168.am-ը գրում է․ «Չնայած տնտեսության մեջ վերջին շրջանում առկա անորոշություններին, մի բան հստակ է՝ տնտեսական ակտիվությունը երկրում էապես նվազել է ու շարունակում է արագորեն նվազել։ Իշխանությունների թեթև ձեռքով Հայաստանը շատ ավելի խորն ընկղմվեց կորոնավիրուսից թելադրված տնտեսական դժվարությունների մեջ, քան կարելի էր նույնիսկ պատկերացնել։
Անթույլատրելի էր այն անտարբերությունն ու արհամարհանքը, որը ցուցաբերվեց համաշխարհային տնտեսությանը պարուրած աղետի նկատմամբ։ Նման վերաբերմունքի հետևանքներն այսօր արդեն վայելում ենք։
Բայց դրանք շատ ավելի ծանր են լինելու հետագայում։ Ու դրա պատասխանատուն իշխանություններն են, որոնք ոչ միշտ են հաշիվ տալիս իրենց արարքներին։
Վնասներն այսօր անհամեմատ ավելի քիչ կարող էին լինել, եթե իշխանությունները ժամանակին մատների արանքով չնայեին այն ամենին, ինչ տեղի էր ունենում ամբողջ աշխարհում։ Վիրուսն արագորեն տարածվում էր, իսկ կառավարությունը՝ փոխարենը քայլեր ձեռնարկելու դրանից երկիրը հնարավորինս պաշտպանելու, վարակի ռիսկերը նվազեցնելու համար, զբաղված էր սեփական քաղաքական ամբիցիաներով։ Ու դա տևեց այնքան ժամանակ, մինչև դանակը ոսկորին չհասավ։
Բայց ինչպես լինում է նման դեպքերում՝ արդեն ուշ էր։ Մնում էր վազել դեպքերի հետևից և հաշվել կորուստները, ինչն այսօր ստիպված ենք անել։
Կարճ ժամանակահատվածում վարակակիրների թիվը Հայաստանում կրկնապատկվեց, եռապատկվեց, քառապատկվեց, ու այդպես շարունակ։ Վիրուսով վարակվածների թիվն այն աստիճան սկսեց ավելանալ, որ կառավարությունը ստիպված էր անցնել արտակարգ իրավիճակների ռեժիմին։
Պարզ է, որ դա բնավ էլ չէր բխում տնտեսության շահերից։ Բայց ստեղծված իրավիճակում, այլ, ավելի համար տարբերակ չգտնվեց։ Եվ հիմա տնտեսությունն ու հասարակությունը կրում է նաև դրա հետևանքները։
Ինչքան էլ իշխանությունները փորձեն արդարանալ, միանշանակ է, որ այլ իրավիճակ կլիներ, եթե ժամանակին կանխարգելիչ քայլեր կատարվեին։ Որքան քիչ լիներ վարակի տարածումը, այնքան քիչ կլինեին նաև կորուստները։
Երբ փակվում են առևտի և սպասարկման օբյեկտները, կամ այցելուներ չկան, դրա հետևանքները կրում է տնտեսությունն ու հասարակությունը։ Երբ մեկի անփութության պատճառով մեկուսանում ու գործունեությունը դադարեցնում է 500 հոգանոց արտադրական կոլեկտիվը, դրանից տուժում է ոչ միայն այդ կոլեկտիվը, այլև ամբողջ տնտեսությունը։ Երբ կորոնավիրուսով վարակվածների թվի ակտիվ ավելացման հետևանքով դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին՝ հեռանալ Հայաստանից, դա վատագույն հարվածներից մեկն է, որը կարող է կրել երկրի հեղինակությունն ու տնտեսությունը։
Հետևանքները բազմազան են, որոնք կարող էին և այդքան ծանր չլինել։
Դրանք, այսպես թե այնպես, կլինեին, բայց շատ ավելի մեղմ կարող էին արտահայտվել։ Այնպես որ, այսօր ստիպված չլինեինք փակել դպրոցներն ու ուսումնական հաստատությունները, մարդկանց կոչ անեինք դուրս չգալ տներից, սրճարան կամ ռեստորան, կինո կամ թատրոն, հանգստյան կամ զվարճանքի վայր չգնալ։
Բայց ունենք այն, որ այսօր երկրի ամբողջ տնտեսությանը կանգնեցրել ենք փաստի առաջ։ Ու դրա հետևանքները վաղն ավելի ծանր են լինելու։ Տնտեսականից բացի, լինելու են նաև սոցիալական հետևանքներ։
Տնտեսական վիճակի վատթարացման և հատկապես որոշ հատվածներում առաջացած ճգնաժամային իրավիճակներով պայմանավորված՝ առաջիկայում անպայման կմեծանա լարվածությունն աշխատաշուկայում։ Սպասարկման և հանրային սննդի ոլորտում այդ գործընթացն արդեն մեկնարկել է։ Ֆինանսական դժվարություններով պայմանավորված՝ աշխատողները կրճատվում են կամ ուղարկվում հարկադիր պարապուրդի։ Փրկություն չէ նաև կառավարության խոստացած ֆինանսական փաթեթը, որը դեռ նոր պիտի կիրառվի։
Գործընթացը նոր է սկսվել, բայց գնալով կխորանա։ Ու այդ պարագայում անգամ տասնյակ-հազարավոր աշխատատեղերի ավելացման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ոչնչով չեն կարող աշխատանքը կորցրած, աշխատավարձից ու եկամուտներից զրկված, վարկերի տակ ճռռացող քաղաքացու դարդին դարման անել։ Դա տանելու է երկրում սոցիալական լարվածության խորացման։
Աշխատանքից ու աշխատավարձից զրկվելուց հետո շատ-շատերը կանգնելու են վարկային պարտավորություները կատարելու դժվարությունների առջև։ Խոսքը հատկապես սպառողական թանկ վարկերի մասին է։ Վերջին 1-2 տարիներին տասնյակ-հազարավոր քաղաքացիներ այդպիսի մեծաքանակ վարկեր են վերցրել՝ այն հույսով, որ վաղը լավ է լինելու, և կարողանալու են վերադարձնել պարտքերը, բայց հայտնվել են կոտրած տաշտակի առաջ։
Վարկային այն արձակուրդները, որոնք պատրաստ են տրամադրել բանկերը, խնդրի լուծում չեն։ Դրանք ընդամենը հետաձգում են պարտավորությունները, որոնք, այսպես թե այնպես, պետք է կատարվեն։
Մինչ ներսում աշխատանք գտնելու հնարավորություններն առանց այն էլ շատ սահմանափակ են, դեռ անորոշ է այն տասնյակ-հազարավոր աշխատանքային միգրանտների ապագան, որոնք իրենց եկամուտները վաստակում են դրսում։ Փակ սահմանների պայմաններում նրանք ստիպված են մնալ ու համալրել այն ավելի քան 200-250 հազար գործազուրկների բանակը, որն առանց այդ էլ կար Հայաստանում։
Սա լրջագույն խնդիր է՝ սոցիալական ծանր հետևանքներով։ Դժվար է պատկերացնել դրա լուծումը, եթե հանկարծ կորոնավիրուսով պայմանավորված՝ քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները երկար պահպանվեն։
Չնայած՝ անգամ նման հնարավորության ընձեռումը մեծ հեռանկարներ չի բացում աշխատանքային միգրանտների համար։ Ռուսական շուկան, որը տարիներ շարունակ դարձել է մեր բազմաթիվ հայրենակիցներին աշխատանքով ապահովելու հիմնական վայրը, նավթի գների անկման ու ռուսական ռուբլու փլուզման հետևանքով կորցել է իր վճարունակությունը։ Նույնիսկ դժվար է ասել, թե այդ պայմաններում որքանով նպատակահարմար կլինի աշխատանք փնտրել այս շուկայում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը