09 04 2020

Ինչքա՞ն կարելի է ձեր արած-չարածի մեղքը բարդել լրագրողների վրա․ «Հրապարակ»

Ինչքա՞ն կարելի է ձեր արած-չարածի մեղքը բարդել լրագրողների վրա․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Ամեն անգամ, երբ այս կամ այն քաղաքական գործիչը փորձում է մեղքը բարդել մամուլի ու լրագրողների վրա, ես ուզում եմ հարց տալ՝ լավ, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք, ինչքա՞ն կարելի է ձեր արած-չարածի, ձեր չկայացածության, ձեր ապաշնորհության մեղքը բարդել լրագրողների վրա։ Նրանք ընդամենը երկրում տեղի ունեցող իրադարձությունների փոխանցողն են, իսկ մամուլը՝ երկրի հայելին, որն արտացոլում է այն, ինչ կա։ Եթե պետական գործիչները տգետ են ու ծույլ, քաղաքական գործիչները՝ չար ու մորթապաշտ, ընդդիմությունը՝ անսկզբունք ու փոփոխական, մտավորականները՝ ծախու եւ իշխանամետ, մամուլն ի՞նչ անի։

Նիկոլ Փաշինյանը համարում է, որ լրագրողներն ու լրատվամիջոցները ֆեյք-լուրեր են տարածում, վիրավորում են պետական ազնվազարմ պաշտոնյաներին։ Հավանաբար մոռացել է, որ Քաղավիացիայի պետին ժամանակին ինքն էր դեգեներատ անվանել, իսկ Արտաշես Գեղամյանի կնոջ ներքնազգեստում ադամանդներ տեղափոխելու լուրն այդպես էլ դատարանում չհաջողվեց ապացուցել, որովհետեւ ապացուցման ենթակա չէր։ Սերժ Սարգսյանը կարծում է, որ լրատվամիջոցների մեղքով է ապրիլյան պատերազմը պարտվողական համարվել, եւ դիզվառելիքի ու սննդի պակասի մասին լուրերը լրագրողներն են տարածել։ Հավանաբար մոռացել է, որ դրա մասին բարձրաձայնողներից մեկն իր վարչապետն էր։ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեղադրում է ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին «պատկանող» լրատվամիջոցներին, որ պատերազմի երկրորդ ճակատ են բացել եւ «ատելություն ու թշնամանք են սերմանում» իշխանությունների հանդեպ։ Հավանաբար մոռացել է, որ մի շարք լրատվամիջոցներ ու ֆեյսբուքյան «հանճարներ» էլ իր հովանու ներքո են գործում եւ եթե «խնայում են» Նիկոլ Փաշինյանին, ապա նրա հակառակորդների նկատմամբ պակաս ատելություն ու թշնամանք չեն սերմանում»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ