28 04 2020

Քաղաքապետարանի կայքում տվյալներ են փոխվել․ ՀՈԱԿ-ի մրցույթի հետքերով. «Ժողովուրդ»

Քաղաքապետարանի կայքում տվյալներ են փոխվել․ ՀՈԱԿ-ի մրցույթի հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ քաղաքապետարանում տեղի է ունեցել «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի մրցույթը։ Վեց թեկնածուներից մրցույթը հաղթել են երկու մասնակիցներ՝ Արա Աղայանը եւ Դավիթ Մելքումյանը։

Արդեն նրանցից մեկին պետք է ընտրի Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ եռօրյա ժամկետում նշանակելով տնօրեն։ Տարածված տեղեկությունների համաձայն, Արա Աղայանը քաղաքապետի նախկին խորհրդական, այսօր արդեն դատավոր Կարեն Համբարձումյանի ընկերն է։

Սակայն, պարզվում է, ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթացել, որքան կարող ենք պատկերացնել։ Նախ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զզրույցում մի քանի խնդրի մասին բարձրաձայնեց։

«Դիմումներ եղան, որ նախորդ մրցույցների մասնակիցները չեն կարողացել այս մրցույթին մասնակցել, քանի որ իրազեկման խնդիր է եղել։ Նրանք քաղաքապետարան դիմումներ են մուտք արել, բայց միեւնույն է՝ մրցույթը չչեղարկվեց։ Նշեմ, որ մրցույթի համար իրենք պետք է միայն օրենքներն ուսումնասիրեին, հարցերն օրենքից էին եւ ոչ մի զարգացման ծրագիր չեն ներկայացնում։ Այսինքն՝ չենք կարող իմանալ՝ ինչպիսի մենեջեր նրանք կլինեն», – նկատեց Անի Խաչատրյանը»:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաև Արմեն Բեգոյանի հետ, ով աշխատանքից ազատման դիմում է ներկայացրած եղել ՀՈԱԿ-ի պաշտոնից և իր ասելով Երևանի քաղաքապետ կնոջ՝ Էվայի պնդմամբ։ «Մրցույթն անցկացվել է օրենքի բոլոր խախտումներով։ Մրցույթը հայտարարելուց օրենքի պահանջները պահպանված չէին։ Դեռ Տարածքային կառավարման նախարարի որոշումն ուժի մեջ չմտած, քաղաքապետը մեկ օր առաջ արդեն հայտարարեց մրցույթ։ Հետո մրցույթ հայտարարելուց առաջ պետք է լինի քաղաքապետի որոշումը և հրապարակվի այն։ Սակայն առանց քաղաքապետի որոշումը հրապարակվելու, հրապարակվեց մրցույթի որոշումը։ Քաղաքապետի որոշումը եղավ ամսի 20-ին, որ պետք է լիներ 13-ին։ Այսօր պաշտոնական կայքում արագ փոխեցին, սակայն ապացույցները կան և այդ պահին խարդախություն արեցին, որպեսզի շտկեն։ Իսկ նախարարի որոշումը պետք է ուժի մեջ մտներ ամսի 11-ից, սակայն ամսի 10-ին քաղաքապետն արդեն հայտարարել էր մրցույթ՝ առանց այդ որոշման ուժի մեջ մտնելու»- հայտարարեց նա»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ