04 02 2020

Հայաստանը գնում է դեպի ավտորիտարիզմ. «Դուխով»․ 168.am

Հայաստանը գնում է դեպի ավտորիտարիզմ. «Դուխով»․ 168.am

«168 Ժամ»-ը գրում է․ «Երեկ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել, որում իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«2019թ. հոկտեմբերի 29-ի իմ հայտարարությունից հետո ես շարունակում եմ մտահոգված լինել Հայաստանի Սահմանադրական դատարանում տեղի ունեցող բաց կոնֆլիկտով: Ես ցանկանում եմ հիշեցնել 2019թ. հոկտեմբերին Վենետիկի հանձնաժողովում ձևավորված կարծիքը, որ Սահմանադրական դատարանի վերաբերյալ ցանկացած նախագիծ՝ վաղաժամ կենսաթոշակի անցնելու վերաբերյալ, պետք է լինի իրապես կամավոր, բացառի ցանկացած անձնական կամ քաղաքական բնույթի ճնշում Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ և չպետք է ազդի դատարանի վարույթում գտնվող գործերի արդյունքների վրա։ Հանրային վերջին հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշերին և չեն կարող նպաստել այս իրավիճակի դեէսկալացիային։ Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն և փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջև: Ես նորից կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և չխորացնել այս անհանգստացնող իրավիճակը՝ ապահովելու համար Հայաստանի Սահմանադրության բնականոն կենսագործունեությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Այսպիսով, անցած երեք օրերի ընթացքում սա եվրոպական կառույցների կողմից Հայաստանին հղված արդեն երկրորդ նման՝ բավական կոշտ ձևակերպումներով ու տողատակերով հայտարարությունն է. ուրբաթ օրը գրեթե նույնաբովանդակ հայտարարությամբ էին հանդես եկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստանի հարցով համազեկուցողները: Եվ այս պայմաններում, Հայաստանի իշխանությունը՝ իշխող քաղաքական ուժի ձեռամբ, պատրաստվում է խորհրդարանում քննարկել և փորձել ընդունել օրենսդրական փոփոխություններ, որոնցով կշրջանցվի սահմանադրական փոփոխությունների փաթեթը՝ սահմանադրականության ստուգման նպատակով ՍԴ-ին ուղարկելու, ինչպես նաև Սահմանադրական փոփոխություններ նախատեսող օրենքները նախագահի ստորագրմանը ուղարկելու պահանջները:

Ակնհայտ է, որ այդ փոփոխությունները կյանքի կոչելու դեպքում եվրոպական կառույցների կողմից դատապարտող հայտարարությունները շարունակվելու են:

Դրանց ի պատասխան՝ Հայաստանի իշխանական ու մերձիշխանական շրջանակներում տարածվում է այն տեսակետը, թե սա մեր ներքին գործն է, եվրոպական կառույցներն իրավունք չունեն միջամտելու, և այլն: Այս կարծիքներն ուղեկցվում են հիշեցումներով, թե սրանք նույն այն եվրոպական կառույցներն են, որոնք նախկինում լեգիտիմացրել են Հայաստանում կեղծված ընտրությունները, նպաստել են նախկին իշխանությունների վերարտադրությանը, և այլն: Այսինքն՝ փորձ է արվում տարածել կարծիք, որ սա զուտ ներհայկական գործընթաց է, և եվրոպացիների կարծիքը կարելի է նաև անտեսել:

Իրականությունը, սակայն, այլ է. Հայաստանը միջազգային հանրության անդամ է (դեռևս) և ունի բազմաթիվ միջազգային պարտավորություններ, ու իշխանության թևերից մեկի կողմից մյուսի նկատմամբ բացահայտ ճնշումների այս քայլերը, տարբեր գնահատականներով՝ իշխանության յուրացման փորձը, չի կարող անհետևանք մնալ: Սակայն Հայաստանի իշխանություններին կարծես դա այնքան էլ չի մտահոգում, և նրանք շարունակում են առաջնորդվել «դուխով», այն դեպքում, երբ վաղուց դրա փոխարեն՝ պետք է գործեին մտքով ու խելքով:

Բայց դա այնքան հեշտ չէ, որքան «դուխով»-ը: Դրա համար եվրոպական կառույցները Հայաստանի հետ արդեն խոսում են այնպիսի լեզվով, որով խոսում են ավտորիտար ռեժիմների հետ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ