168.am-ը գրում է․ «Վերջապես վիճակագրական կոմիտեն հրապարակեց տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշը։ Տնտեսության «վագրային թռիչքը», կարելի է ասել, ապահովված է. անցած տարի պաշտոնական վիճակագրությունը Հայաստանում արձանագրել է 7,8 տոկոս ակտիվության աճ։
Այլ բան, իհարկե, չէր էլ կարելի սպասել։ «Նոր Հայաստանում» հեղափոխական կառավարությունը չէր կարող հանդուրժել, որ տնտեսական ակտիվությունն իր ժամանակ պիտի ավելի ցածր լինի, քան նախկին «կոռումպացված» իշխանության օրոք էր։ Թերևս, պատահական չէ, որ չնայած շատ փոքր՝ ընդամենը 0,1 տոկոսային կետով, բայց այն առաջ է անցել մինչհեղափոխական Հայաստանի ցուցանիշից։
Հիշեցնենք, որ 2017թ. տնտեսական ակտիվությունը Հայաստանում կազմել էր 7,7 տոկոս։
Այլևս պարզ է, որ անցած տարվա վիճակագրական ցուցանիշներով Հայաստանի տնտեսությունը տարածաշրջանային ու համաշխարհային ռեկորդներ է խփելու։ Եվ ոչ մի նշանակություն չունի, որ տնտեսության աճի ազդեցությունը հասարակության հիմնական մասն այդպես էլ չի զգալու իր եկամուտների վրա։ Կարևորը՝ իշխանության քաղաքական էլիտան լիուլի վայլելում է տնտեսության «վագրային թռիչքի» արդյունքները՝ պետական բյուջեի հաշվին ստացած բարձր պարգևավճարների տեսքով։
Անցած տարի անկում է արձանագրվել Հայաստանի տնտեսության միայն 2 ոլորտներում։ Երկուսն էլ կարևոր դեր ունեն տնտեսության կառուցվածքում։ Խոսքը գյուղատնտեսության ու էներգետիկայի մասին է։
Այդպես էլ կառավարությանը չհաջողվեց գյուղատնտեսությունը դուրս բերել քրոնիկ անկումից։ Երկրորդ տարին անընդմեջ գյուղատնտեսության ոլորտում աճ չկա։ Այստեղ իրականացվող «հեղափոխական» ծրագրերն արդյունք չեն տալիս։ Մի բան էլ, Հայաստանը սկսել է ավելի ու ավելի շատ գյուղմթերքներ ներկրել՝ ներքին պահանջարկը բավարարելու համար։
Գյուղատնտեսության մեջ արտադրության ծավալների նվազում արձանագրվեց տարվա սկզբից։ Տարվա վերջին անկումը կազմել է 4,2 տոկոս։
Տարին անհաջող էր էներգետիկայի համար։ Չնայած արդյունաբերության բարձր աճին՝ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները կրճատվել են։ Կառավարությունը չկարողացավ լուծել Իրանի հետ էներգետիկ համագործակցության շրջանակներում ի հայտ եկած խնդիրները։ Նվազել են ներմուծվող գազի դիմաց Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները, ինչն էլ հանգեցրել է արտադրության կրճատման։
Երկար տատանումներից հետո արդյունաբերության աճը կանգ առավ 9 տոկոսի վրա։
Արդյունաբերության աճը խորացավ հատկապես այն բանից հետո, երբ վերսկսվեց ակտիվանալ հանքարդյունաբերությունը։ Դա արտահայտվեց՝ ինչպես ոլորտում գործող ընկերությունների արտադրության ծավալների ավելացմամբ, այնպես էլ՝ Թեղուտի հանքի վերագործարկմամբ։ Մի շարք բնապահպանական ու տեխնիկական խնդիրների պատճառով՝ Թեղուտը դադարել էր գործել դեռևս իշխանափոխությունից առաջ։ Այն վերսկսեց աշխատել անցած տարի և շատ արագ իր ազդեցությունը թողեց թե՛ հանքարդյունաբերության, և թե՛ արդյունաբերության ընդհանուր ցուցանիշների վրա։
Եթե տարեսկզբին հանքարդյունաբերությունն անկումային էր, ապա տարվա կեսին սկսեց աճի միտումներ դրսևորվել։ Արդեն տարվա վերջին աճը հասավ գրեթե 25 տոկոսի։
Նիկոլ Փաշինյանի խոստացած շինարարության բումն այդպես էլ անցած տարի տեղ չհասավ։ Վիճակագրական կոմիտեն տնտեսության այդ ճյուղում ընդամենը 4,6 տոկոս աճ է գրանցել։ Նույնիսկ «աննախադեպ» ճանապարհաշինությունը չփրկեց իրավիճակը։ Տարվա երկրորդ կեսին նկատվեց բնակչության կողմից իրականացվող շինարարության աճի տեմպի դանդաղում։
Հայաստանի տնտեսության աճի առանցքը եղել է ծառայությունները։ Թեև պակաս ակտիվ դերակատարություն չի ունեցել առևտուրը։ Ծառայությունների շրջանառությունն ավելացել է՝ 15, առևտրինը՝ 8,9 տոկոսով։
Ծառայությունների աճի մեջ մեծ է խաղային բիզնեսի, առևտրում՝ թաքնված շրջանառությունների բացահայտման դերը։ Իրական սպառման աճ, եթե նույնիսկ կա, շատ փոքր է։
Արտաքին առևտուրը ևս ավելացել է։ Բայց ներմուծումը շարունակել է ավելի բարձր աճ ապահովել։ Իսկ դա ոչ մի կերպ չի բխում տնտեսության շահերից։ Վերսկսվել է արտաքին առևտրի բացասական հաշվեկշռի խորացումը, ինչը մինչհեղափոխական Հայաստանում բարելավման նշաններ էր ցույց տալիս՝ ներմուծման նկատմամբ արտահանման առաջանցիկ աճի շնորհիվ։
Արտաքին շուկաներ մատակարարումները Հայաստանից անցած տարի ավելացել են 9,4 տոկոսով։ Ներմուծման աճն ավելի բարձր է՝ 10,8 տոկոս։
Արտահանումը կազմել է 2 մլրդ 640 մլն դոլար, ներմուծումը՝ 5 մլրդ 514 մլն դոլար։ Ներմուծումը 2 մլրդ 874 մլն դոլարով կամ գրեթե 2,1 անգամ գերազանցել է արտահանմանը։
Մինչհեղափոխական Հայաստանում արտահանման և ներմուծման տարբերությունը կրճատվել էր մինչև 1,8 անգամի։ Նոր Հայաստանում այն վերսկսել է հետընթաց արձանագրել։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը խորացել է 0,3 տոկոսային կետով, ինչն ամենևին էլ տնտեսության հատկապես իրական հատվածի ակտիվ զարգացումների մասին չի խոսում։
Այնուհանդերձ, անցած տարվա տարեկան արդյունքներով՝ ունենք պաշտոնապես արձանագրված տնտեսական ակտիվության 7,8 տոկոսանոց ցուցանիշ։ Ճիշտ է, այն դեռ տնտեսական աճ չէ, բայց ենթադրվում է, որ տնտեսական աճը կլինի դրա շրջանակներում։ Այդ մասին մեկ անգամ չէ, որ վարչապետը հայտարարել է։ Մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է։ Եթե չեք մոռացել, նախկինում մեկ անգամ արդեն տարվա առաջին կեսի տնտեսական աճի ցուցանիշները վերանայվել են, բնականաբար, բարձրացման ուղղությամբ։
Թե անցած տարի Հայաստանում արձանագրված տնտեսական այս զարգացումներն ինչպիսի՞ ուղղակի ազդեցություն են ունեցել հասարակության եկամուտների վրա, կարելի է դատել միջին աշխատավարձի ոլորտում տեղի ունեցած փոփոխություններով։ Տնտեսական 7,8 տոկոս ակտիվության պայմաններում, անցած տարի միջին աշխատավարձը Հայաստանում ավելացել է ընդամենը 5,8 տոկոսով։ Այն էլ՝ հիմնականում պետական հատվածի հաշվին, որն ամբողջ տարվա ընթացքում նստած էր պարգևավճարների վրա։
Պետական հատվածում միջին աշխատավարձի աճը կազմել է 8,4 տոկոս։ Այնինչ, տնտեսության մեջ կամ մասնավոր հատվածում եղել է հազիվ 3,8 տոկոս»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը