05 03 2020

Որտե՞ղ է արտահանման վրա հիմնված ՀՀ տնտեսությունը․ «168 Ժամ»

Որտե՞ղ է արտահանման վրա հիմնված ՀՀ տնտեսությունը․ «168 Ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի տնտեսության զարգացումների մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը հույսը դրել է հասարակության անտեղյակության վրա: Որ շատերը կարող են չտիրապետել տնտեսության վերաբերյալ տվյալներին, նորմալ է: Մարդիկ պարտավոր չեն հետեւել պաշտոնական վիճակագրությանը, առավել եւս վերլուծել դրանք ու հետեւություններ անել: Փոխարենը նրանք տնտեսության զարգացումների մասին կարող են դատել ելնելով այն բանից, թե այդ զարգացումներն ինչպես են ազդում իրենց վրա:

Այստեղ է, որ վիճակագրությունն ու իրականությունը շատ հաճախ տարբեր են: Տարբեր են, որովհետեւ ոչ միշտ է, որ վիճակագրական աճերը ցույց են տալիս տնտեսության իրական զարգացումները: Իրական զարգացումները շատ ավելի խորքային վերլուծություններ են պահանջում, քան արտաքուստ հրապարակվող վիճակագրական ցուցանիշներն են: Զարմանալի չէ, որ հաճախ վիճակագրորեն ամեն ինչ նորմալ է. բայց իրականում այլ է:

Օրերս Նիկոլ Փաշինյանը մի այսպիսի գրառում էր կատարել Հայաստանի տնտեսության իր տեսլականի վերաբերյալ. «Սիրելի հայրենակիցներ, հիշում եք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելիս հրապարակել եմ իմ տեսլականը, որ Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր, որը պետք է ունենա արտահանմանը միտված տնտեսություն»:

Որպես ասվածի հիմնավորում վարչապետը բերել էր նաեւ անցած տարվա արտահանման ցուցանիշները. «Հայաստանից ապրանքների եւ ծառայությունների արտահանումը 2019 թվականի արդյունքներով աճել է 10,3 տոկոսով»:

Արտաքուստ 10,3 տոկոսանոց աճը վատ ցուցանիշ չէ: Բայց ի՞նչ կա թաքնված դրա տակ:

Դրա տակ թաքնված է այն, որ արտահանման աճի տեմպը իշխանափոխությունից հետո էապես նվազել է: Արտահանումը Հայաստանից նախկինում շատ ավելի ակտիվ էր: Իշխանափոխությանը նախորդած տարում ապրանքների եւ ծառայությունների արտահանման աճը գրեթե կրկնակի բարձր էր, քան արձանագրվել է անցած տարի: Անցած տարի այն կազմել է 10,3 տոկոս, այնինչ «հեղափոխությունից» առաջ հասնում էր 18-19 տոկոսի:

Տարբերությունը ակնհայտ է արտահանման ոլորտում զարգացման միտումները բավականաչափ հետ են ընկել: Ու դա շարունակվում է նաեւ այս տարվա սկզբին:

Հունվարին ապրանքների արտահանումը ավելացել է, այն էլ 20 տոկոսով: Բայց ի՞նչ ունենք 20 տոկոսանոց աճի արդյունքում, արտահանման ծավալը չի հասել անգամ 2017 թ. մակարդակին: Այն ժամանակ Հայաստանից արտահանվել էր շուրջ 177 մլն-ի, այս տարվա հունվարին 174 մլն դոլարի ապրանք: Այսինքն՝ 3 մլն-ով քիչ: Ահա սա է արտահանմանը միտված Հայաստանի տնտեսության արձանագրած արդյունքը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 ժամ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ