22 01 2020

ՍԴ նախագահին վերագրվող գույքի սեփականատերը ժամանել է ՀՀ՝ հարցաքննվելու․Հրապարակ

ՍԴ նախագահին վերագրվող գույքի սեփականատերը ժամանել է ՀՀ՝ հարցաքննվելու․Հրապարակ

«Հրապարակ»-ը գրում է․ Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար Ռուբիկ Ղազարյանը, ով Հրայր Թովմասյանի կնոջ քրոջ ամուսինն է, եւ ում պատկանում է հայտնի նոտարական գրասենյակը, արդեն Հայաստանում է։ 

Նա դեկտեմբերի 28-ին հարցազրույց էր տվել մեզ եւ ասել, որ պատրաստվում է գալ Հայաստան, պատասխանել նախաքննության մարմնի հարցերին եւ ներկայացնել, թե ինչ պայմաններում է 2009 թվականին ձեռք բերել այն գույքը, որը վերագրվում է Հրայր Թովմասյանին, եւ որի պատճառով վերջինիս պաշտոնի չարաշահման մեղադրանք է առաջադրվել։ 

Մենք երեկ զրուցեցինք Ղազարյանի փաստաբան Հայկ Քոչինյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ ինքը հունվարի 9-ին քննիչի հետ հեռախոսազրույց է ունեցել՝ տեղեկացնելով, որ հունվարի 20-ին Ղազարյանը լինելու է Հայաստանում, ներկայանալու է վարույթն իրականացնող մարմնին․ «Ես երեկ եմ նաեւ խոսել քննիչի հետ, խնդրեցի՝ հարցաքննությունը կազմակերպել կա՛մ այսօր՝ օրվա երկրորդ կեսին, կա՛մ վաղն առավոտյան՝ հաշվի առնելով, որ պարոն Ղազարյանը պետք է գնա, անհետաձգելի գործեր ունի։ Քննիչի հետ ձեռք եմ բերել փոխադարձ պայմանավորվածություն, բայց դեռեւս չի զանգահարել, քննիչին ենք սպասում»։

- Նախաձեռնությունը ձերն է՝ հարցաքննվելու, իրավապահ մարմիններին ի՞նչ պարզաբանումներ եք ներկայացնելու։

- Բնականաբար, նախաձեռնությունը պետք է լիներ մեր կողմից, որովհետեւ հրապարակվել էր հաղորդագրություն, որում արծարծված փաստական հանգամանքներն իրականության հետ աղերս չունեին։ Դրա համար պարոն Ղազարյանը, վրդովված, հազարավոր կիլոմետրեր է կտրել, որպեսզի գա եւ ներկայացնի այդ պարզաբանումները, համապատասխան հիմքեր, տեղեկություններ, որ այդ վիճարկված գույքը, շահարկվող գույքն իրեն է պատկանում սեփականության իրավունքով, եւ Հրայր Թովմասյանը դրա հետ առնչություն չունի։ Այդ պատճառով էլ նախաձեռնությունը հենց Ռուբիկ Ղազարյանինն է։ Այնուհանդերձ, ես գտնում եմ, որ շահագրգիռ կողմը պետք է վարույթն իրականացնող մարմինը լինի՝ կապված այս գործի լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննության հետ։ Պարոն Ղազարյանը պատրաստ է ներկայացնել այն բոլոր տեղեկությունները, որոնք իր ձեռքի տակ կան։

- Այսինքն՝ մինչ այս պահը որեւէ կերպ նա ներգրավված չի՞ եղել քրգործով։

- Ոչ, պարոն Ղազարյանն ընդամենը 2 օր առաջ է Հայաստան եկել, եւ գալուց անմիջապես հետո հետեւել է իմ զանգը՝ վարույթն իրականացնող մարմնին։ Ես խնդրել եմ, որ հնարավորինս արագ կազմակերպենք պարոն Ղազարյանի հարցաքննությունը։

- Իրավապահ մարմինները չե՞ն էլ փորձել կապվել Ռ․ Ղազարյանի հետ, բացատրություն ստանալ նրանից։

- Չեմ կարող ասել, այս պահին այսքանով կսահմանափակվեմ, լիահույս եմ, որ տեղի կունենա հարցաքննությունը, եթե որոշակի խնդիրներ չլինեն՝ սուբյեկտիվ դրսեւորմամբ։ Ամեն դեպքում, ես կարող եմ վստահեցնել, որ գործի կդնենք օրենսդրությամբ առկա բոլոր իրավական կառուցակարգերը՝ պարոն Ղազարյանի հարցաքննությունը կազմակերպելու համար։ Իրեն հայտնի ամբողջ տեղեկատվությունը, թեկուզ նոտարական կարգով, մենք կփորձենք գրավոր եղանակով ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։

- Իսկ տարածքի միակ սեփականատերը նա՞ է։

- Եթե չեմ սխալվում, միակ սեփականատերն է։

- Չէ՞ր կարող Թովմասյանը տարածքը գրանցել նրա անունով։

- Ձեր հարցերն արդեն անմիջականորեն վերաբերում են քրեական գործի հանգամանքներին, որոնց ես չեմ տիրապետում։

- Ռուբիկ Ղազարյանը հերքո՞ւմ է, որ այդ տարածքը կարող է Թովմասյանը գրանցած լինել իր անունով։

- Ես պետք է զերծ մնամ այդ հարցին պատասխանելուց՝ հաշվի առնելով պարոն Ղազարյանի վրդովմունքը տարածված տեղեկությունների վերաբերյալ։ Մեկնաբանությունը թողնում եմ Ձեզ։ Հավելյալ տեղեկությունների չեմ տիրապետում։

- Բացառո՞ւմ եք, որ մեղադրանք առաջադրվի Ղազարյանին։

- Մեղադրանք՝ ինչի՞ համար։ Սեփականատերն իրավունք ունի ազատորեն տնօրինել իր գույքը, ի՞նչ ապօրինության մասին է խոսքը։

Հիշեցնենք․ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ): Խոսքը նույն քրեական գործի մասին է, որով մեղադրանք է առաջադրվել  Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ