«Հրապարակ»-ը գրում է․ «Մինչ ոմանք հպարտանում են «Թրանսփարենսի ինթերնեշնլի» վերջին զեկույցի թվերով եւ հայտարարում, որ Հայաստանը 2019 թվականին 2018-ի համեմատ 7 կետով բարելավել է իր՝ կոռուպցիայի ընկալման ցուցանիշը, 180 երկրների շարքում զբաղեցնելով 77-րդ տեղը, կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ մեր իշխանությունները «վերացնում» են քաղաքական հակառակորդներին եւ բացահայտ տեռոր իրականացնում Սահմանադրական դատարանի ու նրա նախագահի նկատմամբ։ Երեկ արդեն իրավապահները մտել էին Հրայր Թովմասյանի տուն՝ խուզարկության։
Եթե մի շարքում ենք դիտարկում այն բոլոր գործողությունները, որոնք վերջին ամիսներին իրականացվել են ՍԴ նախագահի ու նրա մերձավորների նկատմամբ՝ խուզարկություններ, հարցաքննություններ, մեղադրանքների առաջադրում, կալանք սանիկների նկատմամբ, ապա ակնհայտ է դառնում, որ սա քաղաքական հետապնդումների շարք է, ինչի մասին կարծիք են հայտնել Վենետիկի հանձնաժողովի նախագահը, տարբեր միջազգային ու տեղական կառույցներ, անձինք։ Իսկ երեկ այդ մասին խոսեց նաեւ 2018-ի հեղափոխությունը ողջունած հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն, ում հետ Նիկոլ Փաշինյանը մեծ հույսեր էր կապում ժամանակին եւ սպասում էր, որ կժամանի Հայաստան ու կաջակցի տնտեսական ռեֆորմներին։
Հեղինակավոր տնտեսագետն «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում պարզ ասել էր, որ «կոռուպցիայի դեմ պայքարը չի կարելի վերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի», դա բացասաբար է ազդում հենց պետական կառավարման համակարգի ու կոռուպցիայի դեմ պայքարի վրա: Սակայն մեր իշխանությունը, որը շատ հեշտ նահանջում է տարբեր հարցերում, այս հարցում շատ «հաստատակամ» է՝ Սահմանադրական դատարանը «վերցնելը» նրա համար դարձել է գերնպատակ, որին հասնելու համար միջոցների մեջ խտրականություն չի դրվում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը