«Հայկական ժամանակ»-ը գրում է․ «ՀՀ Առողջապահության նախարարությունը հունվարի 22-ին կանցկացնի ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ։
Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը նշել է, որ մրցույթին մասնակցելու համար դիմում է ներկայացրել 7 թեկնածու: Նախարարությունից, սակայն, հրաժարվեցին հայտնել թեկնածուների անունները:
Մեր տեղեկություններով, թեկնածուներից մեկը նշված փորձագիտական կենտրոնի որակի հսկման լաբորատորիայի տնօրեն, դեղագետ Աղավնի Գինոսյանը, մյուս թեկնածուն դեղագետ Վիլեն Գաբրիելյանն է, որը սոցիալական ցանցերում հայտնի է «Նավակ ճոճողը» անունով:
Ինչպես տեղեկացրին ԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, մրցույթը կանցկացվի երեք փուլով: Հավակնորդները նախ կմասնակցեն գրավոր թեստի փուլին: Առաջադրանքները կատարելուց հետո՝ կանցնեն հարցազրույցի փուլը: 2-րդ փուլը հաղթահարած անձինք բանավոր կներկայացնեն կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը:
ՀՀ առողջապահության նախարարությունը Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարել էր 2019 թվականի նոյեմբերի 8-ից: Նախկին տնօրեն Լեւոն Մելիքյանն այդ պաշտոնում մեկ տարի էլ չէր աշխատել: Նախարարի հրամանով նա նշանակվել էր 2019 թվականի մայիսի 6-ին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը