28 02 2020

Արթուր Դավթյանի ուշագրավ որոշումը. «Ժողովուրդ»

Արթուր Դավթյանի ուշագրավ որոշումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը մի ուշագրավ որոշում ստացավ ՀՀ գլխավոր դատախազությունից: Բանն այն է, որ անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է Վճռաբեկ դատարան եւ միջնորդել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ հունվարի 23-ի՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրին վերաբերող որոշումը:

Խոսքն այն որոշման մասին է, որով բեկանվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 18-ի որոշումը, որով վերծանվել էին «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսազանգերը:

Ինչպես հայտնի է, տեւական ժամանակ Հատուկ քննչական ծառայությունը լծված է «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների գաղտնազերծման աշխատանքին, հատկապես՝ «Մարտի 1»-ի գործով որոշ նախկին եւ ներկա պաշտոնյաների նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո: ՀՔԾ-ն անգամ վերծանել էր Քնար Մանուկյանի հեռախոսային զանգերը, որպեսզի պարզի՝ ով է զանգահարել լրագրողին կամ հակառակը, եւ նրանցից ով է տվել «Մարտի 1»-ի գործով ցուցմունքները լրագրողին. Քնար Մանուկյանն անմիջապես այդ գործողությունները բողոքարկեց Վերաքննիչ դատարանում: Եվ հունվարի 23-ին Վերաքննիչ դատարանը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, բավարարեց Քնար Մանուկյանի բողոքը՝ հայտարարելով, որ ՀՔԾ-ի գործողություններն ապօրինի են եղել:

Եվ, ահա, Վերաքննիչ դատարանի որոշումից մեկ ամիս անց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշել է բողոքարկել այն՝ Վճռաբեկ դատարանին միջնորդելով բեկանել լրագրողի օգտին կայացված վճիռը։ Այս միջնորդությունն ուշագրավ է այնքանով, որ այն արվել է անձամբ գլխավոր դատախազի կողմից:

Ընդգծենք՝ շատ հազվադեպ է եղել, երբ որոշումը բեկանելու միջնորդություն ներկայացնում է հենց գլխավոր դատախազը. սովորաբար դա անում են նրա տեղակալները։ «ժողովուրդ» օրաթերթի հարցով, սակայն, դատախազն անձամբ է որոշել զբաղվել։

Ուսումնասիրելով իրավիճակը՝ կարող ենք արձանագրել, որ անձամբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից նման միջնորդություններ եղել են՝ կապված «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու եւ Մուշեղ Սաղաթելյանի արդարացման վերաբերյալ քրեական գործի հետ: Ստացվում է՝ Դավթյանն անձամբ է հանձն առել զբաղվել մեր օրաթերթի գլխավոր խմբագրի գործով եւ բեկանելու միջնորդություն ներկայացնել:

Առնվազն տարօրինակ է՝ ինչու է Դավթյանն այդքան շահագրգռված: Ամեն դեպքում, «Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է գնալ մինչեւ վերջ եւ խոստանում է հաղթել բոլոր ատյաններում»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» թերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ