորուստներ արտահանման ոլորտում։ Այդպիսի կորուստներ տնտեսությունը կրում է դեռևս տարվա սկզբից։ Դրանք կապված են՝ ինչպես միջազգային, այնպես էլ՝ ռուսական շուկայում տեղի ունեցող պրոցեսների հետ։
Համաշխարհային շուկան այս փուլում Հայաստանի տնտեսությանն առնչվում է, առաջին հերթին՝ հումքային ապրանքների, մասնավորապես՝ մետաղների գնային փոփոխությունների տեսքով։ Դեռևս հունվարից այստեղ ազդեցությունները բացասական են։
Արտահանման ոլորտում տնտեսությունը մեծապես տուժում է ռուսական շուկայում տիրող իրավիճակի հետևանքով։ Ռուբլու արժեզրկումը թուլացրել է հայկական ապրանքների մրցունակությունը։ Բայց միայն դա չէ։
Մեծացել են նաև հակառակ ուղղությամբ թելադրված ռիսկերը։ Ռուբլին արժեզրկվում է, ինչն ուժեղացնում է ռուսական ապրանքների դիրքերը Հայաստանի ներքին շուկայում։ Կլինեն կորուստներ ռուսական ապրանքի էժանացման և ներմուծման ծավալների ավելացման հետևանքով։ Իսկ դա նշանակում է, որ ներքին շուկայում ևս տեղական արտադրանքը կորցնելու է մրցունակությունը։ Հայրենական արտադրողներին պաշտպանելու ուղղությամբ կառավարության քայլերը տեսանելի չեն։
Ռուսական շուկայից կորուստների մյուս բաժինը վերաբերում է տրանսֆերտներին։ Կառավարությունը դա պայմանավորել է մի քանի գործոններով՝ ՌԴ տնտեսական աճի ու աշխատողների եկամուտների կրճատմամբ, ռուբլու արժեզրկմամբ ու սահմանների փակ լինելու հանգամանքով։
Կտուժի արդյունաբերությունը։ Դա կարտահայտվի հիմնականում մշակող արդյունաբերության հատվածում, այդ թվում` սննդամթերքի և խմիչքների արտադրության, ինչպես նաև էլեկտրաէներգիայի մատակարարման նվազման հետևանքով։ Բացառությամբ բնակչության, տնտեսության մյուս հատվածներում կանխատեսվում է էլեկտրաէներգիայի սպառման ծավալների նվազում։
Սպասումները դրական չեն նաև ծառայությունների ոլորտում։ Սա այն ոլորտն է, որը վերջին տարիներին մեծապես նպաստել է Հայաստանի տնտեսական աճին։
Ծառայությունների ճյուղի նվազումը կառավարությունը պայմանավորել է, մասնավորապես, առևտրի, փոխադրումների, կացության և հանրային սննդի, ֆինանսական և ապահովագրական գործունեության, զբոսաշրջության, ինչպես նաև մշակույթի, զվարճությունների, հանգստի ու սպասարկման այլ ծառայությունների պահանջարկի կրճատմամբ։
Տնտեսական իրավիճակի վատացման հետևանքով կառավարությունը սպասում է նաև հարկեր-ՀՆԱ հարաբերակցության կրճատում։ Ի՞նչ է դա նշանակում. դա նշանակում է, որ տնտեսության ստվերը խորանալու է։
Հիշեցնենք, որ այս տարվա համար նախատեսված էր այն կրճատել 0,3 տոկոսային կետով։
Նոր իրողությունների պայմաններում կառավարությունը հույս չունի, որ իրեն կհաջողվի ապահովել այդ ցուցանիշը։ Ավելին, կունենանք կորուստներ՝ անգամ անցած տարվա համեմատ։
Այս տարվա ակնկալիքը 22,1 տոկոս է։ 2019թ. համեմատ՝ 0,5 տոկոսով ցածր, ինչը հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բավական լուրջ նվազում է։ Թեև թվում է, թե հարկերի հավաքման ցուցանիշը քիչ կապ պետք է ունենար տնտեսության մեջ տեղի ունեցող դրսևորումների հետ։ Այլ բան, եթե, իհարկե, հարկային ներումներ կամ նոր արտոնություններ չեն տրվելու։
Համախառն ներքին արդյունքի մեջ հարկերի տեսակարար կշռի սպասվող կրճատումը կառավարությունը փորձում է հիմնավորել նրանով, որ տնտեսական անկման պայմաններում հարկային եկամուտներն ավելի շատ են նվազում, քան ՀՆԱ-ի անկումն է։ Հետևաբար՝ տեղի է ունենում նաև հարկեր-ՀՆԱ հարաբերակցության փոփոխություն։
Թե ինչո՞ւ պիտի այդպես լինի, պարզ չէ։ Եթե դա վերաբերեր հարկերի անվանական մեծությանը, այլ բան։ Տնտեսության ծավալը կրճատվում է, կրճատվում են նաև վճարվող հարկերը։ Բայց դա ի՞նչ կապ ունի ՀՆԱ-ի մեջ հարկերի հավաքման կշռի հետ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը