«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի նախագահական ու խորհրդարանական ընտրություններից միայն հինգ օր անց պարզ դարձավ, որ երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլյանը որոշել է դուրս գալ պայքարից:
Սակայն հետաքրքիր է, որ նա իր հայտարարությունից մեկ օր առաջ եղել է Երեւանում. թե ում հետ է հանդիպել նախագահի թեկնածուն, պարզ չէ, բայց ակնհայտ է, որ ինչ-ինչ ճշտումներ կատարելուց հետո նոր դիրքորոշում հայտնեց:
Դա, սակայն, արեց ուշացումով, եւ հիմա քվեաթերթիկում, միեւնույնն է, երկու անուն է լինելու՝ Մասիս Մայիլյան, Արայիկ Հարությունյան: Բանն այն է, որ, Արցախի ընտրական օրենսգրքի համաձայն, ԿԸՀ-ը ուժը կորցրած է ճանաչում թեկնածուի գրանցումը, եթե նա քվեարկության օրվանից ոչ ու,շ քան 10 օր առաջ` մինչեւ ժամը 18:00-նմ դիմում է ներկայացրել իր թեկնածությունը հանելու վերաբերյալ:
«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի ԿԸՀ-ից տեղեկացավ, որ նրա կողմից որեւէ դիմում ներկայացված չէ: Ստացվում է՝ նա, լինելով նախագահի թեկնածու, փաստորեն տեղյակ չի եղել ու բաց է թողել թեկնածություն հանելու ժամկետը: Ու հիմա տպավորություն է, որ իր դեմքով իրականում ընդամենը 3505 ձայն ստացած նախագահի թեկնածուն մինչեւ հիմա չի կողմնորոշվում՝ ինչ անել: Մի կողմից՝ նա ասում է, որ ընտրությունները նոր Արցախին համապատասխան չէին, եւ մի քանի կողմնակիցների «գործուղում է» բողոքի ակցիաների, մյուս կողմից էլ՝ նրա գլխավորած ԱԳՆ-ն ընտրությունները ողջունեց հենց հաջորդ օրը:
Այսքանից հետո մեզ մնում է սպասել մինչեւ ապրիլի 14-ը, որից հետո նոր կերեւա՝ Մայիլյանը կգնա գործարքի՝ ինչ-որ պաշտոն վերցնելով Արայիկ Հարությունյանից եւ հնազանդվելով, թե արցախցու թասիբը ի հայտ կգա, ու նա արտախորհրդարանական ընդդիմադիրի կարգավիճակում կմնա, ինչպես հիմա է»:
Նյութն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը