168.am-ը գրում է․ «Հավանաբար շատերն են հիշում, թե իշխանափոխությունից առաջ Նիկոլ Փաշինյանն ինչ էր խոստանում հասարակությանը գազի գնի հարցում։ Հայտարարվում էր համակարգում համատարած թալանի ու չարաշահումների հետևանքով ձևավորված չհիմնավորված բարձր սակագների, որոնք իշխանափոխությունից հետո պիտի նվազեցվեին։
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անցել է գրեթե 2 տարի։ 2 տարում գազի սակագինն այդպես էլ չնվազեց։ Իսկ այսօր արդեն կանգնած ենք թանկացման ծանր խնդրի առաջ. հասարակության սոցիալական խոցելի խմբերի և տնտեսության համար նախատեսվում է կտրուկ բարձրացնել գազի սակագինը։
Մինչ կառավարությունը թաթախված է իր անփութության հետևանքով երկրի տնտեսության ու հասարակության համար չարիք դարձած կորոնավիրուսի դեմ անփառունակ պայքարում՝ կրկին օրակարգ է վերադարձել գազի գնի հարցը։ Ինչպես հայտնի է, գազի գինն անփոփոխ թողնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները գործում էին մինչև մարտի 31-ը։
Ապրիլի 1-ից հետո գազամատակարար ընկերությունն այլևս ազատ էր դիմելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագները վերանայելու առաջարկությամբ։
Եվ ահա «Գազրպոմ Արմենիան» հրապարակել է հայտարարություն՝ Հանձնաժողովին դիմելու մտադրության մասին։ Ընկերությունը պատրաստվում է առաջարկել Հանձնաժողովին բարձրացնել սպառողների հիմնական խմբերին մատակարարվող գազի գինը։ Նախատեսվում է հրաժարվել, մասնավորապես, սոցիալական անապահովներին կամ նպաստառու ընտանիքներին տրամադրված արտոնյալ սակագնի կիրառումից։
Հիշեցնենք, որ այդ տարբերակումը վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկությամբ գործում էր՝ սկսած 2017թ.։ Ըստ այդմ, սոցիալական խոցելի խմբերը մինչև 600 խմ-ի դեպքում վճարում էին 100 դրամ՝ յուրաքանչյուր խմ-ի դիմաց, ինչն անհամեմատ ավելի ցածր գին էր։
Այժմ ընկերությունն առաջարկում է կիրառել համահարթ սակագին՝ բնակչության բոլոր խավերի համար։ Այն է՝ 1 խմ-ի դիմաց՝ 135,9 դրամ։ Սա նշանակում է, որ սոցիալապես անապահով խմբի գազի սակագինը կտրուկ կբարձրանա։
Ոչ մեծ չափով, բայց սակագինը կնվազի բնակչության մյուս հատվածի համար։ Այժմ այն 139 դրամ է՝ 1 խմ-ի դիմաց։ Առաջարկվող նվազումը կազմում է 3,1 դրամ կամ 2,2 տոկոս։ Փոխարենը՝ սոցիալական խոցելի խավերի դեպքում սակագինը կավելանա շուրջ 36 տոկոսով։
Բացառությամբ ջերմային կայանների, «Գազպրոմ Արմենիան» ակնկալում է թանկացնել մյուս բոլոր խոշոր սպառողներին մատակարարվող գազը։ Այս դեպքում ևս վերանում է նախկինում գործող տարբերակված մոտեցումը, որով տնտեսության մի շարք ոլորտների համար կիրառվում էին արտոնյալ սակագներ՝ դրանց գործունեությունը խթանելու համար։
Խոսքը, մասնավորապես, ջերմոցային տնտեսության և վերամշակող արդյունաբերության մասին է։ Այսօր գործող կարգով, այս խմբի սպառողներն օգտագործած գազի դիմաց վճարում են 212 դոլար՝ յուրաքանչյուր 1000 խմ-ի համար։ Եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարի ներկայացված հայտը, ապա նրանք ստիպված կլինեն վճարել 283,14 դոլար։
Այլ կերպ ասած, 71,14 դոլարով ավելի։ Այս դեպքում առաջարկվում է սակագինը բարձրացնել ավելի քան 33 տոկոսով։
Գազն ավելի քան 41 դոլարով կամ գրեթե 17 տոկոսով կթանկանա նաև մյուս խոշոր սպառողների համար։ Այսօր գործող 242,1 դոլարի դիմաց նրանք ստիպված կլինեն վճարել 283,14 դոլար։
Ու դեռ չհաշված, որ խոշոր սպառողների դեպքում առկա է նաև տարադրամի թանկացման ազդեցությունը։ Նրանց համար սակագինը ձևավորված է դոլարով՝ հաշվարկված այդ օրվա փոխարժեքով։ Որքան բարձր է դոլարի գինը, այնքան դրամով արտահայտված ավելանում է գազի դիմաց վճարվող գումարը։
Այն, ինչ առաջարկվում է, կարող է կործանարար լինել Հայաստանի տնտեսության համար, հատկապես առկա ճգնաժամի պայմաններում, երբ տնտեսությունը գրեթե կաթվածահար վիճակում է, շատերը դադարեցրել են իրենց գործունեությունը, ու դեռ հայտնի չէ, թե առաջիկայում ինչ է սպասվում։ Մի կողմից՝ տնտեսությունը գլորվում է դեպի անդունդ, մյուս կողմից՝ արագորեն աղքատանում է հասարակությունը։ Սպասվում է աշխատատեղերի զանգվածային կրճատում և գործազրկության խորացում։ Նվազում են մարդկանց եկամուտները, ինչը հանգեցնելու է սոցիալական վիճակի էլ ավելի վատացման։
Այս ամենի հետևանքներն անհամեմատ ավելի մեծ են լինելու՝ գազի գնի բարձրացման դեպքում։ Չնայած բնակչության հիմնական խմբի համար սակագինը մի փոքր կարող է նվազել, այնուհանդերձ, դա դեռ չի նշանակում, թե նրանք շահած են դուրս գալու այս իրավիճակից։ Նորություն չէ, որ էներգակիրներն էական ազդեցություն ունեն տնտեսության ու հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառների վրա։ Ու երբ տնտեսական հատվածում գազը թանկանում է, դա շղթայաբար տարածվում է ապրանքների և ծառայությունների բազմաթիվ շուկաներում։
Սա իսկապես խիստ մտահոգիչ է։ Բայց մյուս կողմից՝ հասկանալի է, որ ամեն ապրանք ունի իր գինը, և ինչ-որ մեկը պետք է վճարի դրա համար։
Անցած տարվա հունվարի 1-ից, երբ բարձրացվեց Հայաստանին մատակարարվող ռուսական գազի ներմուծման գինը, պաշտոնապես հավաստիացվում էր, որ այդ բեռը ստանձնել է գազամատակարար ընկերությունը։ Սակայն նույն պաշտոնական մակարդակներում բազմիցս հայտարարվել է, որ ընկերության հնարավորություններն անսահման չեն, և ինչ-որ պահից այն ի վիճակի չի լինելու տանել նման ֆինանսական բեռ։
Հիմա եկել է այդ պահը, և հերթը, ըստ էության, սպառողներինն է։ Կառավարությունն այդպես էլ չկարողացավ ոչինչ անել հասարակությանն ու տնտեսությանը նման փաստի առաջ չկանգնեցնելու համար։
Իրավիճակը, որն առկա է գազի գնի հետ կապված, իսկապես նախանձելի չէ։ Եվ սա է կառավարության գրեթե 1 տարի վարած բանակցության արդյունքը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը